Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կորանավիրուսի համաճարակն ամբողջ աշխարհում ազդել է այլ հիվանդությունների բուժծառայությունների վրա

Հուլիս 27,2020 16:14

Այսօր «Մեդիա կենտրոն»-ում «Որքանո՞վ է առողջապահությունը հասանելի ոչ COVD-ով հիվանդներին. որքանո՞վ են անվտանգ ու հասանելի պոլիկլինիկաները» թեմայով քննարկում էր:

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյանն ասաց, որ ամբողջ աշխարհում ոչ կորոնավիրուսային հիվանդությունների բուժսպասարկման ծավալները նվազել են. Օրինակ՝ զարկերակային գերճնշման դեմ պայքարը ամբողջ աշխարհում 53% վատթարացել է. 49%՝ շաքարային դիաբետը, սիրտանոթայինը՝ 31%: Այսինքն, ըստ Դավիթ Նուբար-Մելիքյանի, կորանավիրուսի համաճարակն ամբողջ աշխարհում ազդել է այլ հիվանդությունների բուժծառայությունների վրա: Դա մի քանի պատճառ ունի. նախ՝ բոլոր երկրների լիազոր մարմիներն առաջարկել էին պլանային այցելությունները հնարավորինս սահմանափակել, եւ սա, ինչպես ասաց փորձագետը, բնական է, նաեւ ԱՀԿ-ի խորհուրդն էր: Բացի այս, երբ տրանսպորտի աշխատանքն արգելվեց, մարդիկ չէին կարողանում գնալ բուժսպասարկման, եւ մյուս կողմից էլ շատերը խուսափում էին դիմել բուժհաստատություն, քանի որ ռիսկ կա, որ կորոնավիրուսով կվարակվեն հենց բուժհիմնարկում:

«Մեր երկրի բյուջեի կատարողականում առողջապահական հատվածի կատարողականն ընկել է, մարդիկ չեն սպառել հասանելիքը, գումարները մնացել են»,-ասաց Մելիք-Նուբարյանը:

Քննարկման մյուս մասնակից «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետ Զոփունյանն էլ նկատեց՝ ՀՀ առողջապահական համակարգը գտնվում էր տրանսֆերային փուլում՝ հեղափոխություն, բարեփոխումներ, եւ այդ փուլում նաեւ ունենալ այդպիսի խնդիր ու համավարակ, կարողանալ համակարգը պահել ու հիվանդների կյանքը փրկել, շատ բարդ է:

Տիկին Զոփունյանը ներկայացրեց, թե իրենց ինչ խնդիրներով են ահազանգել, օրինակ՝ անձին թույլ չեն տվել ստանալ հեմոդիալեզի իր հերթական կուրսը, այն պատճառաբանությամբ, որ պետք է ներկայացնի կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանը, հետո նոր սպասարկվի. «Այդ ընթացքը նրա կյանքի համար կարեւոր էր, երկու կուրս բաց էր թողել, որի պատճառով առողջական բավական լուրջ խնդիրներ էր ունեցել, բայց հետո կարողացել էին ապահովել հեմոդիալեզը»:

Վիոլետ Զոփունյանն անդրադառնալով պոլիկլինիկաների ներգրավվածությանը կորոնավիրուսի բուժման գործընթացում, նկատեց՝ առաջնային օղակի բուժաշխատողի համար իր առօրյա աշխատանքի հետ նաեւ կոնտակտավորների վերահսկողություն իրականացնելը բավականին բարդ է. «Պոլիկլինիկայի բուժաշխատողներից դժգոհություններ ենք ստացել, որ իրենք չեն կարողանում տրված հեռախոսահամարով գտնել կորոնավիրուսով դրականով պացիենտին»:

Պոլիկլինիկաներից առաջարկներ են ստացել, ինչպես ասաց տիկին Զոփունյանը, այլ կառույցներից մարդկանց կամ կամավորների ներգրավել իրենց հետ աշխատանքում, որպեսզի վերահսկումն իրականացնեն, սա քննարկման ենթակա առաջարկ է եւ լուրջ խնդիր է:

«Ի սկզբանե պետք է պրակտիկ աշխատողներին ներգրավեին: Բոլորս գիտենք, թե պոլիկլինիկաների պայմաններն ինչպիսին են՝ մեկ մուտքով, հստակ բաժանումներ չկան, մարդիկ միջանցքում աթոռներին նստած են ու վարակման ռիսկը մեծանում է, մի քանի պացիենտ նույն մուտքով կորոնավիրուսով հիվանդի հետ նույն է մուտքով է մտնում»,-ասաց Զոփունյանը:

Դավիթ Մելիք-Նուբարյանն էլ ասաց, որ առողջապահական համակարգում առկա բոլոր խնդիրներն այս համավարակի ժամանակ դուրս եկան ջրի երես:

«ԱԺ-ում հանձնաժողովի փորձագիտական հատվածը դեռեւս փետրվարից աշխատում էր, երբ ակնհայտ էր, որ կորոնավիրուսը լուրջ վտանգ է: Մենք մի քանի փաթեթներ մշակեցինք, եւ առաջարկեցին, որ մարտի վերջին իրականացվեին նախապատրաստական աշխատանքներ եւ համապատասխան մեթոդի միջոցով բուժաշխատողներին վերապատրաստեին, ապահովեին անվտանգության պարագաներով, համագործակցության սխեման էինք առաջարկել ոչ քովիդով պացիենտների սպասարկման համար: Մայիսին պոլիկլինիկաներին ներգրավեցին քովիդով հիվանդների բուժման գործընթացում: Ժամանակագրական առումով՝ որոշակի նախապատրաստական աշխատանքների համար անհրաժեշտ ժամանակի բացակայություն էր, ինչն էլ հենց սկզբնական ժամանակ որոշակի անհարթություններ առաջացրեց պացիենտ-բժիշկ օղակում»,-ասաց փորձագետը:

Նա նաեւ նշեց, որ իրենց 30 առաջարկների մի մասն արդեն իրականացվել են:

«Առաջնային օղակի եւ առողջապահական համակարգի արձագանքը համավարակին, պետք է մասնագիտորեն շատ խորը վերլուծել, որովհետեւ, որպես պետություն, մենք պետք է ինստիտուցիոնալ լուծումների գնանք, չպետք է վախենալ եւ պարզ նայել ու ընդունել՝ այս, այս, այս հատվածը մեզ մոտ լավ ստացվեց, այստեղ չկարողացանք անել այն, ինչ ծրագրել էինք, իսկ այս հատվածն առհասարակ մեր ուշադրությունից դուրս էր, եւ հետեւություններ անել ու պատրաստվել հաջորդ արտակարգ դրությանը կամ այլ լուրջ խնդիրներին»,-ասաց փորձագետը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031