Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայտնի բանաստեղծների անհայտ էջերից»․ պոեզիայի տոն՝ թբիլիսահայ համայնքում

Հուլիս 26,2020 21:07

Թբիլիսահայ համայնքում արձանագրվող հայ գրականությանը, ի մասնավորի հայ պոեզիային նվիրված միջոցառումները բազմաթիվ են: Բայց այս վերջինը, որն իրականացվեց 2020 թվականի հուլիսի 25-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում, կրում էր «Հայտնի բանաստեղծների անհայտ էջերից» խորհրդավոր և ընդգրկուն խորագիրը: Այն մարտի 21-ին նշվող պոեզիայի միջազգային օրվան նվիրված ուշացած, բայց անդրանիկ արձագանքն էր վիրահայոց թեմում:

Միջոցառումը նախաձեռնել էր թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգված այս միջոցառումը դարձավ թբիլիահայ համայնքային առօրյային վերադառնալու առաջին ծիծեռնակը, որն իրականացվեց Սայաթ-Նովայի, առաջնորդանիստ եկեղեցու բակում հանգչող ազգի արժանավոր զավակների երկնային օրհնությամբ և չափածո խոսքի սիրահար հոծ բազմության ներկայությամբ:

Պոեզիայի հորձանուտում հայոց մեծերի ստեղծագործությունների էջերը թերթելու և նրանց հմայքը ըմբոշխնելու էին եկել բանաստեղծական արվեստի սիրահարներ, թբիլիսահայ համայնքի տարբեր սերունդների ներկայացուցիչներ:

Երեկոյան ժամերգությունից հետո Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնաբեր ներկայությամբ միջոցառումը բացեց «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանը, միջոցառումը վարելու արտոնությունը փոխանցելով երեկոյի կազմակերպիչ Գոհար Մազմանյանին:

Անսպառ է հայոց պոեզիան իր կարկառուն դեմքերով, իր շողշողուն գոհարներով, իր նուրբ և սրտահույզ տողերով, իր մեղմ երաժշտականությամբ, իր մշտահմա արդիականությամբ: Եվ այդ գոհարները փայլատակեցին մանկական, սիրային, հայրենասիրական, փիլիսոփայական, հոգևոր, թարգմանական նմուշներով, որ ներկայացրեցին թիվ 104 դպրոցի սաները, Վիրահայոց թեմի. Սբ. Գրիգոր Նարեկացի» և «Սուրբ Եղիա մարգարե» մեկօրյա վարժարանների սովորողները, պարզապես պոեզիայի երկրպագու համայնքային գործիչները: Նահապետ Քուչակի, Գրիգոր Նարեկացու, Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Հովհաննես Շիրազի, Սիլվա Կապուտիկյանի, Հենրիխ Սահակյանի, Միքայել Ախտյանի, Անահիտ Բոստանջյանի, Գուրի Եթերի, Ժորա Սնխչյանի և ուրիշների ստեղծագործություններից, մանկական գրականության գոհարների և չափածոյի անդաստանից մեկական նմուշ հնչեց այն անձանց կողմից, ում համար հատկապես սրտամոտ են, սիրելի, հոգեհարազատ այդ տողերը, ուղեկցվելով համարժեք մեկնաբանություններով: Հայ գոհարները հնչեցին վրացերեն, ռուսերեն որպես թարգմանական բարձրարժեք վարպետության նմուշներ:

Հայ-վրացական գրական կապերի մեծավարպետ, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը սկայպի միջոցով միանալով պոեզիայի երեկոյին, ընթերցեց Տերենտի Գրանելուն նվիրած Վիկտոր Հովսեփյանի բանաստեղծությունը: Իսկ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանն ընթերցեց Հովհան Ոսկեբերանի «Ճառերից»:

Օրհնության խոսքով միջոցառումն ամփոփեց առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: Անդրադարձ կատարելով պոեզիայի երեկոյին, Հայր Սուրբը բարձր գնահատեց հետաքրքիր ձևաչափով, հարց ու պատասխանով, երգով ու արտասանությամբ, դերասանական արվեստով համեմված միջոցառումը, նաև հորդորելով ներկաներին մեր միասնությունը դրսևորել միմյանց նկատմամբ սիրով, ժպիտով, բարու արտահայտությամբ:

Բարձր մակարդակով կազմակերպված միջոցառումը յուրաքանչյուր մասնակցի համար դարձավ չափածո խոսքով արտահայտված հույզն ու զգացումը յուրովի արտահայտելու, մեկնաբանելու, ինչպես նաև հայ գրականության անտակ ծովում նավարկելու գեղեցիկ հնարավորություն:

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031