ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր հեռախոսազրույց է ունեցել նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, որի մասնակցությամբ Սեւանում «անդիմակ» խնջույքի տեսանյութը երեկվանից տարածվում է առցանց հարթակում:
«Նա ինձ տեղեկացրեց, որ ինքը որեւէ միջոցառում չի կազմակերպել, մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ նաեւ այլ քաղաքացիներ են հանգստանում: Ասաց, որ անզգուշություն է թույլ տվել՝ առանց դիմակի մի պահ գտնվելով մարդաշատ վայրում»,-«Արարատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Լիլիթ Մակունցը:
«Նա հայցեց խմբակցության ներողամտությունը, որ անզգույշ է վարվել եւ այդ պահին դիմակ չի կրել: Իմ տեղեկություններով՝ նա արդեն պետք է տուգանված լինի դրա համար, անկախ նրանից, որ անզգույշ է վարվել: Նա վստահեցրեց, որ կապ չունի այդ հանգստյան գոտու եւ այդ միջոցառումը կազմակերպելու հետ»,-նշեց Մակունցը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ». «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ՖԲ էջում անդրադառնալով Լիլիթ Մակունցի պնդմանը, թե թե պատգամավոր Հայկ Սարգսյանը միջոցառում չի կազմակերպել՝ մասնավորապես գրել է. «Մակունցին տեղեկացրեք, որ մի պահ եղած մարդը տեղում համակարգչով սեփական բիզնեսից ստացված եկամուտները չի հաշվարկում։ Զգուշացրեք նաև, որ դադարեցնի ստելն ու անմիջապես ձեռնարկի օրենքով սահմանված միջոցներ, քանի չեն հրապարակվել բազմաթիվ այլ լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք փաստագրում են պատգամավոր Հայկի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ապացույցները։ Օրինակ՝ նախորդ օրը բեմը տեղադրելու աշխատանքներին անձամբ մասնակցելն ու ցուցումներ տալը»: