«Ես վստահ չեմ, որ առաջարկը հենց մերժվել է, որովհետեւ ես մասնակցել եմ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ առ այսօր եղած բոլոր նիստերին՝ սկզբից մինչեւ վերջ, եւ ես չեմ հիշում, որ ԲՀԿ-ի որեւիցե առաջարկ քննարկած լինենք: Ավելին, ԲՀԿ ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանը միայն մասնակցել է ամենաառաջին նիստին, այն էլ մինչեւ վերջ չի մնացել, կեսից թողել՝ գնացել է, ասել է, որ գործեր ունեն եւ գնացել է: Հիմա, թող Պետրոսյան Գեւորգը գա եւ իրենց առաջարկը ներկայացնի, քննարկենք, տեսնենք, թե ի՞նչ է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:
Հիշեցնենք, հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանն օրերս հայտարարել էր, որ ԲՀԿ-ի անունից առաջարկ է ներկայացրել՝ Սահմանադրության մեջ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հատուկ կարգավիճակն ամրագրելու վերաբերյալ, որը չի ընդունվել հանձնաժողովի կողմից: «Դրանից հետո իրենք ավելի են թիրախավորում հայ ավանդական ընտանիքը, եկեղեցին, իսկ նման դեպքում այդ հանձնաժողովում մասնակցության անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասել էր Գեւորգ Պետրոսյանը։
Դանիել Իոաննիսյանը վստահեցնում է՝ ամեն ինչ էլ դեռ քննարկելի է եւ չի եղել ԲՀԿ-ի որեւէ առաջարկի հետ կապված քվեարկություն, որի արդյունքում հանձնաժողովը կորոշեր՝ ընդունել կամ մերժել. «Թող գան նիստերին մասնակցեն՝ իմանան ինչ է տեղի ունենում, գործընթացից ընդհանրապես բեխաբար հայտարարություններ են տարածում»:
Aravot.am-ին այսօր չհաջողվեց խոսել պարոն Պետրոսյանի հետ: Նա չարձագանքեց մեր զանգերին:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ կոնկրետ՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հատուկ կարգավիճակն ամրագրելու վերաբերյալ հանձնաժողովում որոշակի ձեւավորված մոտեցումներ կա՞ն: Դանիել Իոաննիսյանն ասաց, որ եկեղեցու հետ կապված հանձնաժողովը մի քննարկում է անցկացրել, որի ժամանակ հիմնականում քննարկվել է հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանի առաջարկը՝ Հայ առաքելական եկեղեցուն հանրային իրավաբանական անձի կարգավիճակ տալու մասին:
Թե դա ի՞նչ է նշանակում, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել. «Այդ մասով դեռեւս պատասխան չկա, այն պարզ պատճառով, որ հանրային իրավունքի իրավաբանական անձը, ինձ հայտնի սահմանադրական դոկտրիններից միայն Գերմանիայի Սահմանադրությունում կա եւ Հայաստանի Սահմանադրությունում, հանրային իրավունքի իրավաբանական անձ կհանդիպեք միայն տեղական ինքնակառավարման մարմինների մասով, որտեղ էլի հստակ չի բացված, թե դա ինչ է նշանակում: Ամեն դեպքում, խնդիրն այն է, որ գործող օրենսդրությամբ, Հայ առաքելական եկեղեցին, պարզապես կրոնական կազմակերպություն է եւ Հայ առաքելական եկեղեցու ունեցածը ընդամենը մի կրոնական կազմակերպության գույք է: Սա նշանակում է, որ Հայ առաքելական եկեղեցին, տեսականորեն, կարող է կազմալուծվել, կարող է որոշել՝ գույքը օտարել եւ այլն: Հիմա հարց՝ այն ամբողջ մշակութային ժառանգությունը, որը ունի Հայ առաքելական եկեղեցին, դրանք բոլորը մի կազմակերպության սեփականություն չեն կարող լինել, դրանք բոլորը համազգային արժեք են ներկայացնում եւ պետությունը պետք է մասնակցություն ունենա այդ մշակութային ժառանգության պահպանությանը, պետությունը պետք է վերահսկի այդ մշակութային ժառանգության տնօրինումը»:
Նկատեցինք, որ եկեղեցական ժառանգություն համարվող բազմաթիվ պատմամշակութային արժեքների պահպանման, տնօրինման գործում պետությունն այս ընթացքում մասնակցություն ունեցել է, հետեւաբար, դրա իրավական լուծումները կան: Դանիել Իոաննիսյանը չհամաձայնեց: Նա պնդեց, որ առանձին եկեղեցիների պարագայում է դա եղել, որոնք պատմամշակութային արժեք ունեն, բայց նման կարգավիճակ չունեն:
Մյուս խնդիրը, որը Դանիել Իոաննիսյանն է բարձրաձայնում, կրոնների հավասարության սկզբունքն է. «Մենք տեսնում ենք տարբեր ոլորտներում, երբ քաղաքացիներին պարտադրվում է Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ լինելը, օրինակ, դա հաճախ տեսնում ենք ԶՈՒ-ում, որտեղ կան այլ ազգության մարդիկ, օրինակ, եզդիներ, որոնք չեն ուզում լինել Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ ու որեւէ տրամաբանության մեջ դա չի տեղավորվում, բայց նույնիսկ իրենց պարտադրում են, որ Հայ առաքելական եկեղեցու կրոնական ծեսերն անեն»: Դանիել Իոաննիսյանը համամիտ չէ դիտարկման հետ, որ մինչեւ այժմ այլ ազգի ներկայացուցիչները հրաժարվել են այդ կանոնից եւ խնդիր չի առաջացել, այսինքն` համատարած նման խնդիր չկա: Նա վստահեցնում է, որ ինչ-որ տեղերում խնդիրներ առաջացել են եւ դրանք ամրագրված են իրավապաշտպան կառույցների զեկույցներում: Պնդում է. «Մարդիկ ստիպված ասում են՝ ավելի լավ է ես ձեւական էս աղոթքը ասեմ, բայց խնդիր չունենամ: Ես եզդի եմ ճանաչում, ինքը ընդհանրապես այլ կրոնի հետեւորդ է, բայց ինքը բանակում, ձեւի համար «Հայր մեր»-էր ասում, որպեսզի ոչ ոք իր վրա ծուռ չնայի»:
Հարցին՝ հանրային անհանգստությունները, որ իշխանությունները Հայ առաքելական եկեղեցու դեմ ոտնձգություններ են սկսում, ունե՞ն տեղիք, թե՞ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առանձին խնդիրներ կարգավորելու հարց է դրված, մեր զրուցակիցը պատասխանեց, որ չի կարծում, թե իշխանությունները եկեղեցու դեմ ինչ-որ ոտնձգություններ են սկսում: Հիշեցնում է՝ եկեղեցու դեմ ոտնձգություններ անում էին կոմունիստական իշխանությունները, երբ եկեղեցիները պահեստ էին դարձնում, պայթեցնում էին կամ նման բաներ էին անում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ