Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ վիճակում են Գյումրու՝ երազանքների կարմիր փողոցի գործարարները

Հուլիս 27,2020 15:55

Գյումրու «Կումայրի արգելոց- թանգարան»-ի տարածքում գտնվող Շիրազի անվան փողոցը, որը վերանորոգվեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնը տուրիզմի գոտու վերածելու ծրագրի շրջանակներում և որի բացումը կատարեց ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ կորոնավիրուսի տարածումը քաղաքի ամենագրավիչ, մարդաշատ հատվածներից մեկն էր։

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը երազում էր այն կարմիր գույնով ասֆալտապատելու մասին, բայց խիստ ծախսատար լինելու պատճառով չիրագործվեց։

Այստեղ գործում են մեծ թվով սպասարկման օբյեկտներ՝ հյուրանոցներ, հյուրատներ, ռեստորաններ, կոսմետիկայի խանութներ, Գյումրիում արտադրվող հուշանվերների ու տեղի տեքստիլ արտադրության՝ ներքնաշորերի, գուլպաների խանութներ, ինչպես նաև եվրոպական բրենդային շորերի խանութներ։

Մինչ վիրուսի տարածումը, գործարարներից շատերը ներդրումներ կատարեցին՝ խանութներ ու սրճարաններ բացելով այս փողոցում, այժմ մտածմունքի մեջ են՝ ինչպես փրկել բիզնեսը, շատերը պարտքերի մեջ են հայտնվել, աշխատակազմից կրճատումներ արել։ Aravot.am-ը զրուցել է այս փողոցի տարբեր գործարարների հետ, լսել նրանց խնդիրները։

Նաիրա Գրիգորյանի լուսանկարը՝ նրա ՖԲ էջից

Եվրոպական բրենդային հագուստ վաճառող խանութատերերից մեկը՝ Նաիրա Գրիգորյանը, (խանութի անվանումը չենք նշում, որ չդիտարկվի գովազդ), մեզ հետ զրույցում նշեց, որ արտակարգ դրության ժամանակահատվածում հաճախորդներ գրեթե չի ունեցել, երբեմն ստիպված է եղել փակել խանութը։ Հետաքրքիրն այն է, որ մեր զրուցակիցը թեեւ մեծ խնդիրների մեջ է, բայց հույսը, լավատեսությունը չի կորցնում, վստահ է, որ շուտով վերջ կդրվի այս վիճակին, այն հավերժ չէ։

«Կորոնավիրուսի տարածման այս մի քանի ամիսների ընթացքում չեմ կարողացել նոր ապրանքատեսակով համալրել խանութը․ ճանապարհներ են փակ, մարդկանց գնողունակությունն է ցածր, վաճառք համարյա չկա։ Նաև մտածմունքի թեմա է այն, որ վաճառելու դեպքում չեմ կարողանա կարգավորել եվրո- դրամ հարաբերությունը, բայց ես լավատես մարդ եմ, հուսով եմ՝ ամեն ինչ կկարգավորվի, մարդկանց տրամադրությունը կփոխվի, աշխատատեղերը նորից կբացվեն։

Իմ խանութից հիմնականում օգտվում են ուսուցիչները, բժիշկները: Պարզ է՝ օնլայն աշխատանքի դեպքում նոր հագուստ գնելու կարիքը մեծ չէ, բացի այդ, շատերի ձեռքում գումար չկա, չեն աշխատում․․․Չմոռանանք, որ մեր քաղաքում շատերն ապրում էին դրսից՝ Ռուսաստանից կամ եվրոպական երկրներից ուղարկված գումարների հաշվին ։ Հիմա տնեցիները չեն կարողացել գնալ արտերկիր աշխատելու։ Բնականաբար, կինն է օգտվում խանութից, ամուսինն է փողը մատակարարում, հիմա եթե արտերկիր չեն գնում, ինչպես օգտվեն խանութից։ Շղթայաձև կապված է ամեն բան, հենց ճանապարհները բացվեն, գնան աշխատանքի, լավ կլինի, ամեն դեպքում չեմ հուսահատվում։

Հիմա նոր-նոր սկսել եմ պատվերներ անել, նոր տեսականին կհամալրվի 15 օրից, եթե դրանից հետո նորից առևտուր չեղավ, հաճախորդների հոսք չունեցա, նոր կմտածեմ ուրիշ ելք փնտրելու մասին, ի՞նչ բիզնեսով փոխարինեմ խանութը»,-ասաց Նաիրա Գրիգորյանը։

Մեր զրուցակցից նաև հետաքրքրվեցինք՝ կա՞ն օրեր, որ ոչ մի հաճախորդ ոտք չդնի խանութ։

«Վերջին վեց ամսվա ընթացքում երևի մի քանի օր է, որ խանութը բաց եղել է, մեծամասամբ փակ է եղել և դա կապված չէ նրա հետ, որ ասենք կոմունալ ծախսեր չանեմ, այլ համարել եմ ժամանակի կորուստ, եթե մարդ չպիտի գա, իմաստը ո՞րն է աշխատելու։ Եթե մարդ պտի գա, ես ունեմ իմ կայուն հաճախորդները, կզանգեն, կգան, ես կբացեմ խանութը ցանկացած ժամի»,-ասաց մեր զրուցակիցը։

Մյուս գործարարների հետ զրույցը կներկայացնենք ավելի ուշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031