Երբ ես նախորդ հոդվածներիցս մեկում գրել էի, որ գործադիր իշխանությունը չպիտի որեւէ ձեւով արձագանքի դատական համակարգի որոշումներին, հիմնական արձագանքը հետեւյալն էր՝ «այո, այդպես պետք է լինի, բայց սկզբից այդ համակարգը պետք է հիմնովին փոխել»: Սակայն, եթե այն այսօր հիմնովին փոխվի ա՛յս իշխանության ցանկությամբ, ապա վաղը կկարվի հաջորդ իշխանության «հագով», իսկ դա նշանակում է, որ, ըստ էության, չի փոխվի: Ամեն ինչ հիմնահատակ քանդենք, նոր կառուցենք, որից հետո կյանքը հրաշալի կդառնա՝ դա է հեղափոխական առասպելի իմաստը: Վերջերս ձեռնարկվող կրթության հախուռն բարեփոխումների փորձերը դրա դրսեւորումներից մեկն են:
Մարդիկ միշտ առաջնորդվել եւ առաջնորդվում են առասպելներով՝ այն իմաստով, որ նրանք հավատում են ինչ-որ մի բանի, որը նրանց կենսաբանական էությունից վեր է: Իհարկե, նույն մարդիկ հաճախ ընդվզում են այդ պնդման դեմ եւ կրքոտ ձեւով փորձում են համոզել, որ իրենց հավատացածը առասպել չէ՝ դա հենց բուն իրականությունն է, եւ մեկ այլ բանի հավատալն առնվազն հիմարություն է, անհեթեթություն, իսկ հաճախ, ըստ նրանց՝ ուղղակի դավադրություն:
Բայց եկեք ընդունենք, որ ամեն մեկս ունենք մեր առասպելը եւ չվիրավորվենք այդ բառից: Պարզապես, դրանք տարբեր են լինում՝ նաեւ իրենց «երկարակեցության» առումով: Օրինակ, դարեր շարունակ մարդիկ հավատում են քրիստոնեության, իսլամի կամ բուդդիզմի առասպելներին, որովհետեւ ապացուցված է, որ դրանք նպաստում են մարդկանց համագործակցությունը: Իհարկե, բավականին հաճախ նաեւ՝ պատերազմներին, հավատաքննությանը, ահաբեկչությանը եւ այլ սարսափելի բաներին, բայց միեւնույն է՝ դրանք միավորում են իրար չճանաչող միլիոնավոր մարդկանց:
Մյուս կողմից՝ կան «կարճատեւ» միֆեր, որոնք 5-10 տարուց ավելի չեն ապրում, բայց ժամանակ առ ժամանակ այստեղ կամ այնտեղ նորից են ձեւավորվում: Դրանց թվում է, նաեւ հեղափոխական առասպելը: Վերջինիս հիմնական գաղափարը, ինչպես արդեն նշեցի, հետեւյալն է՝ «հիմա մենք կպատժենք, կոչնչացնենք, կվերացնենք արիստոկրատներին (բուրժույներին, կուլակներին, ՀՀԿ-ականներին), եւ դրանից հետո կսկսվի երջանիկ, ապահով եւ կուշտ կյանքը»: Այդ առասպելների կյանքը կարճ է, որովհետեւ ոչնչացումից եւ ջախջախումից հետո այդ ուրախ կյանքը չի սկսվում, եւ մարդիկ դրանում պատմական առումով շատ արագ համոզվում են: Իհարկե, կարելի է համոզվելուց հետո էլ որոշ ժամանակ «ոչնչացնելու մատերիալ» փնտրել, բայց դրա վերջը նույնպես վաղ թե ուշ գալիս է:
Կարդացեք նաև
Ամբողջ խնդիրն այն է, որ հեղափոխական առասպելը «կարճաժամկետ» է, իսկ կրթության ոլորտում ընդունվող որոշումների հետեւանքներն իրենց զգացնել կտան առնվազն տասնամյակների ընթացքում: Ոստի իմ առաջարկն է՝ այս վիճակում, երբ բնակչության մեծամասնությունն առայժմ գտնվում է «կարճաժամկետ» առասպելաբանության ազդեցության տակ, կրթությանը ձեռք չտալ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իննսունականների վերջերից սկսած կրթությունը «բարեփոխիչների» ուշադրությունից մի օր նույնիսկ չի կարողանում հանգստանալ։ Կրթությունը այն քիչ ոլորտներից էր, որ աշխատող վիճակում փոխանցվեց անկախ Հասաստանին։ Շատ լավ սովորում էինք հին համակարգով։ Շատերը դառնում էին հրաշալի մասնագետներ իրենց ոլորտներում։ Բայց ինչ-որ մարդիկ խրոնիկ կերպով ինչ-որ սարսափելի թերություններ էին տեսնում կրթության ոլորտում։ Եվ քսան տարի կպել են կրթությունից ու չեն պոկվում։ Պետական կառավարումը բարեփոխումների կարոտ է մնացել ու տխուր նախանձում է կրթությանը։