Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմմոնո» փառատոնը կբացվի մաթեւոսյանական «Գոմեշով»

Հուլիս 27,2020 13:56

Օգոստոսի 1-ից մեկնարկում է «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի նվիրված է հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85-ամյակին:

«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը եւ «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը ներկայացրին, թե ինչ սպասելիքներ կարող է ունենալ հանդիսատեսը փառատոնից, որն այս տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ անսովոր ձեւաչափով է անցկացվելու :

«Ոչ մեկս փորձառություն չունեինք, թե ինչպես պետք է անցկացնել փառատոնն այս պայմաններում, բայց «Արմմոնո» փառատոնը գտավ տարբերակներ: Մենք կլինենք եւ բացօթյա, եւ առցանց, մեր հանդիսատեսը փառատոնի օրերին կդիտի քսանմեկ ներկայացում, միջազգային ծրագիրը կլինի առցանց, մարզային ներկայացումներ կլինեն՝ Գորիսից, Կապանից, Աբովյանին, Վանաձորում կդիտենք երկու ներկայացում: Մեր երիտասարդները ակտիվ մասնակցություն կունենան: «Արմմոնոն» տասնութ տարեկան է, արդեն հասուն տարիքի մեջ է մտնում: Դերասաններից ոմանք հենց ուսանողների տարիքի են, եւ մեր ամենաավագ դերասանը ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանն է, որը հանդես կգա իր ներկայացումով»,-հայտնեց տիկին Մխիթարյանը:

Փառատոնը կբացվի ըստ Հրանտ Մաթեւոսյանի բեմադրված «Գոմեշ» ներկայացումով, որը բեմադրել է եւ խաղալու է ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանը:

Դավիթ Մաթեւոսյանը շնորհակալություն հայտնեց փառատոնի տնօրինությանը եւ Նարինե Գրիգորյանին, որ «Արմմոնոն» նվիրվել է Մաթեւոսյանի 85-ամյակին, ինչը նրա ձեւակերպմամբ, Հրանտ Մաթևոսյանի՝ հոբելյանի համեստ եւ աննկատ անցնելու ֆոնին մի փայլատակում էր, ինչպես փայլատակում էր «Ոսկե ծիրանի» շրջանակներում Մաթեւոսյանի եւ Այվազյանի աստղերի բացումը Շարլ Ազնավուրի հրապարակում:

«Լավ հեռանկար եմ տեսնում «Գոմեշ» մենաներկացման համար, համոզված եմ, որ հաջող խաղ է լինելու»,-ասաց Դավիթ Մաթեւոսյանը: Նա հաջողություն մաղթեց «Արմմոնոյին», դերասաններից ամենաավագին եւ երիտասարդներին. «Շնորհավորում եմ «Արմմոնոյի» 18-ամյակը, հուսամ, որ փառատոնը սեռահասուն է, եւ գուցե մի օր էլ կամուսնանա»:

Մարիաննա Մխիթարյանի խոսքով, փառատոնն ուրախ է, որ «Գոմեշ» մոնոներկայացմամբ կայացել է համագործակցությունը՝ Նարինե Գրիգորյանի եւ Դավիթ Մաթեւոսյանի միջեւ: «Գոմեշը» փառատոնի նախագիծն է, ինձ թվում է ՝ ներկայացումը կունենան երկար եւ հետաքրքիր կյանք: Այդ ներկայացումը եւ մաթեւոսյանական գրականությունը այն գրականությունն է, որը պետք է հասցնենք եւ ցուցադրենք ամբողջ աշխարհով մեկ»:

Փառատոնի տնօրենը հայտնեց, որ «Արմմոնոյի» ծրագրում ընդգրկված 21 ներկայացումներից 7-ը բեմադրված է՝ ըստ հայ հեղինակների: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ասաց, որ «Արմմոնոն» շահել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհը, եւ արդեն տասնութ տարի օգտվում է նախարարության աջակցությունից, բայց մշտապես համագործակցել են արտասահմանյան դեսպանատների եւ կազմակերպությունների հետ, նաեւ նրանց աջակցություն են վայելել:

Տիկին Մխիթարյանի խոսքով, բնականաբար առցանց ներկայացումներով հնարավոր չէ փոխհատուցել կենդանի խաղից ստացած զգացողությունները, դրա համար, այնուամենայնիվ, որոշ ներկայացումներ բացօթյա կկայանան՝ թեկուզ մի քանի հանդիսատեսի ներկայությամբ, որպեսզի հանդիսատես-դերասան կապը կայանա: Նա հույս հայտնեց, որ բոլոր այն հյուրերը, որ տոմսեր էին գնել Հայաստան գալու համար, սակայն կորոնավիրուսի պատճառով չեն ժամանել, մեր երկիր կգան մյուս տարի: Հավելեց, որ գուցե կարեւորագույն միջազգային նախագծերը կկարողանանք դահլիճում դիտել մյուս տարի:

Դավիթ Մաթեւոսյանի ձեւակերպմամբ, ինքը եւ հանդիսատեսը պետք է «Գոմեշ» ներկայացումից սպասեն պատվաբեր խորը հանդիպում Մաթեւոսյանի արձակի հետ եւ պատկերային արծարծում. «Գոմեշը» պատմում է, վիպակ է, ինչ-որ տեղ նաեւ առակ է…«Գոմեշը» եւ մաթեւոսյանական ցանկացած ստեղծագործություն մոնոներկայացումներ դառնալու համար հրաշալի նյութ են… Եթե դա լսում ես բեմից՝ ճիշտ շեշտադրումներով, առավել քան պատկերավոր տեսնում ես ամեն ինչ, մանավանդ այս պարագայում ի դեմս Նարինե Գրիգորյանի՝ գործ ունենք բեմադրիչի եւ դերակատարի ի մի բերված արդյունքի հետ՝ մեկ մարդու միջոցով»:

Մարիաննա Մխիթարյանը հավելեց, որ բոլոր ներկայացումները կարելի է դիտել «Արմմոնո» փառատոնի ֆեյսբուքյան էջում, երկու բացօթյա ներկայացում՝ սահմանափակ հանդիսատեսներով կցուցադրվի Վանաձորում, նույնը հնարավոր կլինի դիտել նաեւ առցանց: Նա ափսոսանք հայտնեց, որ առցանց ներկայացումները ընդամենը պատկերացում կարող են տալ ներկայացման մասին, եւ դա լրիվ այլ բան է, քան կենդանի ներկայացումը դիտելը: Նաեւ հավելեց, որ «Արմմոնոյի» շրջանակներում կներկայացվի Կարինե Խոդիկյանի նոր պիեսը, դրամատուրգը հանդես կգա եւ որպես հեղինակ, եւ որպես դերակատար, եւ դա կլինի յուրօրինակ դեբյուտ:

Դավիթ Մաթեւոսյանն էլ ասուլիսի ավարտին առաջարկեց Հրանտ Մաթեւոսյանի «Գոմեշը» կարդալ եւ նոր դիտել առցանց կամ բացօթյա՝ տեսնելու համար, թե որքան է յուրաքանչյուրի պատկերացումը համահունչ Նարինե Գրիգորյանի պատկերացման հետ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ «Արմենպրեսի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031