Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր «կաբինետից» է «լայվ» մտնում». «Պահանջատեր դիմորդ» շարժման անդամներն Արայիկ Հարությունյանին են սպասում

Հուլիս 27,2020 12:55

Բուհական ընդունելության քննությունների արդյունքներով առաջին հայտով նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների մի մասն ու նրանց ծնողներն այսօր բողոքի ցույցը շարունակում են ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում:

«Պահանջատեր դիմորդ» շարժման ներկայացուցիչ, դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը նախարարության ընդունարան մտավ, ապա դուրս եկավ: Նրան ընդառաջ էր եկել ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը:

«Մենք ձեզ կարող ենք առաջարկել հանդիպում ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ»,-ասաց Օֆելյա Կամավոսյանը: «Միայն նախարարի հետ…մենք ուզում ենք պաշտպանել կրթվելու սահմանադրական իրավունքը: Պարոն Թամրազյանի հետ այս հարցի վերաբերյալ հանդիպելու ցանկություն էլ չունենք»,-հնչեց Բաբալյանի պատասխանը: Նա նշեց՝ պահանջում են, որպեսզի չընդունված դիմորդների սահմանադրական իրավունքը վերականգնվի:

Հիշեցնենք՝ օրերս բողոքավորները հանդիպել էին ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, նա էլ առաջարկել էր օգտվել թափուր տեղերի մրցույթից:

 

«Եթե ձեզ հարցի լուծումն է հետաքրքրում, կարող եք պարոն Թամրազյանի հետ հանդիպել»,-նորից առաջարկեց Կամավոսյանը: «Չունենք նրա հետ հանդիպելու ցանկություն»,-պատասխանեց Մասիս Բաբալյանը:

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ուղիղ եթերին, որի ժամանակ նախարարը խոսել էր ընդունելության նոր՝ առաջին հայտին առաջնահերթությունը տվող կարգի եւ դրա ծանուցման մասին, Բաբալյանն ասաց. «Ձեր նախարարը չի տիրապետում, թե ինչ է նշանակում դիմորդին պատշաճ կերպով ծանուցել: Դրա համար երեք տարբերակ կա՝ առձեռն, փոստային առաքում, էլեկտրոնային հասցեով ծանուցում: Սրանցից որեւէ մեկը չի արել ԿԳՄՍ-ն, ԳԹԿ-ն էլ: Այդ ի՞նչ պատշաճ ծանուցման մասին էր խոսում նախարարը: Կամ, որ ասում է, թե ԳԹԿ-ի աշխատողները հեռուստատեսությամբ քանիցս խոսել են…դիմորդները պարապում են, պատշաճ ծանուցեիք, ասեիք, որ կառավարության որոշմամբ կարգ է փոխվել»:

Բաբալյանը միտում է տեսնում այն հանգամանքում, որ Արայիկ Հարությունյանն իրենց չի ուզում ընդունել. «Նա չի տիրապետում այս ամենի իրավական նորմերին: Մարդն իր «կաբինետից» է «լայվ» մտնում: Եթե գտնում է, որ իրավական առումով ամեն ինչ ճիշտ է արվել, թող դուրս գա եւ հանդիպի մեր եւ լրագրողների հետ: Այդ ժամանակ հանրությունը կտեղեկանա, որ իրականում նա ճիշտ չէ»:

Ինչ վերաբերում է նախարարի այն  հայտարարությանը, որ բարձր միավորներ ստացածները կարող են սեպտեմբերին դիմել հեռակա ուսուցման համար, Մասիս Բաբալյանը նկատեց. «Բայց դա նորություն չէ, եթե ուզում են մեզ լավություն «կերցրած» լինել, ապա ասեմ, որ մենք տեղյակ ենք դրանից: Մեզանից որեւէ մեկը չասաց, որ ուզում է հեռակա սովորել»:

Ապա Օֆելյա Կամավոսյանը լրագրողներին տեղեկացրեց՝ քննությունների առաջին փուլով դրական միավոր ստացած եւ չընդունված ու բողոք ներկայացրած դիմորդների թիվն 88 է. «88-ից լրացուցիչ փուլին դիմած 64 դիմորդից 63-ն ընդունվել է: 20-ը չի դիմել լրացուցիչ փուլին: Մեկ դիմորդ չի ընդունվել, իսկ չորս գերազանց միավոր ստացած դիմորդներին հանձնաժողովի որոշմամբ առաջարկվել է իրենց դիմում-հայտերին հաջորդ կրթական ծրագրին համապատասխան լուծում, որի համաձայն՝ այդ չորս դիմորդներն էլ ընտրվել են»:

Մասիս Բաբալյանը պնդեց՝ չընդունված դիմորդների թիվը քսան չէ, այլ ավելի. «Ներկայացված թվերն էական չեն: Մեզ հետ կան ծնողներ, որոնց երեխաները գերազանց գնահատականներ են ստացել, եւ նախարարությունը նրանց երկրորդ հայտի մասնագիտությամբ է ընդունել: Պատճառն այն է, որ տվյալ դիմորդներն ու ծնողները գիտակցում են՝ խնդիրը բոլորինն է, ոչ թե միայն իրենցը»:

Բաբալյանը հայտարարեց՝ մեկ ժամ սպասելու են Արայիկ Հարությունյանին: «Սպասելու կարիք չկա: Եթե հարցի լուծում եք ուզում, ձեզ կարող է ընդունել փոխնախարար Թամրազյանը»,-արձագանքեց Օֆելյա Կամավոսյանը: Բաբալյանն էլ պնդեց, որ հրաժարվում են փոխնախարարի հետ հանդիպումից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031