Լրահոս
Օրվա լրահոսը

Ատելության ինդուստրիա

Հուլիս 26,2020 22:00

Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց գրառմանը կարելի է տարբեր ձեւերով վերաբերվել: Իր Ֆեյսբուքյան էջում նա ազատ է գրելու այն ամենն, ինչ ուզում է: Կարելի է տարբեր կերպ գնահատել նրա մտքերը՝ դրանք հրապարակված են, եւ որպես հետեւանք, կարող են քննարկվել: Կարելի է տարբեր կերպ գնահատել նրա անձը՝ նա հանրային անձ է եւ պետք է պատրաստ լինի տարաբնույթ գնահատականների: Սակայն սթափ մտածող մարդը պետք է մտածի՝ այդ ինչո՞ւ մեր հասարակությունը, որ մինչ այդ չէր էլ նկատում Մարգարիտա Սիմոնյանի գոյությունը, հանկարծ միահամուռ սկսեց նրան ատել: Ոչ թե քննադատել, ոչ թե անհամաձայնություն հայտնել, վիճաբանել, այլ հատկապես՝ ատել:

Անտարակույս, նա հանդես է եկել սադրիչ բովանդակությամբ հրապարակումով: Մեծաթիվ տարօրինակ (եթե շատ զուսպ խոսենք) մտքերով լի: Եվ արժանացել է համախմբված ատելության: Դե ինչ արած, մեր դարում դա հազվադեպ բան չէ:
Նույնքան կանխատեսելի ատելության կարճատեւ ժայթքում տեղի ունեցավ բիզնեսմեն Սամվել Կարապետյանի հանդեպ, երբ պարզվեց, որ նա մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի համար նախատեսված ռեկորդային բարձր գրավի մուծմանը: Սակայն հետաքրքիր է, որ մոսկովյան շուկաներում հայկական ծիրանի ճգնաժամի լուծման համար ոչ ոք նրան գովերգող ձոներ չնվիրեց:

Ես չէի կենտրոնանա այս երկու դեպքերի վրա, եթե դրանք չլինեին համաշխարհային, միջազգային միտումների մի մասնիկը՝ մարդիկ սկսել են կամաց-կամաց գիտակցել, որ սոցիալական ցանցերը դարձել են այն տեղը, որտեղ մարդկությունը մրցում է տարբերությունների արտահայտման մեջ: Իսկ տարբերվողներին ատելն ամենահեշտն է: (Վերոհիշյալի մասին կա հետաքրքիր ուսումնասիրություն, որը հայտնի է SMM-ի ոլորտի ցանկացած մասնագետի՝ եթե դուք սոցցանցերում տեսնում եք կոչ՝ ինչ-որ մեկին սիրել, իմացեք կա մեկ, իսկ ավելի հաճախ՝ մի քանի հոգի, որոնք դրա համար ստանում են յուղոտ կտորներ):

Նայեք, թե ինչ է կատարվում աշխարհում՝ սոցցանցերը պայթում են ռասսայական, անհավասարության մասին քննարկումներից ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ մնացած աշխարհում, Ջոնի Դեփի եւ Ամբեր Հերդի ընտանիքում իրական կամ հորինված ծեծկռտուքի ֆոնի վրա սեռական անհավասարության մասին քննարկումներից՝ ԱՄՆ-ում, ռուսալեզու համացանցում սկսվել է սեռական ոտնձգությունների մասին խոստովանությունների հերթական ալիքը, եւ չի դադարում կորոնավիրուսի վերաբերյալ «բոլոլան»: Ինչպես բոլոր ինտերնետային վեճերում, այս բոլոր դեպքերում կարեւոր է ոչ թե հասկանալ հակառակ կողմին, այլ պարզապես խոսակցությունը հանգեցնել նրան, որպեսզի որքան հնարավոր է անցնել վիրավորանքներին, իսկ հակառակ կողմին գցել ատելիների ցանկը:

Այս ամենից կան մի քանի հետաքրքիր հետեւանքներ: Առաջինը՝ համատարած կոնֆորմիզմ: Մեզ, որ սովոր ենք մտածել, որ «նոնկոնֆորմիզմը»՝ չհարմարվողականությունը ինչ-որ դրական բան է, եւ կարդում ենք Քիփլինգ (ի դեպ, խորհուրդ եմ տալիս անպայման ընթերցել հանրահայտ If-ի Ռուբէն Թարումեանի թարգմանությունը) փոխարինելու է գալիս համացանցային թունավորումից ամեն գնով խուսափող հասարակությունը: Երկրորդ՝ մեզ, որ սովորեցրել են, թե թունավորելը լավ բան չէ, փոխարինում է այդ թունավորմանը հաճույքով մասնակցողների հասարակությունը: Երրորդ՝ «քիբերբուլինգի»՝ համացանցային համատարած ծաղրի եւ հետապնդումների թիրախ կարելի է դառնալ ցանկացած պատճառով (Քեյվին Սփեյսիի դեմ չապացուցված մեղադրանքները, որոնք նրան կարիերա արժանացան՝ դրա ապացույցն է), եւ անգամ դրական գործերը չեն չեղարկում «հանրային» զայրույթը՝ Սամվել Կարապետյանը՝ ձեզ օրինակ:

Սոցիալական ցանցերի հանրությունը, որն ընդունակ չէ որեւէ այլ բանի, քան ատելության գեներացումից, դարձել է մեր ժամանակների դատախազը, դատավորն ու դահիճը: Եվ դրա հետ ստիպված ենք հաշվի նստել:

Ս.Յ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031