Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ կուսակցություն չի կարող սրան խառնվել». դիմորդի ծնողը հերքում է ԿԳՄՍ նախարարի ասածը

Հուլիս 28,2020 13:09

«Եթե որեւէ ոլորտի ղեկավար իր հայացքներում եւ որոշումներում վստահ է եւ ճիշտ է, երբեք շահարկումների հետեւից չի գնա»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Պահանջատեր դիմորդ» շարժման անդամ, դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը՝ անդրադառնալով երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հեռուստատեսային հարցազրույցում հնչեցրած համոզմունքին, որ դիմորդների բողոքի ցույցն արդեն քաղաքական աստառ է ստանում, եւ որ դրա հետեւում կանգնած են որոշ նախկին քաղաքական ուժեր:

Նշենք, որ բուհական ընդունելության քննություններին մասնակցած եւ առաջին հայտով նախընտրելի ֆակուլտետ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր եւս ցույց են անում ԿԳՄՍ նախարարության դիմաց:

«Չեք տեսնո՞ւմ, որ ամեն անգամ հերքում եմ քաղաքական ուղղվածությունը»,-լրագրողներին հարցադրում հղեց Մասիս Բաբալյանը, ապա շարունակեց.-«մեր պահանջը մեկն է՝ մեր երեխաների սովորելու իրավունքը, որը ոտնահարված է: Ոչ մի քաղաքական շարժառիթ չկա: Որեւէ կուսակցություն չի կարող սրան խառնվել եւ քաղաքական ուղղվածություն տալ»:

Բաբալյանը հիշեցրեց, որ երեկ իրենք երկու անգամ պահանջեցին նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում, ընդ որում՝ ԶԼՄ-ների ներկայությամբ. «Նա չուզեց, որովհետեւ չէր կարող հիմնավորել այն, ինչ ասում է իր «լայվերի» ժամանակ:

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի պնդմանը, որ առաջին հայտով չընդունվածներն արդեն թափուր տեղերի համար են դիմել, Բաբալյանը պարզաբանեց՝ դիմորդները ճարահատյալ են այդպես վարվել, որպեսզի որեւէ բուհ ընդունվեն. «Նախարարն ասաց, թե «այդ գլխարկով ակտիվիստն այս աղմուկն օգտագործում է, որ իր որդին ընդունվի առաջին հայտով»…Մենք շատ լավ գիտենք, որ առաջին հայտով չենք ընդունվել, պայքարում ենք նրա համար, որ երկրորդ հայտով ընդունվենք, ոչ թե վերջին»:

Հիշեցնենք, որ ընդունելության նոր կարգի համաձայն՝ առաջնահերթությունը դիմորդի լրացրած առաջին հայտինն է: «Եթե առաջին հայտի մեկ մասնագիտությունն էին միայն ընդունելու, թող մյուս հայտերը հանեին, իմաստը ո՞րն է»,-հարցադրում արեց Բաբալյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031