Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատել է Արցախի ականազերծման ծրագիրը

Հուլիս 27,2020 13:30

Ադրբեջանը հակազդում է գործընթացին

Հայկական կազմակերպություններին հաջողվել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հաստատել Արցախի ականազերծման ծրագիրը, որի դեմ բոլոր ուղղություններով աննախադեպ ակտիվ աշխատել է Ադրբեջանը: «Առավոտ»-ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը փաստում է՝ ծրագիրը պահպանելու շանսերն այս պահին մեծ են. «Սա բացառիկ հաղթանակ է մերոնց համար, քանի որ ԱՄՆ անվտանգության խորհուրդը լուրջ աշխատում էր ադրբեջանցիների հետ` ծրագիրը դադարեցնելու համար: Նախեւառաջ մի քանի կարեւոր առանձնահատկություն շեշտեմ ԱՄՆ-ի օրենսդրական գործընթացների վերաբերյալ: Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունում է օրենքի նախագիծը, հետո տարբեր բանաձեւեր են ավելացվում, եւ ուղարկվում է Սենատին: Վերջինիս ընդունելուց հետո էլ այն ուղարկվում է նախագահի վավերացմանը: Հիմա ունենք իրավիճակ, երբ ծրագիրը հաստատվել է ներկայացուցիչների պալատի կողմից: 1,4 միլիոն դոլարի հատկացում է եղել ականազերծման ծրագրին, որն ուղարկվել է Սենատ: Այսինքն, ներկայացուցիչների պալատն այս բանաձեւին արդեն իսկ հավանություն է տվել»:

Սուրեն Սարգսյանի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատում լսումներ եւ քննարկումներ կլինեն արդեն հոկտեմբերին. «Ընդունվելուց հետո բանաձեւը կուղարկվի նախագահի ստորագրմանը: Այս ծրագիրն ամեն տարի իրականացվում է»: Թե ինչպես է Ադրբեջանի քարոզչամեքենան հակազդում այս գործընթացին, մեր զրուցակիցը նշեց. «Ադրբեջանցիներն ակտիվ աշխատում են ԱՄՆ անվտանգության խորհրդի եւ պետքարտուղարության հետ, որպեսզի այս օգնությունը չտրամադրվի Արցախին:  Երբ պետքարտուղարությունը բյուջեի նախագիծն ուղարկում էր Կոնգրես, այս հոդվածն արդեն հանված էր, բայց մի քանի հայամետ կոնգրեսականների ջանքերով բանաձեւն ավելացվեց: Հուսանք, որ մինչեւ հոկտեմբեր ոչինչ չի փոխվի եւ բանաձեւն ուժի մեջ կմտնի օրենքի տրամաբանությամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել