Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան. Զինված ուժերի հաջողությունները որևէ կերպ չենք կարողանում ամրապնդել քաղաքական հիմնավորումներով, հայտարարություններով. «Փաստ»

Հուլիս 28,2020 11:43

Ընդհանուր առմամբ, փաստ է, որ կային շրջանակներ, այդ թվում՝ իշխանամերձ, որոնք փորձում էին սահմանային մարտերն օգտագործել ոչ միայն ինչ-որ ներքին քաղաքական խնդիրներ ձևավորելու, այլև դրանք լուծելու համար: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նա չի ցանկանում համեմատել համաճարակն ու սահմանային իրավիճակը, բայց, այնուամենայնիվ, նշում է, որ իրեն չի զարմացնում այն պատկերը, որ համազգային մարտահրավերների պարագայում մեզ մոտ ներքին քաղաքական կյանքը չի սառչում:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, արտաքին քաղաքականությանն ու հատկապես դիվանագիտական հարթության մեջ անհրաժեշտ քայլերին՝ նա շեշտեց, որ տավուշյան մարտերն այս առումներով ևս որոշակի թեստ էին:

«Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ անկախ նրանից, թե Հայաստանում ով է իշխանության, ՌԴ-ի համար Հայաստանը ռազմավարական նշանակության պետություն է, և այդ առումով Ռուսաստանը փորձում է կատարել իր դաշնակցային պարտավորությունները: Եվ այս տեսանկյունից լուրջ խնդիրներ չկային. մի կողմից՝ տեսանք, որ ՌԴ-ն սաստեց Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի կողմից հնչող սպառնալիքները՝ ասելով, որ Մինսկի խմբի անդամ երկիրը չպետք է միակողմանի դիրքորոշում հայտնի: Մյուս կողմից էլ տեսանք, որ ռուսները ռազմական մանևրներ սկսեցին մեր սահմանում: Մեծ հաշվով, ռուսները սկսեցին մկաններ ցույց տալ նախևառաջ Թուրքիային՝ ցույց տալով, թե այս տարածաշրջանում ով է ամենաշահագրգիռ աշխարհաքաղաքական կենտրոնը, որ Հարավային Կովկասը ռուսական հետաքրքրությունների գոտի է, և այդ առումով որևէ մեկին զիջելու ցանկություն չկա: Բացի այդ, ռուսները ցույց տվեցին, որ հայ-ռուսական միջպետական հարաբերություններն իրենց համար առաջնահերթություն են, և այդ տեսանկյունից Հայաստանը խնդիր չունի:

Այդուհանդերձ, ակնհայտ էր, որ ղեկավարության միջև միջանձնային հարաբերություններն ամենացածր մակարդակում են, ինչպիսին, գուցե, եղել են նաև մինչ այս: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գերատեսչությունների, կառույցների միջև հարաբերություններ գրեթե գոյություն չունեն:

Կարծում եմ՝ հիմնականում երկու գերատեսչության միջոցով են աշխատում, առաջինը ՊՆ-ն է, մյուսը՝ ԱԳՆ-ն, որի հետ Ռուսաստանը պարզապես չի կարող չաշխատել»,-հավելեց Վ. Հակոբյանը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, դիվանագիտական աշխատանքներին՝ քաղտեխնոլոգը նախ շեշտեց, որ տավուշյան գործողությունները ցույց տվեցին, որ ունենք մարտունակ և էֆեկտիվ բանակ, որը կարողանում է լուծել իր առջև դրված խնդիրները: «Բայց մենք նույն էֆեկտիվությունը չենք տեսնում քաղաքական ու արտաքին քաղաքական դաշտում: Խոսքը միայն ԱԳՆ-ի մասին չէ, խնդիրը նաև միջխորհրդարանական և այլ ուղղություններում է:

Հայաստանի արտաքին քաղաքական պատասխանատուները, ըստ էության, մինչ այս պահն էլ չկարողացան ճեղքել այն քաղաքական շրջափակումը, որը ստեղծվել է Հայաստանի շուրջ:

Թերևս, բացի Ռուսաստանից, մենք մեր դաշնակից երկրների կողմից աջակցման լուրջ հայտարարություններ չտեսանք: Լավագույն դեպքում հերթապահ, պարիտետային բնույթի հայտարարություններ են եղել՝ երկու երկրներին զսպվածության կոչերի տիրույթում:

Ընդհանուր առմամբ, մեր զինված ուժերի հաջողությունները որևէ կերպ չենք կարողանում ամրապնդել քաղաքական հիմնավորումներով, հայտարարություններով. այս առումով ռազմականի ու քաղաքականի միջև անհամաչափություն կա, ինչը պետության ղեկին կանգնած ուժի լուրջ բացթողումն է: Առհասարակ, չես կարող ներքին խնդիրներն ու գործընթացները պրոեկտել արտաքին քաղաքականության վրա: Չես կարող արտաքին գործընկերներին, օրինակ՝ ասել՝ «գիտեք, այն մարդը, որի հետ դուք նախկինում շփվում էիք, կոռուպցիոներ էր, դրա համար մենք ձեզ էլ ենք անվանում կոռուպցիոներ», իսկ հետո, երբ արդեն այդ գործընկերը պետք է, հիշել ու ասել՝ «մենք լավն ենք, ինչո՞ւ մեր մասին հայտարարություն չեք անում»:

Եվ մեզ մոտ, իսկապես, սև-սպիտակի բաժանելու միտումը արտաքին քաղաքականության պերսոնաժների վրա էլ է տարածվում»,-եզրափակեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նշվածի հետևանքներին արդեն իսկ ականատես ենք եղել:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031