«Կառավարության փոխարեն չեմ կարող մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված հենց այդ թեկնածուի առաջադրումը»,-«Արարատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահրամ Ավետիսյանին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Կարծում եմ՝ մինչեւ շաբաթվա վերջ թեկնածուի հետ հանդիպում կկազմակերպենք խմբակցությունում»,-տեղեկացրեց բանախոսը:
Ինչ վերաբերում է հանգամանքին, որ «Մարտի 1»-ի գործով զոհերի իրավահաջորդները կասկածի տակ են դնում Ավետիսյանի անաչառությունը, Մակունցը նկատեց. «Երբ ԱԺ նիստ հրավիրվի՝ նրա թեկնածության քննարկման հարցով, պատգամավորները հարցեր կուղղեն նրան: Այս հարցը զգայուն է այն առումով, որ իրավահաջորդներն են դիրքորոշում ձեւավորել, ուստի թույլ տվեք չմեկնաբանել: Ամեն դեպքում, թեկնածուն անմիջական որեւէ կապ չի ունեցել որեւէ դատավճռի, դատական գործի քննության հետ: Ես տեղյակ չեմ, որ որեւէ հրապարակային բան է տեղի ունեցել»:
Կարդացեք նաև
Մակունցը համոզված է՝ որ թեկնածուն էլ առաջադրվեր, նրա անվան շուրջ մեկնաբանություններ էին լինելու: «Ամեն դեպքում, ԱԺ-ն կլսի այս թեկնածուին եւ կարծիք կձեւավորի»,-եզրափակեց Լիլիթ Մակունցը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն է փակ քվեարկությամբ հաստատում (կամ ոչ) ՍԴ դատավորի պաշտոնում այս կամ այն թեկնածուի ընտրությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ