Լրահոս
Օրվա լրահոսը

Երկակի չափանիշներից մինչեւ ԿԳՄՍ նախարարության «ցանած» քամին

Հուլիս 27,2020 16:47

Կրթական տարատեսակ «նորարարություններն» արժանացել են հանրային եւ մասնագիտական շրջանակների բուռն արձագանքին, ու ԿԳՄՍ նախարարությունը ստիպված է մի քանի ճակատով փոթորիկ «հավաքել»՝ ի պատասխան իր իսկ ցանած քամու: Արդյունքում՝ բարձր միավորներ ստացած, բայց բուհեր չընդունված դիմորդների բողոքի ցույցեր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի՝ վիճելի ընտրություններ ու ռեկտորի աստիճանազրկում, ԲՈԿ նախագահի ու ԿԳՄՍ նախարարության տեսակետների աններդաշնակություն, կրթության չափորոշիչներից եւ առարկայական ծրագրերից դժգոհություններ, նախարարություն-եկեղեցի հակասություններ, կրթության ազգային ինստիտուտի լուծարում եւ այլն:

Ամենաանընդունելին, այս ֆոնին երկակի չափանիշներն են: Ամենաթարմ օրինակը՝ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը պետական մակարդակով հալածվում է՝ կարանտինի շրջանում իր աշակերտների անակնկալ այցելության համար ու ստիպված իր իրավունքները վիճարկում դատարանում, իսկ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը Սեւանում «փարթի» կազմակերպելու ու անդիմակ զվարճանալու համար, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ասելով՝ ընդամենը տուգանվում է:

Կամ մի՞թե արդար է, երբ բարձր միավորներ ստացած եւ բուհեր չընդունված, իրենց կրթության իրավունքի համար պայքարող դիմորդներին բերման են ենթարկում ու նրանց սաստելու համար կարմիր բերետավորներ կանչում, իսկ դիցուք, ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը գիտությամբ զբաղվելու պատրվակով տաքուկ տեղավորվում է Ազգային Ժողովում:

Ի դեպ, նախկինում հայագիտական առարկաները բուհական ծրագրերից հանելու որոշման դեմ հանդես եկող դասախոսների վրա նախարարը մատ էր թափ տալիս, իսկ այդ որոշման դեմ պայքարող դաշնակցական երիտասարդներին սպառնում էր քրեական գործերով լցված արկղեր հրամցնել: Քրեական գործեր այդպես էլ չեղան, չտրվեց ոչ մի հարցի պատասխան, եւ ի տարբերություն տարբեր պատճառներով բանակից ազատված նախարարների եւ պատգամավորների, հայագիտական առարկաների համար պայքարող երիտասարդներից ոմանք վաղուց զորակոչվել են բանակ եւ պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները:

Իսկ ԿԳՄՍ նախարարն այս պահին ունի մի «դատված» փոխնախարար, արտասահմանում սովորելու պատճառաբանությամբ աշխատանքից ազատված, բայց Հայաստանում աշխատող մեկ այլ փոխնախարար, մի կոնգլոմերատ նախարարություն ու բազմաթիվ ինտրիգներ: Նկատենք, որ Մովսեսում՝ Հայ առաքելական եկեղեցին մշտապես քննադատող նախարարի խաչ բռնելն ու խորհրդականին ամուսնացնելը ֆեյսբուքում գեղեցիկ ներկայացնելը խնդիրներից չեն փրկում, շոուներով ու ֆեյսբուքյան ուղիղ միացումներով էլ հնարավոր չէ երկար զբաղեցնել մարդկանց:

Ի դեպ, նախարարի պաշտոնավարման երկու տարիների ընթացքում որեւէ ասուլիս չի կայացել, որտեղ կարեւոր, բովանդակային առումով առանցքային հարցեր բարձրաձայնվեն: Նախարարը կա՛մ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ է ինչ-որ թեմայից խոսել, որի ժամանակ հնարավոր չէ հարցեր ուղղել եւ կոնկրետ պատասխաններ ստանալ, կամ նրան ուղղված հարցերի պատասխանները ստացվել են միջնորդավորված՝ մամուլի ծառայության միջոցով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031