Աշխարհում կորոնավիրուսի համավարակը նոր թափ է ստանում, վերջին վեց շաբաթվա ընթացքում հիվանդների թիվը կրկնապատկվել է՝ մոտենալով 16 միլիոնի, մահացածների թիվը գերազանցել է 640 հազարը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Ժնևում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյսուսը:
Նա նաև նշել է, որ COVID-19-ը փոխել է աշխարհը: «Շատ բան ենք սովորել և շարունակում ենք սովորել»,-հավելել է Գեբրեյսուսը:
ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ թեպետ աշխարհը փոխվել է, կորոնավիրուսի պայքարի համար անհրաժեշտ են այնպիսի առանցքային գործոններ, ինչպես օրինակ քաղաքական ղեկավարություն, հանրության իրազեկումը, մասնակցությունը համավարակի դեմ պայքարին, ինչպես նաև մարդկանց լսելու կարողությունը: Նա ասել է, որ ներկայիս համավարակն ամենալուրջ արտակարգ իրավիճակն է, որի մասին ԱՀԿ-ն հայտարարել է: ԱՀԿ ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ վարակի տարածման դեմ ամենակարևոր միջոցառումներից է հիվանդության դեպքերի բացահայտումը, հիվանդացածների մեկուսացումը, թեստավորումը և բուժումը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ