«Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ցույցն ավարտեցին ԿԳՄՍ նախարարության դիմաց: Ավելի վաղ փողոց փակած եւ բերման ենթարկված քաղաքացիները բաց թողնվեցին ոստիկանության բաժնից: Նախաձեռնության անդամները հայտարարեցին՝ այսքանով այսօրվա բողոքն ավարտված է, իսկ հետագա քայլերը հիմա չեն ուզում լրագրողներին հայտնել, բայց դիմելու են պայքարի հետաքրքիր ձեւերի՝ կրթվելու իրենց իրավունքը պաշտպանելու համար: Նախաձեռնության անդամների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւն էլ հայտարարեց, որ դիմելու են տեղական եւ միջազգային դատական ատյաններին:
«Պահանջատեր դիմորդ»-ը, որը միավորել է բուհական ընդունելության քննությունների արդյունքում առաջին հայտով նախընտրելի ֆակուլտետ չընդունված դիմորդներին, վաղը եւս շարունակելու է բողոքի ցույցը: «Մինչեւ վերջնական հաղթանակ շարունակելու ենք: Մեր «դուխը» տեղն է, բայց քանի որ երեխաներն անչափահաս են եւ արեւի տակ են, այսօր այլ վայրում՝ էլ ցույց չենք իրականացնի»,-նշեց շարժման ներկայացուցիչ Մասիս Բաբալյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԿԳՄՍ-ից բողոքող դիմորդներին եւ նրանց ծնողներին այսօր առաջարկեցին կրկին հանդիպել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, սակայն շարժման անդամները չհամաձայնեցին, եւ քանի որ նախարար Արայիկ Հարությունյանը չցանկացավ հանդիպել նրանց, պահանջեցին վերջինիս հրաժարականը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ