Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը մշակելու է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ

Հուլիս 27,2020 13:06

ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունը ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ

ՀՀ անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նոր ռազմավարությունը. փաստաթուղթ, որն արտացոլում է համահայկականության անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց հաղթահարման սկզբունքներն ու եղանակները:

Հայաստանի Հանրապետության անվտանգային քաղաքականության այս ուղեցույցում համահայկական օրակարգի առանցքային բաղադրիչ Արցախին անդրադարձ է կատարվում առանձին`«Արցախի անվտանգության ապահովում» ենթագլխով, որը ոչ պատահականորեն զուգորդվում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հետ:

Համաշխարհային և տարածաշրջանային փոխակերպումները, որոնք իրենց արտացոլումն են գտել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն մեջ, այնուհանդերձ չեն փոխել Հայաստանի պատկերացումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության` որպես ՀՀ գլխավոր մարտահրավերի և Ադրբեջանի կողմից ուժի կիրառման` որպես ՀՀ հիմնական սպառնալիքի վերաբերյալ, որով և վերահաստատվում է Արցախի անվտանգության երաշխավոր լինելը:

Արցախի Հանրապետությունը այս համատեքստում շարունակելու է գործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ՝  հետևյալի հատկանշմամբ.

1.Հավատարիմ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը` մենք շարունակում ենք հանդես գալ փոխզիջումային սկզբունքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից:

2.Միավորված ազգերի կազմակերպության հռչակագրերում, Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը լինելու է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում` որպես սեփական ճակատագիրը որոշելու արցախահայության բացառիկ իրավունք:

3.Արցախը հակամարտության օբյեկտից վերափոխվելու է սուբյեկտի` այդպիսով ուղղակիորեն իրացնելով Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների սուբյեկտայնությունը:

4.Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:

5.Արցախի անվտանգությունը ոչ մի պարագայում սակարկման ենթակա չէ:

Վերոնշյալի պատմական, քաղաքական և իրավական հիմնավորմամբ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը մշակում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգային մոտեցումներ, որոնք  հանրային քննարկման կդրվեն շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:

Արցախի Հանրապետության
Անվտանգության խորհրդի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031