Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարը՝ դիմորդների ցույցի մասին. «Մասնակիցներից մեկը Ռոբերտ Քոչարյանին սատարողներից է»

Հուլիս 27,2020 23:03

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Հանրայինով խոսելով կրթության ոլորտի խնդիրներից եւ մասնավորապես բարձր գնահատականներով բուհեր չընդունված դիմորդների ցույցերից՝ կրկին մեղադրեց նախորդ իշխանություններին:

Նրա խոսքերով, նախկին իշխանությունները չեն ցանկացել աղմուկ հանած բարեփոխումն իրականացնել, ինչը ստեղծում է երկու-երեք էլիտար մասնագիտություն, եւ սպասարկող մասնագիտություններ, եւ դիմորդը մտածում է, որ եթե այդ երեք մասնագիտություններով դիմելիս, չընդունվի, միեւնույն է՝ մնացած մասնագիտություններով հաստատ անցնելու է: Նախարարը նշեց, որ այդ ամենի հանրագումարում ստեղծվում էր մի իրավիճակ, որ օրինակ, աստվածաբանական ֆակուլտետ էին ընդունվում եւ ավարտում մարդիկ, որոնք ի սկզբանե իրավաբանական էին ցանկացել ընդունվել:

Նա հիշեցրեց, որ շատ ավելի վաղ մարդիկ իրենց նախընտրած մասնագիտություններով դիմել ու անգամ երկրորդ, երրորդ տարին են ընդունվել, հետեւաբար այժմ իրենց մտցրած փոփոխությունը տեղին է, եւ մրցույթը կայանում է այն դիմորդների միջեւ, որոնք կոնկրետ մասնագիտության համար են դիմել: «Մենք կարծում ենք, որ սա կարեւոր բարեփոխում է… մենք մի շարք այլ բարեփոխումներ էլ ենք արել, որոնք բերում են կոռուպցիոն համակարգերի վերացմանը: Այդ փոփոխությունները ցավոտ են, բայց մենք պետք է իրականացնենք»,-շեշտեց Արայիկ Հարությունյանը:

Նրա համոզմամբ, իրենց իրականացրած փոփոխությունն առաջին հերթին բերում է որակ, եւ բացառելու է տեղաշարժերը ֆակուլտետների միջեւ, որոնք կային նախկին տարիներին. «Ես հիշում եմ, որ լցվում էին աստվածաբանական, հետո սկսվում էր ուսանողների մեծ տեղաշարժ»:

Արայիկ Հարությունյանը չընդունեց, որ փոփոխության մասին դիմորդները տեղյակ չեն եղել, ասաց, որ դրա մասին գրվել է մամուլում, հաղորդումներ են եղել, իսկ դիմորդները մինչեւ հայտը լրացնելը պետք է հաստատեին, որ կարդացել են. «Այսինքն՝ ստացվում է մենք ոչ ուզում ենք կարդալ, ոչ ուզում ենք լսել ու տեսնել, հետո էլ ասում են՝ իրազեկված չենք»:

Ինչ վերաբերում է ցուցարարներին, որ նախարարն ասաց, որ նախարարությունն իր լուծումներով հարթում էր իրավիճակը, շատերը հնարավորություն են ունեցել թափուր տեղերի համար մրցույթին մասնակցելու, ստեղծել են այնպիսի համակարգ, որ նրանք, որոնք նույնիսկ ոչ մի տեղ չեն ընդունվել, իրենց այդ գնահատականներով կարող են ընդունվել բուհերի հեռակա համակարգ: Արայիկ Հարությունյանը նշեց, որ ցույցի մասնակիցների մեջ ոչ բոլորն են դիմորդներ, դիմորդների ցույցը օգտագործվում է որոշ քաղաքական շրջանակների կողմից: Նախարարի խոսքերով, ցույցի մասնակիցներից մեկը Ռոբերտ Քոչարյանին սատարողներից է: «Ուզում եմ դիմորդների ուշադրությունը հրավիրել, որ չընկնեն հոսանքների մեջ»,-ասաց նախարարը՝ կոչ անելով չտրվել սադրանքների:

Ինչ վերաբերում է գրականության չափորոշիչների վերաբերյալ քննարկումներին, Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ այդ ամենում կեղծիք ու սուտ կա, ընդ որում, նրա խոսքերով, կեղծիքն ու սուտը հաճախ հնչում են հետազոտական եւ բուհական կենտրոններից:

Նա գրականագետ Դավիթ Գասպարյանին էլ անդրադարձավ, որը սուր քննադատություն էր հնչեցրել, ասաց, որ նրա ստեղծած գրականության դասագրքից եւս բացակայում է հայ բառը, իսկ նոր չափորոշիչների եւ ծրագրերի վրա այժմ ուսուցիչներ են աշխատում եւ մեծ մասնակցայնություն կա, մասնավորապես վերջին տասնհինգ օրերին շուրջ վեց հազար ուսուցչի եւ մասնակցի հետ քննարկումներ են ունեցել:

Նա կեղծ հայրենասիրություն որակեց իրենց ուղղված մեղադրանքները, քննադատեց պատմության դասագրքերի հեղինակներին, որոնք նախարարի խոսքով կեղծել են վերջին երեսուն տարիների պատմությունը. «Հայրենասիրության եւ հայրենիք մասին եզրույթները պետք է քիչ շահարկել, հայրենասիրությունը լավ քաղաքացի դաստիարակելն է»:

Նախարարը նաեւ սարսափելի որակեց այն լեզուն եւ ոճը, որով քննարկվում է ժամանակակից գրողներին դասագրքերում ներառելու թեման, ասաց, որ ժամանակին նույնկերպ «դանոսներ» են գրվել, ու Չարենցն ու Բակունցը գնդակահարվել են: Արայիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ հայկականության դեմ որեւէ դավադրություն չկա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031