Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը որևէ մեկին պառակտելու անհրաժեշտություն չունի, քանի որ առանց իշխանության էլ` ով պառակտվելու է, պառակտվում է». Սիսակ Գաբրիելյանը՝ ԲՀԿ-ն պառակտելու մասին

Հուլիս 28,2020 12:21

«Ես չգիտեմ՝ ԲՀԿ-ն ինչ է հայտարարել, ով է իրենց պառակտում: Եթե ԲՀԿ-ն է նման բան հայտարարել՝ գուցե իրենց մոտ տեղյակ լինեն»,- «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսպես պատասխանեց հարցին՝ արդյոք իշխանության «մատը խա՞ռն է» ԲՀԿ-ի պառակտման հարցում, քանի որ հայտարարություններ են հնչում, թե որոշ ուժեր ցանկանում են ԲՀԿ-ն պառակտել:

«Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Իշխանությունը որևէ մեկին պառակտելու անհրաժեշտություն չունի, քանի որ առանց իշխանության էլ՝ ով պառակտվելու է, պառակտվում է: Ժամանակի ընթացքում իրենք իրենց պառակտում են առանց որևէ իշխանության միջամտության»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իր համար անակնկա՞լ էր այն, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին, քանի որ մինչ այդ այլ անուններ էին քննարկվում՝ Գագիկ Ջհանգիրյան, Արտակ Զեյնալյան, Կարեն Անդրեասյան: Այս առիթով Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ նորության տեսանկյունից անակնկալ էր, քանի որ առաջադրող սուբյեկտը կառավարությունն է, և բնականաբար, կառավարությունից են տեղեկացել թեկնածուի մասին: Պատգամավորը չցանկացավ այս թեկնածության հետ կապված մանրամասն գնահատականներ տալ, միայն նշեց. «Մասնագիտական գնահատականներ չտամ, քանի որ նաև իմ դասախոսն է նա եղել: Իրեն ճանաչում եմ, շատ լավ մասնագետ է, մնացածն արդեն ԱԺ-ի ոչ միայն «Իմ քայլը» խմբակցության, այլև մյուս ուժերի քվեարկության արդյունքում պարզ կլինի: Առաջիկա օրերին իր հետ հանդիպում կունենանք, քանի որ չգրված կանոն է. ինքնավար մարմինների առաջադրված թեկնածուները որպես կանոն հանդիպում են խմբակցության հետ: Առաջիկա օրերին կհանդիպենք. որոշակիորեն մեր դիրքորոշումը գուցե այդ հանդիպումից հետո հասկանալի լինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Արմենպրեսի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031