Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան խնդրի լուծման հեռանկարները գնալով ավելի են նմանվում ուրվականի. «Կոմերսանտ»-ի անդրադարձը՝ Մոսկվայում հայ-ադրբեջանական բախումներին

Հուլիս 27,2020 20:45

Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը տեղափոխվել է Ռուսաստան: Մոսկվայում և Մերձմոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ են տեղի ունենում, հարձակումներ՝ սրճարանների, ռեստորանների, խանութների վրա: Հայաստանի և Ադրբեջանի միջև հուլիսին տեղի ունեցած էսկալացիան ամենախոշորն էր 2016թ. «քառօրյա պատերազմից» հետո, նշում են փորձագետները: Թեմային անդրադարձել է «Կոմերսանտ» ռուսական պարբերականի սյունակագիր Միխայիլ Գուրևիչը, որը կողմերին առաջարկում է փոխել հռետորաբանությունը:

Հոդվածագրի խոսքով՝ Մոսկվայի բնակիչներին իրենց կամքից անկախ հենց իրենց տանը դարձել են տարածաշրջանի գլխավոր խնդրի մի մաս: «Ֆրանսիայում պաղեստինցիները կռվում են հրեաների հետ, Գերմանիայում՝ քրդերը թուրքերի, Մեծ Բրիտանիայում՝ հնդիկները պաղեստինցների: Եվ որքան երկար են հակամարտությունները մնում չկարգավորված, այնքան հակամարտող կողմերի մոտ աճում է ագրեսիան: Իրենց գործողություններով նրանք ցույց են տալիս ոչ միայն հայրենասիրություն և համերաշխություն, այլ նաև փորձում են իրենց կողմը գրավել հասարակական կարծիքն այն պետություններում, որոնցում ապաստան են ստացել: Այժմ Մոսկվայում տեղի է ունենում նույն բանը: Իրադարձությունները մեկնաբանող հայերը և ադրբեջանցիները դիմում են Կրեմլին՝ կոչ անելով ավելի ակտիվ դիրքորոշում զբաղեցնել տարածաշրջանում և վերջ դնել հակամարտությանը…

Ցավոք, տարեցտարի ղարաբաղյան խնդրի լուծման հեռանկարները գնալով ավելի են նմանվում ուրվականի: Իհարկե, հեշտ է դրանում մեղադրել Մոսկվային, Անկարային և նույնիսկ Վաշինգտոնին, բայց նման դեպքերում սովորաբար խաղաղության հիմնական խոչընդոտողը գտնվում է ոչ թե երրորդ երկրում, այլ հենց Երևանում և Բաքվում»,-ասվում է հոդվածում:

Գուրևիչը կարծում է, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում ազգային դիսկուրսը հիմնված է դիմակայության վրա. երեխաներին վաղ տարիքից մատնանշում են թշնամի հարևանին, նրանք մեծանում են այս գիտակցությամբ, դառնում են ծնողներ, ուսուցիչներ, քաղաքական գործիչներ: Նրա խոսքով՝ ատելության այս անվերջանալի քարոզչությունը հանգեցնում է նրան, որ նույնիսկ իշխանափոխությունը թույլ չի տալիս ելք գտնել իրավիճակից:

«Ինչպես տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի օրինակից, նոր առաջնորդները կարող են տարբեր տեսակետներ ունենալ տնտեսության կամ սոցիալական քաղաքականության վերաբերյալ, բայց գլխավոր հարցում նրանք միասնական են: Հակամարտության լուծման փորձը կարող է զրկել նրանց կարիերայից, երբեմն նույնիսկ՝ կյանքից: Փոխարենը ռազմատենչ հայտարարությունները թույլ են տալիս հեշտությամբ լուծել ներքին խնդիրներ՝ լինի դա կորոնավիրուս, թե նավթի գնի անկում: Այնպես որ ծնունդով Անդրկովկասից մոսկվացինեըր լավ կանեն ոչ թե հարաբերություններ պարզեն միմյանց հետ, այլ միասին իրենց երկրների առաջնորդներից պահանջեն դադարեցնել իրենց քաղաքացիներին կերակրել ռազմատենչ չարությամբ և սկսեն մաքսիմալ ուղիղ երկխոսություն»,-գրում է հոդվածագիրը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031