Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլ չտալ, որ Թուրքիան Նախիջևանի կողմից փորձի անկայունություն հրահրել. «Փաստ»

Հուլիս 28,2020 12:13

Թերևս պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը օրերս լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, թե «Նախիջևանը Հայաստանի կողմից բռնազավթված է»։ Շատ վերլուծաբաններ կարծեցին, թե Էրդողանն ուղղակի շփոթել է և Արցախի փոխարեն Նախիջևան է ասել։

Հնարավոր է, որ Թուրքիայի նախագահը շփոթել է, բայց նա դրանով ակնարկել է այն, ինչ կա իրենց մտքում։ Մեծ հաշվով Թուրքիային ձեռնտու է, որ հայ-ադրբեջանական բախումները շարունակվեն ու ավելի մեծ մասշտաբ ստանան՝ ընդգրկելով նաև Նախիջևանի հատվածը, որի ժամանակ էլ թուրքական կողմը առիթը կօգտագործի հակամարտության մեջ ներգրավվելու համար ու դրանով հնարավորություն կստանա բարձրացնել այդ ինքնավար հանրապետության տարածքում ռազմաբազա տեղակայելու և մշտական զորք ունենալու հարցը։

Բայց այս հարցում Թուրքիայի շահերը բախվում են տարածաշրջանում մեծ ազդեցություն ունեցող երկու երկրների՝ Ռուսաստանի և Իրանի շահերի հետ։ Նախ՝ Ռուսաստանը, որը Հարավային Կովկասը համարում է իր շահերի տեսանկյունից գերակա գոտի, հակված է թույլ չտալ, որ Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում մեծանա իր ազդեցության հաշվին։

Իսկ Իրանի հետ սահմանակից Նախիջևանում թուրքական ներգրավվածության ավելացումը ոչ միայն փոխում է տարածաշրջանում հաստատված ուժերի հավասարակշռությունը, այլև մեծացնում է պանթուրքական վտանգը Իրանի համար, քանի որ այդ երկրում բազմամիլիոն թուրքախոս բնակչություն է ապրում, և Թուրքիան Նախիջևանից հետո կփորձի իր ազդեցությունը տարածել նաև այդ թուրքախոս շրջանների վրա։ Դրա համար էլ Իրանը հակակշռում է Թուրքիային և փորձում Նախիջևանում մեծացնել հենց իր ազդեցությունը։

Այնպես որ, հայկական կողմն այս իրավիճակում պետք է համագործակցի ռուսական և իրանական կողմերի հետ, որպեսզի թույլ չտա, որ Թուրքիան Նախիջևանի կողմից փորձի անկայունություն, բախումներ հրահրել ու փորձել դիվիդենտներ շահել իր համար այդ իրավիճակից։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031