Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապտակ սահմանադրականությանը». Արման Բաբաջանյան

Հուլիս 27,2020 22:22

Հարցազրույց՝ ՀՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության անդամ Արման Բաբաջանյանի հետ

Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել Վահրամ Ավետիսյանին, որը Վճռաբեկ քրեական դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է։ Ինչպե՞ս եք  վերաբերվում առաջադրված թեկնածուին. իրավաբանական, իրավապաշտպանական հանրությունում սա բավական մեծ հակազդեցություն է առաջացրել։

– Եթե մեկ բառով ձևակերպենք, ապա այդ առաջադրումն ուղղակի խայտառակություն է, ապտակ օրինականությանն ու իրավականությանը, սահմանադրականությանն ու արդարադատության երևույթին ընդհանրապես։ Վահրամ Ավետիսյանը որդին է Դավիթ Ավետիսյանի, որը հայտնի է որպես խիստ կոռումպացված, նախկին իշխանության կամակատար դատավոր։ Ավետիսյանին մեր հանրությունը հիշում է որպես Մարտի 1-ի գործերով մի քանի տասնյակ քաղբանտարկյալների, այդ թվում՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ վճիռները դակած դատավոր։

Եվ ընդհանրապես, հենց Դավիթ Ավետիսյանն է Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում համակարգել առանց բացառության բոլոր քրեական գործերով կայացված դատավճիռները, նա եղել է այսպես կոչված «զանգովի արդարադատության» թիվ մեկ կազմակերպիչն ու կատարողը։ Եվ նրա որդուն որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելը ուղղակի ծաղր է հասարակության, տասնամյակներ շարունակ անարդարությունների դեմ պայքարած քաղաքացիների նկատմամբ։ Ընդ որում, ամենևին տեղին չէ այս օրերին հնչող այն պարզունակ արդարացումը, թե «զավակները պատասխանատու չեն հայրերի արածների համար»։ Սա ամենևին այդ դեպքը չէ, ճիշտ հակառակը՝ Վահրամ Ավետիսյանն իր կարիերան կերտել է առավելապես այն բանի շնորհիվ, որ եղել է Դավիթ Ավետիսյանի որդին։ Հետևաբար` մենք գործ ունենք ուղղակի հանցավոր դատավորի ժառանգության, ժառանգականության հետ։

Իր թեկնածության շուրջ առաջացած այս աղմուկից հետո Վահրամ Ավետիսյանը տարածել է հայտարարություն, որով էլ ավելի է խորացրել իր անձի հանդեպ եղած անվստահությունը։ Այդ հայտարարության մեջ մենք չենք տեսնում հոր արարքների համար զղջման որևէ խոսք, որևէ ափսոսանք, ճիշտ հակառակը՝ մենք կարդում ենք հասարակությանը վերևից նայող մարդու խոսքեր, որը թքած ունի ինչպես հանրային կարծիքի վրա ընդհանրապես, այնպես էլ իր հոր մեղքով տառապած տասնյակ, հարյուրավոր քաղաքացիների ճակատագրերի վրա՝ մասնավորապես։ Հետևաբար, նման թեկնածուի առաջադրումն ուղղակի անթույլատրելի է։

Այս առաջադրմամբ ուղղակի ջուրն է լցվում այն տիտանական ջանքն ու աշխատանքը, որ բոլորս կատարել ենք Հայաստանում սահմանադրական արդարադատության ազատագրման, ՍԴ նախկին կազմի հեռացման համար։ Որովհետև այս թեկնածուն ոչնչով չի տարբերվում ՍԴ նախորդ կազմի ներկայացուցիչներից, նա նույնքան, իսկ իրականում՝ ավելի խոցելի է, քան Հրայր Թովմասյանը կամ ՍԴ նախորդ կազմի մյուս անդամները։ Միայն հոր տխրահռչակ հակաօրինական կենսագրությունը  լիուլի բավարար է Վահրամ Ավետիսյանին կառավարելի դարձնելու, նրան այս կամ այն նպատակին ծառայեցնելու համար։ Իսկ դա մեծագույն ռիսկ է Սահմանադրական դատարանի համար, ռիսկ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տեսանկյունից։ Եվ եթե իշխանությունն առաջնորդվել է այն մոտիվացիայով, որ նման հանգամանքները Ավետիսյանին կառավարելի կդարձնեն, դա նույնքան դատապարտելի է ու անթույլատրելի, որովհետև մենք նախորդ իշխանությանը ծառայող Սահմանադրական դատարանը չենք ազատագրել նրա համար, որպեսզի ունենանք այս իշխանությանը ծառայող ՍԴ։

Իսկ կարո՞ղ էր արդյոք վարչապետն ամբողջությամբ այդ ռիսկերի մասին տեղեկացված չլինել։

– Գիտեք, այս օրերին ես հանդիպել եմ կարծիքների, որ, այս թեկնածությունն առաջադրելով, վարչապետին արջի ծառայություն են մատուցել, բայց ես չեմ ընդունում դա որպես արդարացում։ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունը կարևորագույն խնդիր է, և վարչապետը չէր կարող այդ խնդրի լուծումը թողնել իր ենթականերին կամ օգնականներին։ Իսկ եթե դա այդպես է, ուրեմն շատ ավելի վատ. նշանակում է, որ երկրի ղեկավարի անմիջական շրջապատը կարողանում մանիպուլացնել նրան, ինչը շատ, չափազանց բացասական երևույթ է։ Ընդ որում, կոնկրետ Վահրամ Ավետիսյանի դեպքում նրան առաջադրողներն ու վարչապետի մոտ նրա լոբբինգով զբաղվածները շատ ավելի վտանգավոր են, քան ինքը՝ Ավետիսյանը։ Եվ այս բարձրացած աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է իր շրջապատը ամբողջությամբ մաքրի իրեն նման ծառայություններ մատուցողներից, այլապես ամբողջությամբ կիսում է այս խայտառակության պատասխանատվությունը։

Մենք սահմանադրական ճգնաժամը մեծագույն դժվարությամբ լուծել ենք երկրում իրապես սահմանադրական արդարադատություն հաստատելու, այս կարևորագույն ինստիտուտը տեղի ունեցած փոփոխություններին համապատասխանեցնելու համար։ Բայց դա հնարավոր չէ անել նման վարկաբեկված, խոցելի թեկնածու առաջադրելով։ Դա Սահմանադրական դատարանը կարող է դարձնել շատ ավելի վատը, քան այն, ինչ մենք ունեինք անցյալում։ Մեզ նոր հրայրթովմասյաններ պետք չեն, իսկ Վահրամ Ավետիսյանը իր տեսակով ու ծագումնաբանությամբ գուցե  ավելի արատավոր է, քան նույն Հրայր Թովմասյանը։

Ի՞նչ եք ծրագրում անել։ Ի՞նչ հանգուցալուծում կարող է կամ պետք է ունենա ստեղծված իրավիճակը։

– Անձամբ ես բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու եմ Վահրամ Ավետիսյանի ընտրության դեմ՝ վեր հանելով նրա ու նրա հոր վերաբերյալ բոլոր հայտնի ու դեռևս անհայտ փաստերը։ Մենք պետք է հասնենք նրան, որ այդ փաստերի ճնշման տակ Ավետիսյանն ինքը հետ կանչի իր թեկնածությունը, կամ դա անի կառավարությունը։ Հակառակ դեպքում նրա վարկաբեկվածությունն ապացուցող այնքան փաստեր են ջրի երես դուրս գալու, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ստիպված է լինելու դեմ քվեարկվել իրենց իսկ ձևավորած կառավարության առաջադրած թեկնածուին։ Դա հեղինակազրկելու է դատարանակազմության գործընթացը, բայց այլընտրանք մենք ուղղակի չունենք։ Ես անձամբ՝ որպես սահմանադրական ճգնաժամի հաղթահարման հարցում հետևողականորեն պայքարած պատգամավոր, անելու եմ առավելագույնը, որպեսզի Վահրամ Ավետիսյանը որևէ պարագայում չհայտնվի Սահմանադրական դատարանում։

«Առավոտ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031