«Մեհրիբան Ալիևայի կոչը ողջ աշխարհի ադրբեջանցիներին` ագրեսիայի նոր տեսակ է», ասում է Դավիթ Շահնազարյանը
«Գոլոս Արմենի». ՀՀ ԱԱՊՎ նախկին պետ, արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի կոչը ողջ աշխարհի ադրբեջանցիներին՝ հայերի դեմ միավորված գործելու երրորդ երկրների տարածքում, ադրբեջանական ագրեսիայի նոր տեսակ է»:
23-րդ դիվիզիայի ղեկավարությանը ադրբեջանցիները պարկերով դոլարներ են վճարել…
Կարդացեք նաև
-Տարօրինակ էր Իլհամ Ալիևի բերանից լսել այն մասին, որ պետք է կռվել դեմ առ դեմ. չէ՞ որ դեռ անցած դարից ադրբեջանական բանակը կռվել է վարձկանների միջոցով։ Ես անձամբ եմ հանդիպել վարձկան օդաչուներ Բելյաչենկոյի և Չիստյակովի հետ Ստեփանակերտի հատուկ մեկուսարանում, նրանք ռմբակոծել էին քաղաքացիական օբյեկտները և խփվել Ղարաբաղի ՀՕՊ ուժերի կողմից…
-Ադրբեջանն օգտագործում էր ռուս և ուկրաինացի վարձկան օդաչուներին, որպեսզի նրանք ադրբեջանական ինքնաթիռներով ռմբակոծեին Ղարաբաղի քաղաքացիական օբյեկտները։ Հայկական մի հատուկ գործողության արդյունքում նման օդաչուներից մեկը, 1993թ.հունվարի 20-ին մարտական առաջադրանքի ելնելով Դալյարում գտնվող ադրբեջանական օդային ռազմակայանից, վայրէջք կատարեց Հայաստանում, այդպիսով մեզ փոխանցելով ադրբեջանական ՄԻԳ-25 RB կործանիչը։ Բնականաբար, պետք չէ այդ օդաչուին նույն շարքում դնել նրանց հետ, ում դուք տեսել եք հատուկ մեկուսարանում։ Ինչ վերաբերում է դեմ առ դեմ կռվելու մասին Ալիևի հայտարարությանը, ապա, անկեղծ ասած, ես սպասում էի, որ Հայաստանից համարժեք պատասխան կհնչի պետական մակարդակով։ Բայց, ինչպեսև հունիսի 26-ի հայտարարության պարագայում, երբ իշխանությունը լռեց, իսկ Ալիևին պատասխանեց երրորդ նախագահը, այսօր ստիպված եմ պատասխանել ես: Ալիևն իրեն թույլ տվեց մի հայտարարություն, որը ենթադրում էր, թե Ադրբեջանը, իբր, մենակ է եղել, իսկ Հայաստանն ունեցել է ուժեղ գործընկերներ, մինչդեռ իրականում ճիշտ հակառակն էր:
1988թ. վերջից, երբ արդեն ծնվեց Ղարաբաղյան շարժումն ու ընդունվեց ԼՂԻՄ խորհրդարանի օրինական որոշումը, դեռևս բավականին ուժեղ Խորհրդային Միության օրոք Ադրբեջանը ձեռնարկեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակումը։ Շարժման հենց սկզբից ողջ Քաղբյուրոն, ողջ խորհրդային վերնախավը Ադրբեջանի կողմից էին։ 1988թ. սեպտեմբերի 18-ին Ղարաբաղում պարետային ժամ մտցրեցին, նոյեմբերին պարետային ժամ մտցվեց նաև Հայաստանում։ Խորհրդային զորքերը Երևանում էին, բախումներ տեղի ունեցան քաղաքացիական բնակչության հետ։ Երբ պարզ դարձավ, որ ԽՍՀՄ ձևաչափում հնարավոր չէ լուծել Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորման հարցը, առաջին պլան մղվեց անկախության գաղափարը։ Խորհրդային ղեկավարությունն ու խորհրդային բանակը կողմնակից էին Ադրբեջանին։ 1991թվականին Խորհրդային բանակի կողմից հարձակման ենթարկվեցին և ավերվեցին Գետաշեն ու Մարտունաշեն գյուղերը, բռնի տեղահանվեցին Հադրութի, Շուշիի, Շահումյանի շրջանների 24 գյուղերի բնակիչներ։ Ադրբեջանցի զինվորականները, Խորհրդային բանակի ստորաբաժանումների հետ միասին, լիակատար էթնիկ զտումներ անցկացրեցին մի շարք շրջաններում։ Ուզում եմ հիշեցնել, թե ինչպես Ստեփանակերտի օդանավակայանում գնդակոծվեց ՅԱԿ-40 ուղևորատար ինքնաթիռը, կրակում էին «Գրադ»-ով՝ Աղդամից…
-Այդ ինքնաթիռում էր «Գոլոս»-ի լրագրող Էռնեստ Բաղիրյանցը, նա զոհվեց…
-Մինչև 1992-ի մայիս Ղարաբաղը լիակատար շրջափակման մեջ էր, իսկ ամռանը, երբ արդեն ցամաքային կապ կար Հայաստանի հետ, սկսվեց հակառակորդի, ավելի ճիշտ՝ Գյանջայում տեղակայված ռուսական 23-րդ դիվիզիայի լայնածավալ հարձակումը։ Դիվիզիայի վերնախավն ամբողջությամբ կոռումպացված էր, ավելի ուշ բուն Ադրբեջանում խոսում էին այն մասին, որ դիվիզիայի ղեկավարությանը ադրբեջանցիները պարկերով դոլարներ են վճարել։ Նախկին ԼՂԻՄ տարածքի 52%-ը օկուպացվեց 23-րդ դիվիզիայի կողմից։ Հենց որ դիվիզիան հեռացավ և դիրքերը զբաղեցրին ադրբեջանցիները, ԼՂ Պաշտպանության բանակը գյուղ առ գյուղ ազատագրեց 23-րդ դիվիզիայի գրաված բոլոր տարածքները։ Հակամարտության ամենասկզբում Ադրբեջանը կռվել է խորհրդային զինված ուժերի աջակցությամբ, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո 5,5 անգամ ավելի շատ սպառազինություն ստացել, քան Հայաստանը։
1992թ. ադրբեջանական բանակի կազմում հայտնվեցին Բասաևի ջոկատները
-Իսկ հետո եկավ աֆղանցի մոջահեդների՞ հերթը:
-Դա ավելի ուշ էր: 1992 թվականին ադրբեջանական բանակի կազմում հայտնվեցին չեչեն գրոհայինների ջոկատները՝ Շամիլ Բասաևի գլխավորությամբ։ Երբ Բասաևը իր գրոհայինների հետ հեռացավ Ղարաբաղից, հանդես եկավ հայտարարությամբ, որ ղարաբաղցիներն ամենաուժեղ մարտիկներն են, և որ ադրբեջանցիները նրանց չեն կարող հաղթել։ Իսկ արդեն 1993-94թթ. ադրբեջանական բանակը մեծ թվով աֆղան մոջահեդներ էր վարձել, որոնք դրա կազմում կռվեցին 1993թ. դեկտեմբերից մինչև 1994-ի ապրիլ: Դա ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակողական գործողությունների շրջանն էր, որն ավարտվեց բացարձակ ձախողմամբ:
Աֆղան վարձկանները ստանում էին ամսական 1600 դոլար. այն ժամանակ դա մեծ գումար էր։ Մոջահեդները լքեցին ադրբեջանական բանակն այն բանից հետո, երբ հայկական բանակը պարտադրեց հրադադար կնքել։ Դա ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ին: Խորհրդային զորքեր, 23-րդ ռուսական դիվիզիա, չեչեն գրոհայիններ՝ Բասաևի գլխավորությամբ, վարձու օդաչուներ, աֆղան մոջահեդներ, այսօր էլ՝ վարձկաններ ԻԼԻՊ-ից, որոնց թուրքական բանակը հավաքագրում է օկուպացված սիրիական Աֆրին քաղաքում՝ ամսական 2600 դոլարով: Ադրբեջանը հայերի հետ դեմ առ դեմ չի կռվել երբե՛ք։
-Բայց չէ՞ որ, բացի ռազմականից, Ադրբեջանը ուներ և ունի հզոր ռազմաքաղաքական աջակցություն։
-Ադրբեջանը միշտ փորձել է հարցը լուծել ռազմական ճանապարհով, նա առաջինն է սանձազերծել պատերազմը, որը մղել է Խորհրդային բանակի ստորաբաժանումների հետ համատեղ: Դա արձանագրված է ԱՄՆ Կոնգրեսի երկու բանաձևերում. 128 (1991թ.) և 907 (1992թ.), ինչպես նաև միջազգային բազմաթիվ փաստաթղթերում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր բանաձևից հետո Հայաստանն ու Ղարաբաղը հանդես են եկել կրակի և ռազմական գործողությունների դադարեցման պատրաստակամության մասին հայտարարություններով, իսկ Ադրբեջանը յուրաքանչյուր բանաձևից հետո հարձակողական գործողություններ է սկսել և ամեն անգամ պատժվել։ 2016-ի ապրիլին ռազմական ճանապարհով հարցը լուծելու փորձի համար Ալիևը հատուցեց ավելի քան 600 զինծառայողների կյանքով։ Տավուշի մարզում հուլիսի 12-ին սկսված փորձն ավարտվեց մոտ 40 զինծառայողների մահով: Ցավոք, մեր կողմից կա 5 զոհ…
Ադրբեջանի վերջին արկածախնդրության արդյունքում խոցել ենք 13 և զավթել իսրայելական 1 դրոն, ադրբեջանական տարածքում հայկական արտադրության անօդաչու սարքերով խոցել 3 տանկ և անվերապահ պարտության մատնել ադրբեջանական զինված ուժերին: Նրանք ռմբակոծում էին հայկական խաղաղ գյուղերը։ Հայաստանն ու Արցախը երբեք չեն օգտագործել ոչ մի վարձկանի։
-Ինչո՞ւ:
-Այդ հարցի պատասխանը 90-ականների պատերազմի ամենաթեժ պահին տվեց Արցախի Հանրապետության առաջին նախագահը. «Որովհետև սա մե՛ր պատերազմն է»։ 2008-2009թթ., երբ ընթանում էին հայ-թուրքական բանակցությունները և ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք նախատեսում էին դիվանագիտական հարաբերությունների հաստատում Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև՝ սահմանի բացում, Ալիևն ու Ադրբեջանի ռազմաքաղաքական ողջ ղեկավարությունը խուճապահար էին։ Նրանք վախենում էին կորցնել ռազմաքաղաքական դաշնակցին։ Ադրբեջանի ռազմաքաղաքական գործընկերները՝ Թուրքիան, Իսրայելը և Պակիստանը, ոչ միայն անվերապահորեն աջակցում են Ալիևի քաղաքականությանը, այլև դիվանագիտական օգնություն ցուցաբերում միջազգային բոլոր հարթակներում։
Այս հակամարտության մեջ Ռուսաստանի քաղաքականությունը ընտրություն չանելն է
-Բայց չէ՞ որ Հայաստանը նույնպես ունի ռազմավարական գործընկերներ. ինչպիսի՞ն է Ռուսաստանի դերը ներկա իրավիճակում:
-Ռուսաստանը միշտ ջանացել է հավասարակշռություն պահպանել, այնպես որ այս հակամարտության մեջ Ռուսաստանի քաղաքականությունը ընտրություն չանելն է, այդ դիրքորոշումը պահպանվում է առ այսօր։ Հայաստանը և Արցախը, սկսած 1988 թվականից, ռազմական և ռազմաքաղաքական առումով հանդես են եկել միայնակ, մինչդեռ Ադրբեջանը միշտ ունեցել է ռազմական և ռազմաքաղաքական գործընկերներ։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել. խորհրդային զորքեր, Ռուսաստանի 23-րդ դիվիզիա՝ իր կոռումպացված ղեկավարությամբ, չեչեն գրոհայիններ՝ Շամիլ Բասաևի գլխավորությամբ, վարձկան օդաչուներ, աֆղան մոջահեդներ, այսօր էլ՝ վարձկաններ ԻԼԻՊ-ից…
-Ստացվում է՝ Ալիևի հիշողությունը կարգին չէ, թե՞ նա միտումնավոր է խեղաթյուրում պատմությունը։
– Բացառված չէ, որ 90-ականների պատերազմի մասին նա կարող է պարզապես անտեղյակ լինել, այդ տարիներին ոսկե տղա Իլհամը ցոփ ու շվայտ կյանք էր վարում Ստամբուլի խաղատներում ու այլ խրախճավայրերում, ընդ որում միլիոնների (դոլարով) պարտքեր ուներ, որոնք ավելի ուշ ստիպված էր վճարել նրա հայրը՝ Հեյդար Ալիևը…
Տավուշի սահմանին ջախջախվելուց հետո Ադրբեջանն իրեն հռչակեց միջուկային ահաբեկիչ. խոսքս վերաբերում է հայկական ատոմակայանին հարվածելու պատրաստակամության մասին պաշտոնական հայտարարությանը, այնուհետ պատերազմ սանձազերծվեց Մոսկվայի, Լոս Անջելեսի և եվրոպական երկրների հայկական համայնքների դեմ։ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի կոչը ողջ աշխարհի ադրբեջանցիներին՝ հայերի դեմ միավորված գործելու երրորդ երկրների տարածքում, ադրբեջանական ագրեսիայի նոր տեսակ է… Այդ մարմնաշարժումները թուլության ու անզորության նշան են. բանն այնտեղ է հասել, որ Ադրբեջանը բացատրություն է պահանջել Սերբիայից, Վրաստանից ու Հորդանանից՝ Հայաստան զենքի մատակարարման ու տարանցման առնչությամբ, ցուցադրաբար անտեսելով այդ պետությունների ինքնիշխան իրավունքը…
Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ