Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բա մինչեւ էդ ինչո՞ւ Ավետիսյանի մասին, Մարտի 1-ի հետ կապված Ավետիսյանի որեւէ գործառույթի մասին չէին խոսում». «Հրապարակ»

Հուլիս 28,2020 11:13

Կառավարության ՍԴ դատավորի թեկնածուի՝ ԵՊՀ իրավաբանականի դասախոս, դոցենտ Վահրամ Ավետիսյանի առաջադրումը ծանր են տարել արտախորհրդարանական որոշ շրջանակներ, մասնավորապես՝ ՀԱԿ-ը եւ իր իրավաբանական «աստղաբույլը»՝ Վահե Գրիգորյանի, Տիգրան Եգորյանի եւ այլոց գլխավորությամբ։

Մի քանի օր է՝ իսկական հիստերիա են բարձրացրել․ հայտարարություններ են տարածում, ստորագրահավաք կազմակերպում, «ստատուսներ» գրում, թե ինչպես կարող է 2008-2016թթ․ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին դառնալ Փաշինյանի իշխանության Սահմանադրական դատարանի դատավոր։ Նրանց թվում է, թե ՍԴ-ի «հարցն իրենք են լուծել», իրենք էլ պետք է դատավոր նշանակեն։ Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների եւ զոհերի հարազատների անունից նրանք մի հայտարարություն տարածեցին, որտեղ իրենց վրդովմունքն են հայտնում Ավետիսյանի թեկնածության առիթով։ «Քննչական մարմինների եւ դատախազության այն ժամանակվա ղեկավարներ Անդրանիկ Միրզոյանի եւ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ «կարված» շինծու մեղադրանքները կալանքի որոշման եւ մեղադրական դատավճռի էին վերածվում տասնյակ դատավորների մուրճի հարվածով եւ ապա վերջնականապես հաստատվում վճռաբեկ դատարանի քրեական պալատում, որի նախագահն էր այսօր կառավարության կողմից հաստատված թեկնածուի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը»։

Ինքը՝ Դավիթ Ավետիսյանը, երեկ մեզ հետ զրույցում ասաց․ «Հա, գիտեմ, էդ հերյուրանքները կարդացել եմ, հիմա էլ անջատել եմ, որ ընդհանրապես չկարդամ։ Բայց ես, որպեսզի չազդեմ էդ գործընթացների վրա, հանդես կգամ ԱԺ որոշումից հետո»։

– Դուք ի՞նչ առնչություն եք ունեցել Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների ազատազրկման դատավճիռների հետ։

– Քրեական պալատը վճիռներ չի կայացնում, վճիռներ կայացնում է առաջին ատյանը, դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգում է վերաքննիչ ատյանը, իսկ վճռաբեկ դատարանն օրենքի միատեսակ կիրառության եւ իրավունքի զարգացման խնդիր է լուծում։ Դրա համար վճռաբեկ դատարանում ստացվում է տարեկան մոտ 3 հազար գործ, դրանցից ընտրվում է ընդամենը 50 գործ, եւ դրանցով կայացվում է նախադեպային որոշում։ Այդպիսի գործեր ընտրվել են նաեւ Մարտի 1-ի գործերից, էդ առումով էլ, ըստ էության, ինչ ասում են, դրանք հիմնազուրկ խոսակցություններ են եւ կապված են իմ տղայի առաջադրման հետ։

– Ձեր գնահատմամբ՝ ինչո՞վ է պայմանավորված այս ընդվզումը։

– Ես չեմ ուզում էդ հարցերին պատասխանել, էդ ինչ որ ասում են, բոլորը հեքիաթների ժանրից են։ Պարզապես կապված է իմ տղայի առաջադրման հետ։ Էդ 16 տարի ինչո՞ւ դրա մասին չէին խոսում, էդ ե՞րբ հիշեցին, երբ որ իմ տղային առաջադրեցի՞ն։ Բա մինչեւ էդ ինչո՞ւ Ավետիսյանի մասին, Մարտի 1-ի հետ կապված Ավետիսյանի որեւէ գործառույթի մասին չէին խոսում։ Եվ հետո՝ Եվրոպական դատարանի որեւէ որոշում չես գտնի, որտեղ մատնանշում լինի վճռաբեկ դատարանի մասին։ Ընդհակառակը, Եվրոպական դատարանի՝ հենց նաեւ Մարտի 1-ի վերաբերյալ գործերը հենվել են վճռաբեկ դատարանի կողմից ձեւավորված իրավական դիրքորոշումների վրա։ Դրանք հիմք են հանդիսացել, որ Եվրադատարանը համապատասխան որոշումներ կայացնի։ Հիմա գլխիվայր խեղաթյուրում են ամեն ինչ, ես դա իրենց խղճին եմ թողնում։ Բայց խոստանում եմ, որ ԱԺ-ում ընտրությունից հետո ես դրան շատ մանրամասն կանդրադառնամ, եւ նրանք, ովքեր որ էդպիսի, կարելի է ասել՝ էպոսի ժանրին վերաբերող բաներ են ստեղծել, էպոսագետի անուն կարող են ձեռք բերել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031