20-րդ դարի ֆրանսիացի` համաշխարհային ճանաչում ունեցող գրող Ռոմեն Ռոլլանը գրել է. «Պատերազմին, որպես ծայրահեղ միջոցի, ձգտում են միայն սնանկ պետությունները: Պատերազմը պարտվող եւ հուսահատ խաղացող խաբեբաների ու խարդախների վերջին հաղթաթուղթն է»: Անընդհատ պատերազմով սպառնալը Ադրբեջանի ղեկավարության՝ երկրում կուտակված հիմնախնդիրները լուծելուց խույս տալու միջոց է պարզապես, իսկ հայ ժողովրդի նկատմամբ մշտապես հնչող ատելության, պատերազմի սպառնալիքի ու թշնամանքի կոչերը ավելի են սրում իրավիճակը, չգիտակցելով, որ պատերազմը դա չարիք է եւ առաջին հերթին կործանարար կարող է լինել հենց իրենց համար:
«Ամեն ոք, ով թեկուզ մեկ անգամ նայել է մարտի դաշտում մեռնող զինվորի ապակիացող աչքերին, մինչ պատերազմ սկսելը, նախ պետք է լավ մտածի».-գրել է Օտտո Ֆոն Բիսմարկը: Իսկ ատելությունն ու թշնամանքն ըստ էության թույլի ու վախկոտի հատկություն են: Չկա աշխարհում մի ժողովուրդ, որ պատերազմ ցանկանա եւ մենք՝ հայերս նույնպես բացառություն չենք:
Անհրաժեշտության դեպքում, սակայն, մենք կարող ենք նաեւ մեր զինվորների արյամբ խաղաղություն պարտադրել Ադրբեջանին, բայց գերադասում ենք խաղաղության հասնել երկու ժողովուրդների իմաստունությամբ ու խոհեմությամբ: Չէ՞ որ մենք Աստծո կամքով եւ ճակատագրի բերումով, դատապարտված ենք ադրբեջանցիների հետ ապրել կողք-կողքի, միասին: Չի կարելի անընդհատ ապրել չլուծված հակամարտության, թշնամանքի ու ատելության պայմաններում: Կարծում եմ, դա գիտակցում է նաեւ Ադրբեջանի ժողովուրդը:
Հայ զինվորի խիզախության մասին աշխարհը գիտի: Դեռեւս 243 – 273 թթ. Սասանյան Պարսկաստանի թագավոր, «արքայից արքա» Շապուհն է ասել. որ «Երանի նրան, ով հայոց գնդի տերն է. այդպիսի տիրասեր եւ միաբան ու միամիտք զորաց, որոնց գնդից ու նշաններից հուր ու բոց կելներ», իսկ ադրբեջանցիները դրա մեջ համոզվելու շատ առիթներ են ունեցել՝ ամենաթարմը՝ ապրիլյան պատերազմն ու տավուշյան դեպքերը՝ որպես օրինակ: Ինչպես տեսնում ենք՝ միջազգային հանրությունից արդարություն ակնկալել պետք չէ եւ 1915 թ.-ից այս կողմ ոչինչ չի փոխվել՝ ընդամենը անհասցե-հավասարակշռված, ձեւի համար հայտարարություններ եւ վերջ: Ըստ էության, խաղաղությունը մեր ձեռքերում է եւ խաղաղություն կունենանք, եթե միասնական ու համախմբված լինենք եւ հույսներս առաջին հերթին մեր վրա դնենք, իսկ պատմությունը վկայում է, որ երբ համախմբվում ենք, անպայման ունենում ենք հաղթանակներ, միայն թե համախմբվում ենք օրհասական պահերին: Ցավոք, մինչդեռ հասարակության պառակտվածությունը, այն յուրայինների եւ օտարների բաժանելու արատավոր ավանդույթը մեզանում նորություն չէ եւ հիմա էլ նույն վիճակն է տիրում: Մենք պատմության ընթացքում եւ նաեւ բախտորոշ պահերին աչքի չենք ընկել պատշաճ քաղաքական հեռատեսությամբ ու խոհեմությամբ, ինչը լրջորեն վնասում է մեր պետականությանն ու հասարակության համերաշխությանը եւ կասեցնում է երկրի առաջընթացը: Հաճախ մոռանում ենք, որ այս երկրում բոլորինս են հավասար թե հաղթանակները, թե պարտությունները, եւ պետք է լավ գիտակցենք, որ բոլորս նույն նավի մեջ ենք եւ որ նավը խորտակվելու դեպքում միասին ենք կործանվելու: Եթե անցած 30 տարիներին այս օրը ամեն րոպե աչքի առաջ ունենայինք, հանդես բերեինք պետական մտածողություն, ապա կունենայինք բոլորովին այլ Հայաստան:
Կարդացեք նաև
«…հողը, որ ստացանք, քարեր էին ու անապատ, որի վրա չկար ոչ մի բնական պաշար` ոչ ջուր, ոչ ոսկի, ոչ էլ նավթ: Չունեինք գեներալներ, ռազմական փորձ: Մենք պետք է խիզախ ու արի դառնայինք ու պիտի հասկանայինք, որ այլընտրանք չունենք` պիտի հաղթեինք: Եթե գեթ մի անգամ պարտվեինք, ապա` վե՛րջ… Սկսեցինք զենք արտադրել ու բանակը կատարելագործելու համար ստիպված էինք զարգացնել ՏՏ-ն: Մենք մտածեցինք` բնության մեծագույն հարստությունը մարդն է: Եթե ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, ապա պետք է աշխատել: Պետք է գիտությանը հետեւել: Գիտությունը սահման ու սահմանափակումներ չունի…:
Սրանք դասեր են, որ անցյալից եմ քաղել»: Կարծում եմ, այս իմաստուն մարդու՝ Իսրայելի նախագահ Շեմոն Պերեսի 2013թ. գրած խոսքերն ու խորհուրդները եւ հրեաների անցած ճանապարհը մեզ համար կարող են ուսանելի լինել, թե ինչպես կարելի է հզոր պետություն կառուցել: Իսրայելը ՄԱԿ-ի կողմից որպես պետություն ճանաչվեց 1947թ. եւ այս կարճ ժամանակաընթացքում գրեթե զրոյից ընդամենը 20 հազար ք/կմ տարածքի վրա, որի 70 տոկոսն անապատ են ու քարեր, հզոր պետություն է ստեղծել եւ այսօր ունի 370 միլիարդից ավելի ՀՆԱ ու 100 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք բյուջե, որոնք շուրջ 33 անգամ գերազանցում են ՀՀ համանման ցուցանիշներին: 1947թ. 450 հազարից Իսրայելի բնակչության թիվը ներկայումս հասցվել է շուրջ 8.5 միլիոնի, որոնց կերակրում են սեփական արտադրության գյուղմթերքներով եւ դեռ մի մասն էլ արտահանում են աշխարհի տարբեր երկրներ: Իսրայելում գիտակցում են, որ այսօր ամենակարեւոր ռեսուրսը գիտելիքն է եւ գիտության ու կրթության վրա բյուջետային հատկացումները միասին վերցված կազմում են շուրջ 38 միլիարդ դոլար, Հայաստանի համանման ցուցանիշի շուրջ 300 միլիոնի դիմաց: Արդյունքում Իսրայելն ապահովել է թռիչքային զարգացում եւ աշխարհում առաջատարներից է գիտության, առողջապահության, տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության, գյուղատնտեսության եւ ՏՏ ոլորտներում: Իսկ ռազմական ծախսերը 2019թ. կազմել են 21 միլիարդ դոլար եւ նրանց հետ այսօր աշխարհի հզորներն ու մի քանի հարյուր միլիոնանոց արաբական աշխարհն են հաշվի նստում: Ի դեպ, հրեաներն էլ մեզ նման ճակատագիր ունեն՝ փոքր երկիր են, ցեղասպանված են եւ շրջապատված են ոչ բարեկամ երկրներով:
Իսկ մենք նրանց ոչնչով չենք զիջում մեր տաղանդով: Ի տարբերություն Իսրայելի, մեզ տրվել է հարուստ բնական պաշարներով հրաշք երկիր, իսկ 1991թ. ժառանգություն ենք ստացել երկիր՝ շուրջ 4 մլն բնակչությամբ, բարեկարգ բնակավայրեր, արտադրական հզոր կարողություններ, բարձրաճաշակ մշակույթ, գիտական ու կրթական զարգացած համակարգ: Կունենանք խաղաղություն, եթե պատմությունից դասեր քաղենք, եթե փառքի ու շահի համար օտար ափեր փնտրելու փոխարեն սեփական երկիրը շենացնենք: Ի դեպ, շատ քիչ ազգերից ենք, որի սփյուռքը մի քանի անգամ գերազանցում է սեփական երկրի բնակչությանը: Վերջապես պե՞տք է՞ գիտակցենք, որ օտարի հողի վրա ստեղծածը, կառուցածը երբեք մերը չի կարող լինել:
«Հայրենիքում է քո եւ՛ անցյալը, եւ՛ ապագան։ Օտար երկրում՝ միմիայն ներկան», ասել է պրուսական գեներալ Հիրշֆելդը։ Իսկ արեւմտահայ բանաստեղծ, դրամատուրգ Մկրտիչ Պեշիկթաշլյանը գրել է. «Օտարության մեջ ապրող հայը նման է վարձով ապրող այն քաղաքացուն, ով զարդարում է այդ տան պատերը, իմանալով, որ վաղ, թե ուշ տանուտերը դուրս պետք է ձգե իրեն այդ տնեն»: Սեփական երկրում արժանապատիվ ապրելու փոխարեն, ստեղծվել էր մի մթնոլորտ, որտեղ հայ մարդը գերադասում էր լքել հայրենիքը եւ հաճախ նաեւ անարժանապատիվ գոյատեւել օտարության մեջ: Այսօր տարբեր աղբյուրների տվյալներով շուրջ 60-100 հազար հայաստանցիներ ապրում եւ աշխատում են Թուրքիայում՝ շենացնում են իրենց նախնիներին ցեղասպանած երկիրը եւ ենթադրաբար այնտեղ, ցավոք, ավելի ապահով ու պաշտպանված են զգում, քան իրենց հայրենիքում: Սա պատիվ չի բերում այս հանճարեղ ու վեհանձն ազգին: Վաղ թե ուշ պետք է կազմակերպենք հայրենադարձություն, սակայն նախ կարեւոր է, որ հայրենադարձների համար ստեղծենք սեփական երկրում արժանապատիվ ապրելու եւ աշխատելու բավարար պայմաններ:
Օրինակ, Իսրայելում ներգաղթյալների համար սահմանում են նպաստներ, նախատեսվում են արտոնություններ հարկերի վճարման, բժշկական ապահովագրության, կրթության, հիպոթեքային ու բիզնես վարկերի ստացման հարցում եւ այլն: Կարծում եմ՝ այդ նպատակով կարելի է նաեւ ստեղծել հատուկ հիմնադրամ: Մենք ունենք չօգտագործված ահռելի ներուժ: Իսկ մեր բերրի հողն ի վիճակի է կերակրելու աշխարհի բոլոր հայերին:
Ինչպես Շիրազը կասեր. «Բավ է, հայե՛ր, ցրված մնաք, մատներիս պես, բռունցքվելն է հավերժությունն Հայաստանի»: Մենք Բաքուն, այլ քաղաքներ եւ գյուղեր կառուցեցինք ու մեզ պարտադրեցին հեռանալ: Այսօր ուրիշ երկրներում ենք բնակավայրեր կառուցում ու նրանց տնտեսությունը զարգացնում, եւ վաղն էլ դրանք ենք թողնելու օտարին: Մենք բոլորս պետք է լավ գիտակցենք, որ այս մի կտոր հողն է համայն հայության հայրենիքը եւ այդ հողից մեկ մետր անգամ երբեւէ կորցնելու իրավունք չունենք: Մենք մեր ցանկացած հակառակորդի առանց պատերազմի ու արյան խաղաղություն կարող ենք պարտադրել, եթե անկախության 30 տարիներին ինքներս մեր սեփական երկիրը թալանելու փոխարեն շենացնեինք ու հզորացնեինք այն, եթե ունենայինք զարգացած տնտեսություն եւ 12 միլիարդ ՀՆԱ-ի ու 3 միլիարդ խղճուկ բյուջեի փոխարեն մի քանի անգամ ավելին ունենայինք, եթե 3 միլիոն բնակչության փոխարեն դրա կրկնակին ու եռակին լինեինք, երբ զարգացած կրթություն, գիտություն ու բարոյահոգեբանական առողջ միջավայր ունենայինք, երբ պատերազմի դաշտում հայ զինվորի հաղթանակները զուգակցվեն ճկուն ու գրագետ դիվանագիտությամբ, երբ զարգացած ռազմարդյունաբերություն ունենայինք եւ հայ զինվորը ժամանակակից սեփական արտադրության զենքով ապահովված լիներ, ինչի համար ունենք մտավոր ու գիտական անհրաժեշտ ներուժ, երբ բանակում ծառայելուց խուսափողն այս երկրում պարսավանքի արժանանար, այլ ոչ թե պատգամավոր ու նախարար դառնար, երբ զինվորականը մեծարվի ու գնահատվի ըստ արժանվույն:
Չափազանց կարեւորելով երկրի պաշտպանունակությունը, սակայն, հզոր երկիր եւ խաղաղություն ունենալու համար միաժամանակ մեր առաջնահերթ խնդրից պետք է լինի եւ պակաս կարեւոր չէ նաեւ նոր արժեհամակարգի, համերաշխության եւ բարոյական միջավայրի ձեւավորումը: Այս առնչությամբ 1917թ. Մեծն Թումանյանը գրել է. «Մենք պատերազմի շրջանում ենք, երբ ռազմիկի արժեքը շատ է բարձրացել, սակայն չպիտի մոռանալ, որ կա նաեւ խավարի ու լուսի պայքար…»:
Կունենանք հաղթանակներ եւ խաղաղություն, եթե լինենք խոհեմ, համերաշխ, եթե համախմբվենք պետության շուրջը՝ վեր կանգնելով անձնական ամբիցիաներից, եթե միմյանց նկատմամբ լինենք բարիացակամ, բարեխղճորեն կատարենք մեր պարտականությունները, հարգանքով վերաբերվենք ազգային արժեքներին, պետությանը եւ իշխանություններին, լինենք օրինապաշտ, կազմակերպված, սրտացավ հանրային՝ պետական ունեցվածքի նկատմամբ, ազգային՝ պետական շահը գերադասենք անձնական եւ կուսակցական շահից, երբ ազգային արժանապատվությունը, հայրենիքն ու պետականությունը մեզ համար լինեն գերագույն արժեք:
Կկարողանա՞նք դա անել, կհաղթահարենք ցանկացած փորձություն եւ կունենանք հաղթանակներ ու խաղաղություն:
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
տնտեսագիտության թեկնածու
«Առավոտ» օրաթերթ
25.07.2020