Լրահոս
Օրվա լրահոսը

«Անի համայնքի ղեկավարն ազատազրկման չի դատապարտվի, նա համաներմամբ ազատ է արձակվել». փաստաբան

Հուլիս 28,2020 11:32

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի պաշտպան, փաստաբան Արամայիս Հայրապետյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից երեկ իր վստահորդին 2 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտելու և 3 տարի շարունակ պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու որոշմանն, ասաց, որ սխալ տեղեկատվություն է մատուցվում։ Նրա վստահեցմամբ, Արտակ Գևորգյանն ազատազրկման չի դատապարտվելու, դա չի կիրառվելու, քանի որ նրա նկատմամբ համաներում է կիրառվել, այժմ բողոքարկելու են նրան պաշտոնազրկելու որոշումը։

Փաստաբան Արամայիս Հայրապետյանի լուսանկարը՝ Փաստաբանների պալատի կայքից

Փաստաբանն ասաց․ «Պաշտոնավարման արգելքը դեռ ուժի մեջ մտած չէ, այն ուժի մեջ կմտնի, եթե մենք չբողոքարկենք, իսկ մենք միանշանակ բողոքարկելու ենք։ Նման հիմքով դատավճիռ չեն կարող կայացնել, հետաքրքիրն այն է, որ նույն դատավորն այդ նույն հիմքով մի անգամ մերժել է դատախազի՝ Անի համայնքապետի ղեկավարին պաշտոնավարումից զրկելու որոշումը։

Չեն կարող համայնքապետի պաշտոնավարում դադարեցնել, նա ընտրված է ու «Ընտրական օրենսգիրք»-ը հստակ նշում է՝ որ դեպքերում չի կարող լինել համայնքապետ․ եթե դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար և ռեալ կրում է պատիժը, եթե զրկվել է ՀՀ քաղաքացիությունից, ճանաչվել է անգործունակ, և եթե վեց ամիս չի գալիս աշխատանքի: Ուրիշ հնարավորություն համայնքապետի պաշտոնից զրկվելու չկա։ Բանն այն է, որ նորից եմ կրկնում, նույն դատավորն է դատախազի որոշումը վերացրել: Թե հիմա ինչ փոխվեց վերջին ժամվա ընթացքում՝ անհասկանալի մնաց․ դատավճիռը պիտի հրապարակեին ժամը 11․30-ին, հրապարակեցին ժամը 13․00-ին։ Թե ինչ փոխվեց այդ 1,5 ժամվա ընթացքում, կպարզենք։

Փաստական հիմքը ևս աբսուրդ է, փորձագետը եկավ, ասաց՝ այն տվյալները, որոնք փաստացի կան գործի մեջ արտաժամյայի հետ կապված, եթե քննիչը ինձ հայտներ, ես լրիվ այլ եզրակացություն կտայի։Հաշվարկեցին մեկ միլիոն քանի հարյուր հազար դրամ համայնքապետը վարորդին պակաս է վճարել, ոչ թե ավել», -ասաց Արամայիս Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, պաշտոնեական դիրքն օգտագործելով, միասնական հանցավոր մտադրությամբ վատնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված ուրիշի՝ համայնքի խոշոր չափերի գույքը և անձնական այլ դրդումներով կատարել պաշտոնեական կեղծիք:

Ըստ մեղադրանքի՝ Գևորգյանը և համայնքապետարանի երկու աշխատակիցները վատնելու եղանակով հափշտակել են չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձ հաշվարկված և վճարված մոտ 650 հազար դրամ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031