Թուրինի «Յուվենտուսը» Իտալիայի «A» սերիայի 36-րդ տուրում սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթելով «Սամպդորիային»՝ առաջնության ավարտից երկու տուր առաջ 9-րդ անգամ անընդմեջ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը: Մաուրիցիո Սարրիի ղեկավարած թիմը նաեւ անընդմեջ չեմպիոնական տիտղոս նվաճելու նոր ռեկորդ է սահմանել:
Իտալիայի առաջնության ավարտին մնացած երկու տուրերում «Յուվենտուսը» արտագնա խաղում հանդիպելու է «Կալյարիի» հետ, իսկ եզրափակիչ տուրում հյուրընկալելու է Հենրիխ Մխիթարյանի «Ռամային», որը երեկ համառ պայքարում առավելության հասնելով «Ֆիորենտինայի» նկատմամբ՝ ամրապնդվել է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ