Իտալական Բարի քաղաքի «Պուլիայի հայկական ասոցիացիայի» քարտուղար, «Հրանդ Նազարյանց» մշակութային կենտրոն հիմնադիր եւ ղեկավար Կարլո Կոպպոլլան գիրք է հրատարակել՝ Gli Armeni in Sicilia՝ «Հայերը Սիցիլիայում» վերնագրով: Aravot.am-ի հետ զրույցում գիտնականն ասաց, որ աշխատությունը երկլեզու է՝ հայերեն եւ իտալերեն: Կարլո Կոպպոլան նեոպոլիտանական ծագում ունի, ապրում եւ ստեղծագործում է Բարի քաղաքում, նա նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի ու երկար տարիներ զբաղվում է հայկական Սփյուռքի ուսումնասիրության հարցերով:
Կարլո Կոպպոլան տեղեկացրեց, որ իր գիրքը սկսվում է Սիցիլիայում հայերի ներկայությունից, հասնում մինչեւ բյուզանդական եւ արաբ-նորմանական տիրապետության տարիներ, ապա քսաներորդ դար: Կարլո Կոպպոլան նշեց, որ քսաներորդ դարի իտալացի որոշ գրողներ դարձել էին հայ դատի պաշտպաններ, նրանց թվում էր, օրինակ՝ պոետ Էնրիկո Կարդիլեն, որը եղբայրաբար հոգ էր տանում հայերի մասին: Գրքում անդրադարձ կա Հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների, կաթոլիկ հոգեւորական Մկրտիչ եպիսկոպոս Զոհրաբյանի մասին, որը թաղված է Պալերմոյում:
«Ես երդում եմ տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ամեն օր հիշել իմ երկրորդ հայրենիքը, հավատարիմ լինել նրա սուրբ արժեքներին, հարգել ՀՀ Սահմանադրությունը եւ հայկական օրենքները, ինչպես իտալականը: Այդպիսով ես պաշտպանում ու տարածում եմ հայկական մշակույթը, որովհետեւ հայկական արվեստը, մշակույթը եւ պատմությունը համարում եմ իմը, եւ դա իմ ընտրությունն է:
Իմ տիկինը՝ Թամարը, հայուհի է, երեւանցի, որդուս անունը Նիկոլա է, այն հիշեցնում է ՀՀ վարչապետի անունը, բայց միեւնույն ժամանակ իմ հոր անունն է: Իմ երկրորդ բալիկը կծնվի մի քանի ամսից, մենք նրան կկոչենք Արմեն, որպեսզի բոլորն իմանան, որ նա հայ է: Արմենը իմ կնոջ եղբոր անունն է, նաեւ ՀՀ նախագահի անունն է»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Կարլո Կոպպոլան:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ «Հայերը Սիցիլիայում» ուսումնասիրությունն իր առաջին երկլեզու գիրքն է, նաեւ ափսոսանք հայտնեց, որ առայժմ իր հայերենը վարժ չէ, թեեւ փորձում է արեւելահայերեն սովորել:
Մեր զրուցակիցը նշեց, որ Իտալիայում հեշտ է թարգմանիչ գտնել, որը կարող է իտալերենից արեւմտահայերեն թարգմանել, որովհետեւ Բարիի փոքրիկ հայկական համայնքում հայերը խոսում են արեւմտահայերենով, եւ դա, նրա խոսքերով, ցեղասպանությունից փրկված իրենց ծնողների ու պապերի լեզուն է: Կարլո Կոպպոլան ասում է՝ գիրքը հայերեն թարգմանելու նպատակն այն էր, որ հիշեցնի բոլորին, թե ինչ ստեղծագործ ժողովուրդ են հայերը: «Մենք հայերս զենքի ու պատերազմի զավակներ չենք, ինչպես մեր թշնամիները»,-ասում է Կարլո Կոպպոլան ու վկայակոչում Պարույր Սեւակի խոսքերը. «Եթե տիրել ենք, լոկ մեր ձիրքերով», մշակույթով ենք գրավել ամենքին:
Պրոֆեսոր Կոպպոլան հայտնեց նաեւ, որ գիրքը իտալերենից հայերեն է թարգմանել Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի դասախոս Արեւիկ Գրիգորյանը, գրքի առաջաբանը՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս Վահե Գեւորգյանինն է: Կարլո Կոպպոլան ցանկանում է իր գիրքը նվիրել բոլոր նրանց, ովքեր իր նման նպաստում են հայ-իտալական հարաբերությունների զարգացմանը:
Գիտնականը անդրադարձավ նաեւ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանին, որը նրա համոզմամբ, քրտնաջանորեն կատարում է իր առաքելություն, անգամ 24 ժամյա ռեժիմով աշխատում էր ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ բնակավայրերը թիրախավորելու օրերին, որպեսզի իրականությունը ճիշտ ներկայացնի աշխարհին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Կարլո Կոպպոլայի ֆեյսբուքյան էջից: