Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազին զգուշացնում են՝ եթե մոտ օրերս չդիմեց ԱԺ՝ Ալեն Սիմոնյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով, կգնան ինքնապաշտպանության

Հուլիս 28,2020 00:07

«Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանի եւ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով ՀՔԾ-ն Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրել։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ բռնության գործադրմամբ խուլիգանությունը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Այս առնչությամբ սոցցանցերում փաստաբանները, նախկին իշխանության ներկայացուցիչները, իրավաբանները քննարկում են ՀՔԾ-ի քայլը՝ հիշեցնելով, որ երկակի ստանդարտներ են կիրառում: Փաստաբան Արսեն Մկրտչյանը գրում է. «Արթուր Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը եւ միջադեպի մյուս մասնակցի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելը նշանակում է, որ վարույթն իրականացնող մարմնի գործողությունները չեն տեղավորվում ոչ միայն օրինականության չափորոշիչների մեջ, այլ նաև` ադեկվադության։ Մի դարձրեք երկրի քննչականներն իդիոտիզմի ծննդատուն, դա վիրավորական է այնտեղ առայժմ դեռ ստիպված աշխատող գրագետ թասիբով քննիչների համար»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի մեկնաբանությամբ՝ «Մի քանի օր առաջ, երբ կարդացի փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրառումն այն մասին, որ Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի փաստով ՀՔԾ-ում քննվող քրեական գործն առաջ չի գնում, մտածեցի, որ հետաքրքիր է էլի՝ ո՞նց են անելու, որ Ալեն Սիմոնյանը հանկարծ չնեղվի իրավապահներից, որ իր դեմ ոչինչ չլինի։ Կարծում էին՝ այդպես կամաց-կամաց, մի ապօրինությունը մյուսով կոծկելով, Ալենին կմաքրեն այդ գործից, կջրեն, կգնա։ Բայց ոչ։ Արի ու տես, որ ՀՔԾ-ն միանգամայն այլ ուղով է գնում և մեղադրանք առաջադրում ոչ թե հարձակվողին, այլ հարձակման ենթարկվածին։ Ինչի՞ մասին է սա խոսում։ Կարծում եմ՝ շատ պարզ է ամեն ինչ՝ իշխանությունն այլևս իրեն որևէ հանգամանքով՝ իրավական կլինի, քաղաքական թե բարոյական, սահմանափակված չի զգում։ Ինչ ուզում՝ անում են։ Իրենց ամենակարող են կարծում։ Իսկ գիտե՞ք, թե ինչու։ Որովհետև թույլ ենք տվել»:

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրում է. «Անկախ նրանից՝ ով ինչպիսի անձնական վերաբերմունք ունի Արթուր Դանիելյանի կամ Ալեն Սիմոնյանի հանդեպ առողջ տրամաբանությունը եւ իրավական սկզբունքները հուշում են, որ պետք է վերանալ անձերից ու դիտարկել միջադեպը։ Միջադեպը բոլորը հիշում են։ Հիմա մեղադրանք է առաջադրվել Ա. Դանիելյանին։ Աբսուրդ է, բայց եկեք

ՀՔԾ-ի մոտեցմամբ շարժվեք, իսկ այդ դեպքում՝

1.Արթուր Դանիելյանը ԿՐԿՆԵԼ է այն, ինչ նախորդ օրը հնչել է խորհրդարանում, ուրեմն խորհրդարանում հնչածին եւս պետք է տրվի գնահատական։ Եթե այս դեպքում 258-ի 2-րդ մաս է, ապա մյուս դեպքում 258-ի 1-ին մաս պետք է տեսնեք։ (խուլիգանություն)

2.Եթե արարքը, որը ակնհայտորեն անհարգալից վերաբերմունք չէր հասարակական կարգի հանդեպ( խուլիգանության դեպքում դա անհրաժեշտ է), այլ անհարգալից վերաբերմունք էր կոնկրետ անձի հանդեպ, արժանանում է քրեաիրավական գնահատականի, ապա հարվածողի արարքը եւ ՊԵՏՔ է արժանանա քրեաիրավական գնահատականի։ Հետեւաբար Ալեն Սիմոնյանին եւս պետք է մեղադրանք առաջադրվի»։

Իսկ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Ապրիլի 29-ին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և ընդդիմադիր գործիչ Արթուր Դանիելյանի միջև միջադեպի գրեթե բոլոր փաստերը հանրությանը քաջ հայտնի են։ Կողմերի ներկայացրած երկու «նարրատիվների» տարբերությունները աննշան են։ Փաստ է, որ առաջինը հարվածել է Ալենը, երկրորդը՝ Արթուրը։ Հետևաբար՝ չէր կարող Արթուրին մեղադրանք առաջադրվել, իսկ Ալենին՝ ոչ։ Չէր կարող՝ իրավական պետությունում։ Իսկ բռնատիրական պետությունում կարող է։ Այսօր Արթուրին մեղադրանք է առաջադրվել։ Սպասենք գլխավոր դատախազի միջնորդությանը Ազգային ժողով՝ Ալենի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը թույլատրելու հարցով։ Միջնորդություն, որը պետք է լիներ երեկ, մաքսիմում՝ այսօր։

Հ.Գ. Արթուրին առաջադրված մեղադրանքը՝ խուլիգանությունը, անհիմն է։ Արդեն 10 տարուց ավել է՝ անձնական դրդապատճառով միջադեպերը չեն կարող խուլիգանություն որակվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031