Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրում եմ, որ մյուս դատական նիստին դատարանը կլսի իմ ցուցմունքները». Անդրիաս Ղուկասյան

Հուլիս 27,2020 16:57

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հուլիսի 27-ի դատական նիստին, ըստ էության, գործի նյութերի ուսումնասիրությունը մոտեցավ ավարտին: Aravot.am-ի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանը տեղեկացրեց՝ ենթադրում է, որ մյուս դատական նիստին դատարանը լսելու է իր ցուցմունքները և քննելու պաշտպանող կողմի ապացույցները:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ «Անդրիաս Ղուկասյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ ժամանակն է` մարդիկ համախմբվեն և սկսեն անհնազանդության գործողությունները՝ փակեն ճանապարհները, շրջափակեն վարչական շենքերը, իրագործեն անհնազանդության այլ քայլեր, որոնք անհրաժեշտ կգտնեն. «Ելույթների ավարտից հետո, մինչ մարդկանց բազմությանն ապօրինի երթով Սարի թաղ առաջնորդելը, Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում հավաքված անձանց առանց բարձրախոսի կոչ է արել ճանապարհից քարեր վերցնել՝ ոստիկանների վրա նետելու համար»:

Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ այսօր կայացած նիստին սկզբունքային քննարկում է եղել գործի նյութերի վերաբերյալ: Մասնավորապես 17 հատոր քրեական գործի ընդհանուր ծավալի մեջ առաջին չորս հատորը փաստաթղթերն են, որոնք վերաբերում են ՊՊԾ գնդին՝ շենքի տարածքի զննություններ, զենքի տարբեր փորձաքննություններ և այլն: Այս առիթով մեր զրուցակիցը մանրամասնեց. «Եվ այսօր դատարանը տրամաբանական հարց առաջ բերեց մեղադրող կողմի առաջ, թե որքանով վերաբերվելի են այդ ապացույցները այն մեղադրանքին, որն իրենք առաջ են քաշում դատարանում, և դրա շուրջ առաջացավ բանավեճ: Խնդիրն այն է, որ այդ ապացույցների ուսումնասիրությունը իրականացվում է տարբեր գործերով «Սասնա ծռերի» հետ կապված, և ակնհայտ է, որ այն չի կարող այս գործով նույնպես ուսումնասիրվել, քանի որ եթե դատարանը փորձի պարզել որևէ բան, պիտի անպայման ներգրավի «Սասնա ծռերի» մյուս անդամներին այս ապացույցները օբյեկտիվ գնահատելու համար: Իմ դեմ ներկայացված մեղադրանքը հարցերի այդ շրջանակն ի սկզբանե չի ունեցել, հետևաբար և առաջացավ բանավեճը, որը բերեց նրան, որ դատախազը միջնորդություն ներկայացրեց դատավորի ինքնաբացարկի համար: Այն դատավորը մերժեց ՝ համարելով, որ հիմնավորված չէ միջնորդությունը»:

Անդրիաս Ղուկասյանի տեղեկացմամբ՝ իր և իրեն պաշտպանող կողմի դիրքորոշումն այն է, որ դատարանը պարտավոր է մինչև այդ ապացույցների ուսումնասիրությանն անցնելն այդ հարցը տալ մեղադրող կողմին՝ որքանով են այդ ապացույցները վերաբերելի այս գործին, և այդտեղ որևէ անաչառության խախտում կամ կողմնակալություն դատարանի կողմից չի ցուցաբերվել:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ ժամը 11:00-ին: Կավարտվի ապացույցների հետազոտման փուլը և կողմերը կանցնեն եզրափակիչ ելույթների:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031