Լրահոս
Օրվա լրահոսը

Վերակառուցված օջախում Հաղթանակի տոնակատարության օրը չի ուշանա

Հուլիս 27,2020 12:00

Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես…

Ծանոթ ու հարազատ անուններ…

Առաջինը հայրական տունս է: Մովսեսը՝ մայրական: Իսկ Այգեպարը՝ երկուսին իրար կապող նույնքան հարազատ օջախ, որ գտնվում է մեր գյուղի վարչական տարածքում՝ գործարանային ավանի կարգավիճակով: Ժամանակին իր մեծ արտադրական կարողություններով (ծխախոտի, գինու եւ պահածոների) հնչեցրել է Հայաստան անունը:

Այսօր այդ ամենն ավերված է …

Ներքին Կարմիրաղբյուրն ունի փառավոր անցալ, ներկա, եւ վստահաբար՝ նաեւ ապագա…

Հայրենիքին տվել է ռազմական, գիտության ու մշակույթի գործիչներ, նշանավոր մարզիկներ….

«Արարատ» լեգենդար ֆուտբոլային թիմին տվել է ի՛ր խաղացողը, պատիվ է ունեցել ընկերական հանդիպում կազմակերպել գյուղում…

Գյուղը համարվում է նաեւ օլիմպիական չեմպիոնի գյուղ (Արսեն Գալստյան, ձյուդո, 2012, Լոնդոն, ՌԴ թիմի առաջին հաղթողը):

Ունենք նաեւ մարմնամարզիկ, հանրապետության վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար…

Երկար տարիներ թիրախավորված լինելով հակառակորդի կողմից՝ գյուղը բազմաթիվ կորուստներ եւ ավերածություններ է տեսել, սակայն չի դադարել կառուցել ու վերակառուցել …

Թշնամու վերջին շաբաթվա սադրանքը եւս թիրախավորված էր խաղաղ բնակավայրերին եւ այլեւս համբերության տեղ չթողեց…

Հայոց փառապանծ բանակը աննախադեպ եւ հուժկու հարված հրամցրեց գիշատիչ գազանին…

Եղան ավերածություններ, թիրախավորված կառույցներ, բարեբախտաբար՝ առանց մարդկային զոհերի…

Սակայն ա՛յս անգամ ի թիվս վնասված այլ առանձնատների՝ ուղղակի ավերվեց նաեւ հայրական օջախս… հարվածը ուղիղ սրտիս կենտրոնին էր..

Ու ես, երբ տարիներ առաջ, որդիական պարտքս էի կատարում՝ հավաքագրել եւ միջազգային որոշ կառույցների ու անհատների ներկայացնել ավերված կառույցների լուսանկարները, ա՛յս անգամ չկարողացա  մոտենալ հայրական օջախիս…վտանգը մեծ էր…

Շնչահեղձ լինելու չափ սիրտս տրոփում է, թե երբ պիտի հասնեմ եւ ներողամտություն հայցեմ հարազատ ու վիրավոր օջախիս, շունչ ու կենդանություն հաղորդեմ եւ վերստին գունավորեմ հայրենական հուշերն ու հիշողությունները….

Ավելի քան համոզված եմ,  որ այդ հանդիպումը չի ուշանա, մանավանդ որ հայրենի կառավարությունը առավելագույն ջանքեր է գործադրում վերացնելու ավերածությունների հետեւանքները եւ մարդկանց  օր առաջ վերադարձնելու խաղաղ ու բնականոն կյանքի:

…Կարծում եմ՝ հայրական վերակառուցված օջախում վերջնական Հաղթանակի տոնակատարության օրն էլ՝ չի՛ ուշանա…

Նվերա ԳԱԼՍՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031