Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան և «Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի» անդամ Արտակ Բեգլարյանը հոդված է հրապարակել նիդերլանդական հանդեսում՝ Արցախի վերջին համապետական ընտրությունների մասին: Հոդվածի հայերեն թարգմանությունը ներկայացվում է ստորև:
«2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական հերթական ընտրություններ: Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ էր, երբ Արցախի քաղաքացիներն ընտրում էին միևնույն ժամանակ և´ նախագահ, և´ Ազգային Ժողով, ինչն էլ բարձր մասնակցայնության (72.7%) պատճառներից մեկն էր:
Կյանքը՝ անսովոր սահմանափակումների ներքո
Չնայած այս ընտրությունները տեղի են ունեցել մի փոքր պետությունում, այնուամենայնիվ, միջազգային հանրությունը դրանցով հետաքրքրված լինելու պատճառներ ունի:
Կարդացեք նաև
Առաջին՝ չնայած աշխարհում տարածված կորոնավիրուսի համավարակի վտանգին, ընտրություններն անց են կացվել առանց համավարակի բռնկման: Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է ապրիլի 7-ին, որից հետո ապրիլի 12-ին հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Մարտի 31-ին և ապրիլի 14-ին ընտրությունները կազմակերպվել են որոշ կանխարգելիչ միջոցների պայմաններում, մասնավորապես՝ քվեարկողներին պաշտպանիչ դիմակների, ձեռնոցների և անհատական գրիչների տրամադրում, ինչպես նաև ընտրական տեղամասերում սոցիալական հեռավորության պահպանում:
Երկրորդ՝ Արցախն Ադրբեջանի հետ ունի չկարգավորված հակամարտություն՝ հրադադարի հարաբերական ռեժիմով, որն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից պարբերաբար խախտումներով, զոհերի ու վիրավորների դեպքերով և ուժի կիրառման սպառնալիքներով: Քանի որ 1921թ. Խորհրդային Ադրբեջանի կողմից բռնակցման առաջին իսկ օրվանից և 1988թ. շարժումից ի վեր Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակիչները պահանջում էին իրացնել իրենց ինքնորոշման իրավունքը, նրանք Ադրբեջանի կողմից ենթարկվում էին ցեղասպանական գործողությունների: 1991-1994թթ. տեղի ունեցած լայնածավալ պատերազմը երկու կողմից էլ խլել է տասնյակ հազարավոր կյանքեր և պատճառ դարձել հարյուր հազարավոր փախստականների: Չնայած 1994թ. Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված հրադադարի պայմանագրին, Ադրբեջանը շարունակում է պարբերաբար խախտել այն: Այդ ընթացքում հրադադարի ամենածավալուն խախտումը տեղի է ունեցել 2016թ. ապրիլին, երբ Ադրբեջանը հարձակվել է Արցախի պաշտպանական դիրքերի ու բնակավայրերի վրա՝ տանկերով, ռազմական ուղղաթիռներով, ծանր հրետանային ու հրթիռային համակարգերով, անօդաչու թռչող սարքերով և այլ մահացու զենքերով: Ադրբեջանի ռազմական ուժերը թիրախավորել են խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ դպրոցներն ու մանկապարտեզները: Գրեթե բոլոր հայ քաղաքացիական անձինք ու զինծառայողները, ովքեր ընկել են Ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, խոշտանգվել, գլխատվել կամ խեղվել են Իսլամական պետության ոճով:
Այս և այլ խախտումները հիմնականում բխում են հայերի դեմ ատելությունից և Ադրբեջանի կողմից պետականորեն տարվող հայատյաց քաղաքականությունից, որը ներառում է հայերի ապամարդկայնացումը, հայերի սպանությունների խրախուսումը և հերոսացումը, հայկական ազգանուն կրող ցանկացած օտարերկրացու մուտքի մերժումն Ադրբեջանում, նույնիսկ Արսենալի երկրպագուների հետապնդումները՝ ազգությամբ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի պատկերով շապիկներ կրելու համար: Ադրբեջանի ղեկավարությունն իր բոլոր ներքին և միջազգային անհաջողությունների համար մեղադրում է աշխարհասփյուռ հայերին՝ Ադրբեջանի «համար 1 թշնամուն», ինչպես հայտարարել է այդ պետության նախագահ Իլհամ Ալիևը: Տասնամյակներ տևող հայատյացության այս քաղաքականությունն անընդհատ լրացվում է բազմաթիվ տխրահռչակ դեպքերով: Օրինակ, 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացի ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Մարդասպանը Հունգարիայում դատապարտվել է ցմահ ազատազրկման, սակայն 2012թ. արտահանձնվել է Ադրբեջանին և անմիջապես ներում ստացել նախագահ Ալիևի կողմից ու հերոսացվել տարբեր պաշտոնյաների ու հասարակական գործիչների կողմից: Հենց վերջերս՝ մայիսի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել այդ գործով՝ ճանաչելով Սաֆարովի ներումը և հերոսացումը որպես Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (Կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքների խախտում:
Նման պայմաններում արցախցիներն ապրում են իրենց կյանքի և անվտանգության նկատմամբ մշտական սպառնալիքների ներքո՝ շարունակելով ջանքերը պետականաշինության և տնտեսական զարգացման ուղղությամբ:
Երրորդ՝ չնայած մարդու իրավունքների համընդհանրությանը, Արցախի Հանրապետությունը մեկուսացված է միջազգային հանրությունից և հնարավորություններից: Ուստի, Արցախի բնակիչները չեն կարողանում մասնակցել տարբեր ոլորտներում իրականացվող միջազգային և օտարերկրյա ծրագրերին, Կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը չեն ստանում որևէ միջազգային օգնություն մարդու իրավունքների պաշտպանության, լավ կառավարման, կարողությունների զարգացման և այլ բարեփոխումների համար:
Միջազգային մեկուսացումը նշանակում է ոչ միայն զրոյական պաշտոնական հաղորդակցություն և աջակցություն, այլ նաև հաճախ դրսևորվում է զարգացմանը միտված ջանքերի արգելափակման ու խոչընդոտման տեսքով: Օրինակ, վերջին ընտրությունները ոչ միայն դատապարտվեցին ավտորիտար Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, այլև բացասական արձագանքներ ստացան որոշ ժողովրդավարական պետությունների և Եվրոպական Միության կողմից՝ միայն Արցախի չճանաչված կարգավիճակի պատճառով, ինչը հակասում է եվրոպական արժեքներին և սկզբունքներին:
Ժողովրդավարական զարգացմանն ուղղված ինքնահանձնառություն և ջանքեր
Նման պայմաններում Արցախի Հանրապետությունը կառուցել է պետական հաստատություններ և ինքնուրույն հասել շոշափելի արդյունքների ժողովրդավարության երաշխավորման հարցում: 1991 թվականից ի վեր Արցախում տեղի են ունեցել 7 խորհրդարանական, 6 նախագահական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այն հավատարիմ է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման սկզբունքներին: Սահմանադրությունը համապարփակ կերպով երաշխավորում է մարդու իրավունքներն ու ազատությունները՝ հիմնված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մոտեցումների վրա:
Չնայած վերը նշված սահմանափակումներին և մարտահրավերներին, վերջին ընտրությունները Հանրապետության ժողովրդավարական զարգացման ակնհայտ դրսևորում էին՝ լուրջ առաջընթաց արձանագրելով նախորդ ընտրությունների համեմատ: Տասներկու մասնակից քաղաքական ուժերից խորհրդարան են անցել հինգը, որոնցից երկուսը (ստացված ձայների մեծամասնությամբ՝ 2-րդ և 3-րդ տեղերում) նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդդիմադիր դիրքերից էին հանդես գալիս: Նախագահական ընտրություններին մասնակցում էին տասնչորս թեկնածուներ, և քանի որ ոչ ոք չեր գերազանցել 50%-ի շեմը, ապրիլի 14-ին տեղի ունեցավ ընտրությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլին մասնակցել են ամենաշատ քվե ստացած կուսակցության ղեկավար և նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը (49.24%) և Արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանը (26.42%). երկրորդ փուլում հաղթեց Արայիկ Հարությունյանը՝ ստանալով վավեր ձայների 88%-ը՝ 44.9% մասնակցայնության պայմաններում:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը դիտարկել է ընտրությունների ողջ գործընթացը՝ արձանագրելով, որ ընտրություններն անցել են ժողովրդավարության միջազգային չափորոշիչներին, ընդհանուր առմամբ համապատասխան՝ բարձր մրցակցայնության, մասնակցայնության ու հանրային վերահսկողության պայմաններում: Այնուամենայնիվ, Պաշտպանի կողմից հայտնաբերվել են որոշ օրենսդրական և իրավակիրառ խնդիրներ, որոնց կարգավորումը կբարձրացնի ընտրական համակարգի արդյունավետությունը:
Պաշտպանը ստացել է մի շարք դիմումներ՝ հիմնականում կապված պաստառների վնասման և տեղադրման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների որոշ ղեկավարների կողմնակալության հետ: Եղել են նաև ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության վերաբերյալ անհստակ ահազանգեր, ինչպես նաև անհանդուրժողականության և ատելության խոսքի որոշ դրսևորումներ հատկապես սոցիալական ցանցերում: Պաշտպանը կոնկրետ քայլեր է ձեռնարկել դիմումների մանրամասները պարզելու համար և դրանց մի մասը ուղարկել է գլխավոր դատախազին՝ քրեական վարույթի շրջանակներում ստուգելու նպատակով: Արձանագրված ընտրական խախտումների մեծամասնությունը կրում էր դրվագային և ոչ միտումնավոր բնույթ՝ պայմանավորված կազմակերպչական խնդիրներով և ոչ պատշաճ կարողություններով, որոնք էական ազդեցություն չեն ունեցել քվեարկության արդյունքների վրա: Թափանցիկության և հանրային վերահսկողության տեսակետից, Արցախի Կառավարության կողմից բավականին դրական որոշում էր սատարել Արցախի հանրային հեռուստատեսության նախաձեռնությանը՝ հրապարակայնորեն և միաժամանակ Յութուբով ուղիղ հեռարձակել խոշորագույն 48 ընտրատեղամասերի ողջ աշխատանքը, որը կազմում էր բոլոր քվեարկողների 53%-ը:
Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մարդու իրավունքները, տվյալ դեպքում՝ քվեարկելու և հանրային գործերին մասնակցելու իրավունքներն անքակտելի և համընդհանուր են: Մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար գործիքները, ինչպիսիք են՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերը, որոնք միակողմանիորեն վավերացվել են Արցախի կողմից, հստակորեն ամրագրում են, որ մարդու իրավունքներն իրացնելիս ոչ մի խտրականություն չպետք է իրականացվի որևէ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակով պայմանավորված: Հետևաբար, չճանաչված կարգավիճակը չի կարող խոչընդոտ լինել զարգացման համար: Փոխարենը, միջազգային հանրությունը պարտավոր է աջակցել Արցախին՝ կառուցելու ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համար բարենպաստ միջավայր՝ հանուն իր սեփական ժողովրդի և, հետևաբար, հանուն Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության: