Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր կռիվ տալով «Հայոց գրականություն» առարկայի համար, մենք կռվում ենք ոչ միայն մեր պատմության, այլև մեր ապագայի համար. Ավետիք Չալաբյան

Հուլիս 27,2020 11:38

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը հանրակրթական չափորոշիչների վերաբերյալ:

Երեք շաբաթ առաջ ես գրել էի հանրակրթական նոր չափորոշիչների մասին, մանրամասն վերլուծության հիման վրա ցույց տվել, որ այն ընդհանուր նպատակ ունի՝ նվազեցնել կրթության մեջ ազգային բովանդակությունը, փոխարենը ավելացնելով կրթության ուտիլիտար բաղադրիչները։ Այն ժամանակ իշխանության մի շարք կողմնակիցներ փորձեցին վիճարկել դա, պնդելով, որ ոչ մի միտում չկա, սակայն դրան հետևած հանրային քննարկումները ցույց տվեցին, որ այն հաստատ կար, և ԿԳՄՍ նախարարությունը նույնիսկ փորձեց տարբեր հիմնավորումներ գտնել «սվաղելու» առավել ակնհայտ խնդիրները՝ օրինակ, որ ՆԶՊ առարկան անպայման տեղ կգտնի չափորոշիչներում ՊՆ հետ համաձայնեցումից հետո, և կամ դպրոցները իրենց հայեցողությամբ կարող են ավելացնել հայոց լեզվի ուսուցման ժամաքանակը, և այլն։

Անցած շաբաթ պարզ դարձավ նաև, որ ընդհանուր հանրակրթական չափորոշիչների ապազգայնացման միտումը շարունակելու են գալիս առանձին առարկայական չափորոշիչները։ Ամենաբուռն արձագանքը ստացավ հայոց գրականության առարկան, երբ պարզ դարձավ, որ ավագ դպրոցից ընդհանրապես հանվում է «Հայոց գրականությունը», և փոխարինվում է «Գրականություն» առարկայով, որում միախառնված են հայոց և համաշխարհային գրականության տարրեր, և հայկական մասում էլ էապես նվազեցված է հայոց դասական գրականության բաղադրիչը։ Այստեղ էլ միտումը նույնն է՝ ներկայացնել հայոց դասական մշակույթը որպես «արխայիկ», այսօրվա կյանքին ուղղակի առնչություն չունեցող, այն փոխարինել արտասահմանյան գրականությամբ, կամ որոշ դեպքերում ժամանակակից հայկականով, և ներկայացնել դա որպես «առաջադիմություն»։

Սակայն հայոց դասական գրականությունը մեր արժեհամակարգային հիմքն է, մեր ինքնության իրական առանցքը։ Հայերս դրանով ենք տարբերվում շատ ուրիշ ազգերից, որ խորապես սերտաճած ենք մեր պատմության հետ, և մեր մշակույթը շարունակական է և օրգանապես փոխկապակցված։ Հայ անհատը, սնվելով նրա շտեմարանից, կայանում է մեր հավաքական քաղաքակրթական առաքելության գիտակցությամբ, աշխարհի ցանկացած կետում շարունակում է պահպանել հավատարմությունը ազգին և հայրենիքին, և դա մեզ միավորում է որպես մի հզոր հավաքականություն։ Ունենալով այդ ամուր հիմքը, մնացած ամենը նաև էապես հեշտ է վրան ավելացնել, և իրականության մեջ հենց այդպես էլ տեղի է ունենում։

Բոլոր նրանք, ովքեր այսօր փորձում են աղճատել մեր քաղաքակրթական կոդը, շատ լավ հասկանում են, թե ինչ են անում, և բոլորովին պատահական չեն դա անում։ Նրանց պետք է հնազանդ հայի տեսակ, որը այլևս հասու չի լինի իր պատմությանը, որը կապրի միայն օրվա հրամայականով, որը կդառնա էժան և հեշտ ենթարկվող աշխատուժ՝ պտտացնելու համաշխարհային տնտեսության բազմաթիվ պտուտակներից մեկը։ Նրանց աղճատված պատկերացմամբ, դա նույնիսկ բարիք է հայերի համար, քանի որ կտրելով նրան իր պատմությունից, կտրում ես նաև այդ պատմության դժբախտ էջերից, և հնարավորություն տալիս «խաղաղ և բարեկեցիկ» ապրել ժամանակակից աշխարհում։ Սա սակայն խորագույն մոլորությունը է, և իրականում մի քանի սերնդի ընթացքում կբերի ազգի տարալուծման և ազգային պետության կորստի։

Այսօր կռիվ տալով «Հայոց գրականություն» առարկայի համար, մենք կռվում ենք ոչ միայն մեր պատմության, այլև մեր ապագայի համար, այն ապագայի, որում մենք շարունակում ենք ապրել որպես հայ, և դաստիարակել արժանապատիվ և նվիրյալ հայ զավակներ։ Ես ուրախ եմ, որ հասարակության ակտիվ մասը հենց այս գիտակցությամբ է ընկալում հարցը, և անցած շաբաթվա ընթացքում բազմաթիվ ձևերով արտահայտեց իր ընդվզումը։ Համոզված եմ, որ այն անարդյունք չի անցնի, և մենք առաջիկայում միահամուռ ուժերով կկարողանանք հետ մղել մեր ինքնության դեմ կազմակերպված այս հերթական հարձակումը:

«Ազգային օրակարգ» կուսակցության հանրային կապերի թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031