Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Ռուսաստան. Դաշնակիցների միջեւ չհասկացվածությունը ծնում է կասկածամտություն, վերաճում հակասության, կրելով թշնամության պոտենցիալ

Հուլիս 27,2020 14:30

Տպավորություն է ստեղծվում, որ ցանկացած առիթով եւ անգամ անառիթ Կրեմլին հղում անելը դառնում է որոշակի շրջանակների սիրած գործիքը Հայաստանի ներքաղաքական պայքարում։ Նա, ով փոքրիշատե հասկանում է Կրեմլի քաղաքականությունը, իհարկե, չի տպավորվի նման հայտարարություններով։ Այդ իսկ պատճառով, ցանկանում եմ Հայ-ռուսական հարաբերություններին անդրադառնալ ավելի լայն համատեքստում։ Ավելի շուտ՝ համառոտ անդրադառնալ ժամանակակից Ռուսաստանին, ինչը, հնարավոր է, կնպաստի մի փոքր այլ կերպ նայել կատարվող իրադարձություններին։ Ռուսաստանի հետ հարաբերությունները, անշուշտ, առանցքային դեր են խաղում Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը որոշելիս, անվտանգության ու զարգացման ռազմավարությունը մշակելիս (կարելի է անգամ օգտագործել գոյատեւում տերմինը)։ Հատկապես այդ պատճառով նշված հարաբերությունները հաճախ դառնում են տարաբնույթ մանիպուլյացիաների թեմա, երբեմն ստանալով բութ ռուսատյացության միանգամայն այլանդակ ձեւեր։ Այդ ռուսատյացությունը ոչնչով ամրապնդված չէ, բացի կուրատորների պատվերով ու մեթոդական ցուցումներով հասարակական կարծիքը մշակելու անհրաժեշությամբ։

Մինչդեռ, «realpolitik» իրականացնելու կարեւորության գիտակցումը պահանջում է հստակ պատկերացնել ժամանակակից Ռուսաստանի գլոբալ շահերը։ Այն թեպետ իրավահաջորդն է Ռուսական կայսրության ու Խորհրդային Միության, բայց հիմնականում ձերբազատված է նախկին, առաջին հերթին իր իսկ համար կործանարար կարծրատիպերից։ Նկատի ունեմ, պայմանական անվանենք՝ «Հակառակ կայսրություն», ռուսական կոնցեպտը։ Պատմությանը հայտնի բոլոր կայսրությունները, որպես կանոն, սնվում էին ու բարգավաճում մետրոպոլիաների հաշվին, բերելով նրանց «քաղաքակրթություն եւ լուսավորում», իհարկե։

Իրականում անխնա դուրս էր բերվում ցանկացած ռեսուրս, ընդուպ՝ մարդկային, բայց, ինչպես բացատրվում էր, բացառապես բարի նպատակով։ Ռուսական կայսրությունը բոլոր ժամանակներում տարածքներին տվել է ավելին, քան վերցրել։ Կամ կերակրել է, այսպես ասած՝ լոյալության համար, կամ էլ միացրել, տարածելով իր իրավասությունը, այդ թվում կցված տարածքների համար բոլոր իրավունքներով, ներառյալ լեզվի եւ մշակույթի պաշտպանությունը։ «Ավագ եղբայր» հասկացությունը ոչ միայն գործերի իրական վիճակի գեղարվեստական բնորոշում է, այլեւ անկեղծորեն իրեն այդպիսին զգալու հոգեվիճակ, դրանից բխող վարքային կոդով։ Ռուսաստանը հիմա էլ է կայսրություն, այլ կերպ նա չի կարող գոյատեւել ներկայիս սահմաններում, բայց Ռուսաստանն այժմ ներառական կայսրություն է՝ կայսրություն իր մեջ, առանց ցանկության որեւէ մեկին միացնելու իրեն եւ շարունակելու կերակրել (Եթե որեւէ մեկը կցանկանա հիշել Ղրիմի հետ կապված պատմությունը, թող առաջին հերթին ուսումնասիրի Ղրիմի պատմությունը)։

Եթե ձեւակերպենք ժամանակակից տերմինաբանությամբ, Ռուսաստանը ծայրահեղ ձախ հայացքներից չի նետվել ծայրահեղ աջ, այլ, մնալով կենտրոնում, ամրագրել է իր կայսրության սահմաններն ու սեփական շահերը։ Իհարկե, շահերի սահմանները շատ ավելի լայն են, քան բուն կայսրության, բայց դա թելադրված է անհրաժեշտությամբ՝ ապահովել ամբողջականությունը եւ կայսրության առաջընթացը։ Իրողություն, որի հետ հաշվի չնստելը բացարձակ անհեռատեսություն է, որքան էլ որ դա խռովի որոշ շրջանակների անդորրը։ Ով չի ցանկանում հասկանալ, թե ինչու է Ռուսաստանը մինչ այժմ կայսրություն, թող նայի քարտեզին, ուսումնասիրի տեղեկագրերը, թե որքան ազգ ու ազգություն են բնակվում երկրում, կրոններ ու կրոնական ուղղություններ կողք կողքի խաղաղ գոյակցում։ Եվ ինչ հոգատարությամբ է Ռուսաստանի ժողովուրդը վերաբերվում իր կայսրությանն ու նրա հատկապես այդ կարգավիճակին։ Այո, կայսրությանը, քանի որ իրենց հայրենիքը այդպիսին էլ կա, եղել է ու կլինի։ Դա, ի դեպ, որեւէ կերպ պայմանավորված չէ տնտեսա-քաղաքական կարգով, ժողովրդավարության, ավտոկրատիայի կամ դիկտատուրայի մակարդակով, տնտեսության մեջ ազատականության աստիճանով եւ այլն։ Կայսրության բնորոշումներն այլ տրամաբանության մեջ են։

Ռուսաստանը պետք է նորովի ճանաչել, որպեսզի հասկանալ նրա շահերը, իրականացվող քաղաքականությունը, մոտեցումները՝ ընկերների ու թշնամիների ընտրության հարցում, առաջինների ու երկրորդների գնահատման չափանիշները, միջնաժամկետ ու երկարաժամկետ ձգտումները, որպեսզի չսխալվել գնահատականների մեջ, ու, Աստված մի արասցե, առավելեւս ձեռնարկվող գործողությունների։ Ռուսաստանին, վատագույն դեպքում կարելի է նույնիսկ չսիրել, բայց դրա հետ մեկտեղ բացարձակապես հարկ չկա թշնամաբար վերաբերվել, դա ոչ միայն անիմաստ է, այլեւ խիստ վտանգավոր։ Ժամանակակից Ռուսաստանը կարիք չունի վասալների, դա հակասում է նրա ռազմավարությանը, ինչի մասին գրել եմ վերեւում։ Վասալներին պետք է կերակրել, հոգալ նրանց ոչ միայն անվտանգության ու առհասարակ գոյության, այլեւ բազմաթիվ ուրիշ մանր-մունր հոգսերը։ Ռուսաստանին պետք են դաշնակիցներ ու գործընկերներ, լիիրավ, իրեն հարգող, հասկացող՝ ինչպես սեփական, այնպես էլ դաշնակցի շահերը։ Ռուսաստանը չի հանդուրժում երկակի խաղը, կեղծիքը՝ հարաբերությունների մեջ, անհուսալիությունը, գավառական խորամանկությունը եւ այլ նման բաներ։ Իսկ ո՞վ է դա սիրում։

Վերլուծելով Հայաստանի գլոբալ շահերը, պետք է պարզապես դրանք պրոյեկտել Ռուսաստանի շահերին, գտնել շատ ընդհանրություններ, որոնք անշուշտ կան, առաջընթաց քայլերով զարգացնել բոլոր այդ ուղղությունները եւ գտնել ընդունելի կոմպրոմիսներ այն հարցերում, որտեղ որոշակի շահեր ռազմավարական տեսանկյունից չեն հակասում մեկ մեկու, բայց մարտավարական առումով կարող են մասնակի անհարմարություններ պատճառել։ Ռուսաստանին պետք են բարեկամներ, որոնք անհրաժեշտության դեպքում ունակ են պաշտպանել նրա շահերը, իսկ դրա համար նրանք պետք է կարողանան առաջին հերթին պաշտպանել սեփական շահերը։ Այսպիսին է այսօրվա Ռուսաստանը՝ լիովին կանխատեսելի, հետեւողական, ինքնավստահ եւ վճռական՝ սեփական ու դաշնակիցների շահերի պաշտպանության հարցում։ Այդ ամենը վերջին տարիներին բազում անգամներ ցուցադրվել է գործնականում։ Մնացած այլ մտացածին պատկերացումները Ռուսաստանի մասին կամ չիմացության արդյունք է, կամ էլ պատվիրված քարոզչություն եւ տարաբնույթ մանիպուլյացիաներ։

Եթե փորձենք ձեւակերպել Ռուսաստանի հետ համագործակցության բանաձեւը, ապա այն մոտավորապես այսպիսի տեսք կունենա. «Ամուր ռազմա-քաղաքական միություն, հուսալի եւ փոխշահավետ տնտեսական համագործակցություն, մշակութային հարգալից փոխանակություն»։

Աշոտ ԱՆՏԻՆՅԱՆ

քաղաքագետ, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ
25.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031