Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանաձորցին վառարանի մոտ գտնվող երկաթյա ձողով հարվածել էր համաքաղաքացու գլխին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս

Հուլիս 27,2020 13:34

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2019թ. Դեկտեմբերի 21-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության, սուտ մատնության և ավազակային հարձակման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Քննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչ, 33-ամյա տղամարդը 2020թ. փետրվարի 5-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, 50-ամյա համաքաղաքացու տնակում, ալկոհոլ օգտագործած վիճակում, անձնական հարցի շուրջ վիճաբանել էր վերջինիս հետ, որի ժամանակ  ձեռքերով բազմաթիվ հարվածներ էր հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ ապակյա բաժակով հարվածելով նաև գլխին:

Այնուհետև, շարունակելով վիճաբանությունը, գիտակցելով իր գործողությունների վտանգավորության բնույթը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերցրել էր վառարանի մոտ գտնվող երկաթյա ձողը և դրա սուր մասով հարվածել 50-ամյա համաքաղաքացու կենսական կարևոր նշանակության ունեցող օրգանի՝ գլխի շրջանում՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տղամարդը մահացել էր:

Բացի այդ, 33-ամյա տղամարդը, նախապես տեղեկացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հարցաքննության ժամանակ, հանցագործությունը կոծկելու և պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակով, դիտավորությամբ կեղծ տեղեկություն էր տրամադրել, թե, իբր, 50-ամյա տղամարդը տնակում վիճաբանել է այլ անձի հետ, որի ժամանակ էլ վերջինս, իբր, ձեռքերով, ոտքերով և էլեկտրական ջեռուցիչով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և գլխին:

Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև Վանաձոր քաղաքի 33-ամյա բնակչի կողմից ավելի վաղ կատարված այլ հանցագործության՝ ավազակային հարձակման դեպքը:

Այսպես՝ քննությամբ  պարզվել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 21-ին Վանաձորի հյուրանոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել վերջինիս և նույն քաղաքի բնակիչ, 49-ամյա տղամարդու  միջև, որի ժամանակ 33-ամյա տղամարդը հարձակվել է համաքաղաքացու վրա և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին և դեմքին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, և հափշտակելով նրա մոտ առկա գումարը՝ դիմել փախուստի։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետով  և 175-րդ հոդվածի (ավազակություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031