Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես այդ տեղեկությունը գիշերն եմ ստացել, դեռ չեմ հասցրել ճշտել: Ես ուղղակի որպես ահազանգ եմ հնչեցնում այստեղ»

Հուլիս 27,2020 13:00

«Առավոտը» հերթական ծանուցագրերն է ստացել դատարաններից:

Հոկտեմբերի 19-ին նշանակվել է լրագրող Արթուր Հովհաննիսյանի հայցի հիման վրա նախնական դատական նիստը:

2018թ. հունվարի 15-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Ափինյանը որոշում կայացրեց լրագրող Արթուր Հովհաննիսյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության, երրորդ անձ՝ «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի` պատվի եւ արժանապատվության պաշտպանության պահանջի մասին, ընդունել վարույթ: Նախնական դատական նիստը նշանակվեց 2018 թվականի մայիսի 17-ին, ժամը 11:20-ին`Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Թբիլիսյան խճուղի):

6 նախնական դատական նիստից հետո գործը հանձնվեց դատավոր Լիլիթ Սարգսյանին: Այս տարվա մարտի 16-ից նրա որոշմամբ գործը նրա վարույթում է: 2 նախնական դատական նիստից հետո գործով նախնական դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 19-ին:

Հայցվորի կարծիքով, առողջապահության նախարարությունն իր պաշտոնական տեղեկատվությամբ մեղադրել էր իրեն՝ լրագրողին, կեղծիքին ապավինելու մեջ, ինչն իր հասցեին զրպարտանք է եւ վիրավորանք: Լրագրող Արթուր Հովհաննիսյանը 2018թ. դեկտեմբերի 11-ին «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում որպես լրագրող հանդես է եկել ասուլիսով՝ կապված նախորդ օրը իրեն հայտնի դարձած մի փաստի մասին՝ Շիրակի մարզի Այգաբաց գյուղի դպրոցում մարդու պապիլոմա վիրուսի դեմ գարդասիլ պատվաստանյութը տասներեքամյա աշակերտուհիներին պատվաստելու ձախողված փորձ է տեղի ունեցել, ծնողները «դպրոցից դուրս» են հրավիրել բուժաշխատողներին: Մեր լրատվամիջոցի «մեղքն» այն էր, որ լուսաբանել ենք ասուլիսը:

Լրագրողի հայցն ըստ էության ուղղված էր պաշտոնական կայքի դեմ;

Արթուր Հովհաննիսյանը հայտնել էր, որ տեղեկության չճշտելը պայմանավորված էր նրանով, որ ծնողներից փոխանցված տեղեկությունը ստացվել էր կեսգիշերին: Լրագրողը ասուլիսին այդ կապակցությամբ ասել էր. «Ես այդ տեղեկությունը գիշերն եմ ստացել, դեռ չեմ հասցրել ճշտել, կպարզենք: Ես ուղղակի որպես ահազանգ եմ հնչեցնում այստեղ եւ եթե պարզվեց, որ այդ լուրը համապատասխանում է իրականությանը, ապա Շիրակի մարզի Այգաբաց գյուղի պոլիկլինիկայի բժշկուհիները դրա համար (եւ ղեկավարությունը) խստորեն պատասխան են տալու: Ես խոստանում եմ լրագրողական հետաքննություն սկսել եւ ավարտին հասցնել, պարզել այս իրականությունը, թե ինչ է իրականում կատարվել, եթե նման բան չկա, մենք, իհարկե, կտեղեկացնենք, որ այդ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, բայց վայ այդ բժշկուհիներին, այստեղից ես հայտարարում եմ իրենց ի գիտություն»:

ՀՀ առողջապահության նախարարությունը ժամեր անց իր պաշտոնական կայքում «Պետք չէ ապավինել կեղծիքին. Շիրակի մարզի Այգաբաց համայնքի դպրոցում պատվաստումներ կատարելու փորձ չի եղել» վերնագրով տպագրում է պաշտոնական տեղեկատվություն:

Պաշտոնական կայքում գրված էր հետեւյալը. «Իսկ այսօր լրագրող Արթուր Հովհաննիսյանն իր ասուլիսում նշել է, թե իբր Շիրակի մարզի Այգաբաց համայնքում ծրագրի մեկնարկից առաջ փորձել են պատվաստումն իրականացնել դպրոցում: Եվ իբր ծնողները վռնդել են բժիշկներ կոչեցյալներին: Բանախոսն իրեն ապահովագրելու համար դիմել է լրագրողական հնարքի՝ նշելով, թե չի հասցրել ճշտել ստացված տեղեկատվությունը: Նախարարությունը խոսել է Այգաբացի դպրոցի տնօրենի հետ եւ պարզել, այնտեղ որեւէ մեկը չի պատրաստվում պատվաստում կատարել: Պարզապես սահմանված կարգով, համայնքի մանկաբույժը եւ բուժքույրը հանդիպում են ունեցել ծնողների հետ եւ ներկայացրել պատվաստման նպատակն ու ակնկալվող արդյունքը: Հանդիպմանը երեխաներ չեն մասնակցել, եւ որեւէ մեկը բուժաշխատողներին չի վռնդել: Այնպես որ, պետք չէ ապավինել կեղծիքին եւ ստահոդ լուրերին: Ժամանակն է սթափվելու»:

Հայցվոր գործընկերս նշում է, որ առողջապահության նախարարության կողմից տրված պաշտոնական տեղեկատվությունը տպագրվել է զանգվածային լրատվական միջոցներում, սակայն, չգիտես ինչու, նշում է միայն հղումը:

Լրագրող Արթուր Հովհաննիսյանը խնդրում է, որպեսզի ՀՀ առողջապահության նախարարությունն իր կայքում հերքի եւ իրենից՝ լրագրողից ներողություն խնդրի պաշտոնական տեղեկության համար, եւ պարտավորեցնի նաեւ վճռի պատճառաբանական եւ եզրափակիչ մասերը տպագրել «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի www.aravot.am կայքում:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Հարությունյանի որոշումը «Առավոտը» ստացել է երեկ «Հայփոստով»:

Արծրունի Իգիթյանի հայցը Յուրիկ Գրիգորյանի եւ Արզուման Գապոյանի դեմ է, «Առավոտը» երրորդ անձ է ճանաչվել: Հայցվորը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել եւ փոխհատուցում վճարել: Պատասխանողների ներկայացուցիչը դիմել էր դատարան, խնդրելով հայցադիմումի պատասխանը ներկայացնելու համար երկշաբաթվա ժամկետը երկարացնել: Դատարանը բավարարել է մասնակի՝ մեկ շաբաթ տրամադրելով:

Այն առնչվում է 29.04.2020 թվականի «Առավոտ»-ում հրապարակված Շիրակի մարզի Ախուրյան համայնքի կազմում ընդգրկված Կառնուտ բնակավայրի «ֆերմերների» հարցազրույցին: Երկու կողմերն էլ «Առավոտւմ» հանդես են եկել:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ծանուցմամբ էլ տեղեկանում ենք, որ դատավոր Աննա Արզումանյանի  վարույթում գտնվող Տիգրան Ծատուրյանի  հայցն ընդդեմ Սեւադա Խաչատրյանի, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու վնասի հատուցման պահանջի մասին, հուլիսի 27-ին նշանակվել է դատական նախնական նիստ:

Դատարանը տեղեկացնում է, որ պատասխանողները պատասխան չեն ուղարկել, դատավարական փաստաթղթերը համարվել են «Հանձնված»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031