Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աթանեսյանի կարծիքով, Հայկ Մարությանը աղաղակող իրավախախտում է թույլ տվել. փաստաբանը դիմել է դատախազին, ԱԱԾ ու ՀՔԾ

Հուլիս 27,2020 14:08

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայություն եւ ԱԱԾ-ին՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի: Այսօր այս մասին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտնեց պարոն Աթանեսյանը՝ հստակեցնելով՝ խոսքը Լենինգրադյան 23/7 հասցեում կառուցվող 4 հատ 16 հարկանի շինարարության մասին է: Նրա խոսքով, «Երեւանի քաղաքապետարանի որոշակի գործողություներ, պարզապես, ապշեցնում են իրենց ապօրինությամբ»:

«Գոյություն ունի կառավարության որոշում, որով սահմանված է կառուցապատման շինթույլտվությունների տրամադրման կարգը: Եթե շինարարությունը 1500 քմ-ից ավելին է, ապա պետք է կատարվի փորձաքննություն՝ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, հարեւանների կարծիքը եւ այլն: Լենինգրադյան 23/7 հասցեում անհասկանալի ծրագիր է իրականացվում, անհասկանալի է նաեւ՝ ով է իրականացնում: Ընդ որում՝ շինարար չէ, շինարարական կազմակերպություն չէ, որը պլանավորում է կառուցել 16 հարկանի 4 շենք՝ առանց հաշվի առնելու մոտակա բնակավայրերի բնակիչների կարծիքը»,-ասաց Տիգրան Աթանեսյանը:

Ըստ փաստաբանի, այդ մասին տեղեկանալով, բնակիչները դիմել են Երեւանի քաղաքապետին, որը պատասխանել է՝ եթե շինարարություն լինի, կլինի վարչական վարույթ, կհրավիրվեն բոլոր հարեւանները եւ կհարցնեն նրանց կարծիքը. «Իհարկե դա չեն արել եւ, որպեսզի խուսափեն փորձաքննություններից, տվել են ապօրինի շինթույլտվություն՝ կառուցելու եւ շենքի հիմքի համար: Բնական է շենքի հիմքը 1500 քառակուսի մետր չի կազմում եւ դա նշանակում է, որ մարդիկ կարող են, շրջանցելով օրենքը, կատարել շինարարություն: Երեւանի քաղաքապետը, ստորագրելով նման շինթույլտվություն, առերեւույթ կատարել է հանցանք, որը նախատեսված է քրեական օրենսգրքի 308 կամ 309 հոդվածներով: Սա սխեմա է, որը հնարել են, իմ կարծիքով, կոռուպցիոն ռիսկերի մասնակցության կամ փողերի լվացման համար կամ պարզ լեզվով ասած՝ մարդիկ փող են աշխատում»:

Տիգրան Աթանեսյանի կարծիքով, աղաղակող իրավախախտում է եւ այն պետք է ստանա իր քրեաիրավական գնահատական. «Եվ, քանի որ բոլոր փաստաթղթերը ստորագրված են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից, ապա հարցերը սկզբից պետք է ուղղել նրան եւ պետք է բարձրացվի քաղաքապետի պատասխանատվության հարցը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031