«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 14-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը փորձել է մուտք գործել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն եւ խուզարկություն իրականացնել, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել. ԱԱԾ աշխատակիցները անսպասելի կերպով բացահայտել են, որ ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները եւս գտնվում են Գագիկ Ծառուկյանի առանձնատանը` «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործով խուզարկության նպատակով։ Այդ գործի հետ առնչվում է Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Երկու իրավապահ մարմինները սկսել են խոսակցություն ունենալ Ծառուկյանի առանձնատանը, թե ինչպես է մեկը մյուսի գործողություններին խանգարում, եւ պետք մի ուժային կառույցը դուրս գա տարածքից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն ընդամենը Գագիկ Ծառուկյանի որդուն ծանուցում է տվել՝ հարցաքննության ներկայանալու, եւ հեռացել դեպքի վայրից, որից հետո էլ ԱԱԾ-ն անցել է իր գործողություններին: «Ժողովուրդ» օրաթերթն իր ունեցած տեղեկության շուրջ զրուցեց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ, որը հաստատեց տեղեկությունը՝ նշելով. «Իմ տեղեկություններով՝ նույն օրը նաեւ Քննչական կոմիտեն խուզարկության ընթացքում ծանուցագիր է բերել: Քննչական կոմիտեն մինչեւ հիմա խուզարկություն չի կատարել, այն ժամանակ՝ սկզբնական փուլում, կատարել է, բայց հիմա չի կատարել, քանի որ չկա դատարանի որոշում: Իմ կարծիքով՝ Քննչական կոմիտեն չի էլ իմացել, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է կատարելու, քանի որ խուզարկությունը գաղտնի գործողություն է, եւ չեմ էլ կարծում, որ դա այլ մարմին պետք է իմանար»: Ստացվում է՝ իրավապահ մարմինները միմյանցից տեղյակ չեն եղել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։