Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարը հրապարակեց բուհ ընդունվածների թիվն ու պատմեց՝ ինչ լուծում են գտել աղմուկ հանած ընդունելության քննություններին 18 եւ ավելի միավոր ստացած դիմորդների համար

Հուլիս 26,2020 20:48

Գնահատման ու թեստավորման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ 2020 թվականի ընդունելության միասնական քննություններին հայտագրվել է 11979 դիմորդ: Միասնական քննություններին մասնակցել է 11648 դիմորդ: Դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ, որում ներառված չեն ռազմական եւ գերատեսչական բուհերի ուսանողները եւ որից բարձրագույն ուսումնական հաստատություններ հիմնական փուլով ընդունվել է 8706 դիմորդ:

Այսօր այսպիսի տվյալներ իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ երեկ լրացուցիչ փուլով ավարտվել է թափուր տեղերի մրցույթը: Ըստ նախարարի, թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքով ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49-ը:

«Արդյունքում՝ դրական գնահատական ստացած ու բարձրագույն ուսումնական հաստատություններ միասնական քննությունների արդյունքում չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբերին հեռակա ընդունելության ժամանակ պահպանելով իրենց գնահատականները՝ դիմել բուհեր: Այն համակարգը, որ մշակում ենք, որը շատ քիչ հնարավորություն է տալիս, որ իրենք կարող են չընդունվել, ըստ էության հեռակայով այս ընդունելությունը կկազմակերպվի»,-ասաց պարոն Հարությունյանը:

Նրա խոսքով, ընթացքում քննարկվել է աղմուկ հանած ընդունելության քննությունների հարցը. «Քննարկեցինք, որ  18 եւ ավելի գնահատական են ստացել, չեն ընդունվել: Այստեղ էլ լուծում ենք գտել: Տեղեկացնում եմ, որ այս տարի միասնական քննության արդյունքում գերազանց՝ 18  եւ ավելի միավոր ստացած, բայց բուհ չընդունված 6 դիմորդի առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ, եւ վեցից արձագանքել է 4 դիմորդ»: Արայիկ Հարությունյանն ասաց, որ իրականությանը չեն համապատասխանում այն դժգոհությունները, որ նոր կարգի մասին պատշաճ իրազեկում չի եղել: Նախարարը ուղիղ եթերի ընթացքում միացրեց ապրիլին հրապարակված իր ելույթը, որտեղ բացատրում էր նոր կարգը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031