ԿՈՎԻԴ-19 համավարակի հաղթահարման ճանապարհին մեզնից շատերն ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում ոչ միայն անձնական հիգիենային ու մաքրությանը, այլև տան մաքրությանն ու կարգուկանոնին։ Սովորական դարձած մաքրող միջոցների կողքին հայտնվում են փոշու և ախտածինների դեմ պայքարող ագրեսիվ քիմիական միջոցներ, որոնք, ճիշտ է, լավ կատարում են իրենց գործառույթը, բայց և պարունակում են թունավոր միացություններ, որոնց ազդեցությունն առողջության վրա ամենևին էլ դրական չէ։
Մաքրող բուրավետ միջոցներն ու օդը թարմացնող սփրեյները մի կողմից մաքրության զգացողություն են ստեղծում՝ տանը տարածելով կիտրոնի կամ թարմ քաղած խոտի թարմ տրամադրություն, մյուս կողմից էլ կարող են աչքերի գրգռվածություն, գլխապտույտ կամ սրտխառնոց առաջացնել, իսկ երկարատև և ոչ չափավոր օգտագործման դեպքում անգամ վնասել լյարդը, երիկամներն ու կենտրոնական նյարդային համակարգը։
Քիմիական մաքրող պրոֆեսիոնալ միջոցները պարունակում են ավելի քան 132 քիմիական միացություններ՝ ներառյալ բուրավետիչներ, գլիկոլներ, մակերեսային ակտիվ նյութեր, լուծիչներ, ֆոսֆատներ և այլն։
Տանն էկոլոգիական ավելի բարենպաստ միջավայր ստեղծելու լավ տարբերակ են մաքրող բնական միջոցները, դրանցից մենք առանձնացրել ենք ամենահասանելի տեսակները․
Կարդացեք նաև
1․ Կերակրի սոդա – 1986թ․-ին Ազատության արձանի 100-ամյակին նախապատրաստվելիս արձանը մաքրելու համար օգտագործվեց ավելի քան 100 տոննա կերակրի սոդա, և եթե այդ խնդիրը կերակրի սոդան պատվով կատարեց, ապա ամենօրյա մաքրության հարցն այն հաստատ կլուծի։
- Սոդան կարող է մաքրել մետաղյա և ֆոսֆորե մակերեսները՝ դրանց վրա հետքեր չթողնելով։
- Սոդան կարող է մաքրել ջեռոցը․ ջեռոցի հատակին լցրեք մոտ մեկ բաժակ սոդա, այնուհետև այնքան ջուր, որ ստացվի մածուկանման զանգված։ Այդպես թողեք ողջ գիշեր։ Առավոտյան կուտակված ճարպը մաքրելն ավելի հեշտ կլինի, իսկ մնացած հետքերն արդեն լիովին կվերանան սպունգի և օճառի օգնությամբ։
- Սոդան արդյունավետ է կոյուղին մաքրելու համար։ Կոյուղու մեջ լցրեք 0,5-1 բաժակ սոդա, այնուհետև դանդաղ ավելացրեք 0,5-1 բաժակ քացախ։ Փակեք զուգարանակոնքը և թողեք 15 րոպե։ Եթե այն սկսի պղպջակներ արձակել, ուրեմն ամեն ինչ կարգին է․ այնուհետև կոյուղին մաքրեք եռման ջրով։
- Սոդան կարող է հոտազերծել չոր գորգը․ այն ցանեք գորգի վրա, սպասեք 15 րոպե կամ մի փոքր ավելի, այնուհետև մաքրեք գորգը փոշեծծիչով։
2. Սպիտակ քացախ– Թորած սպիտակ քացախն արդյունավետորեն ախտահանում է մակերեսները՝ պայքարելով այնպիսի բակտերիաների դեմ, ինչպիսիք են աղիքային ցուպիկը, սալմոնելլան և այլն։ Շատ արդյունավետ է քացախի համադրումը ջրածնի պերօքսիդի հետ։
- Ջրի և քացախի խառնուրդը հիանալի միջոց է ապակե մակերեսների մաքրման համար, իսկ եթե ցանկանում եք բնական եղանակով մաքրել լվացարանը, սալիկապատ հատակները և այլն, ապա դրանց վրա սոդա ցանեք, այնուհետև սոդայի վրա ցողեք քացախաջրի խառնուրդն ու մաքրեք սպունգի օգնությամբ։
- Քացախաջուրն ունիվերսալ միջոց է նաև խոհանոցի մաքրման համար, սակայն քարե սեղանածածկի համար ավելի ճիշտ կլինի օգտագործել բժշկական սպիրտը կամ օղին, քանի որ թթվայնությունը կարող է վնասել մակերեսների որոշ տեսակները, օրինակ՝ մարմարը և գրանիտը։
- Եթե անհրաժեշտ է մաքրել բորբոսը լոգարանում կամ խոհանոցում, ապա դրա վրա քացախ ցողեք և թողեք 30 րոպե, այնուհետև լվացրեք տաք ջրի և սպունգի օգնությամբ։
3. Կիտրոն – Կիտրոնի հյութն ու կեղևը կարող են շատ լավ ծառայել տան մաքրության և հոտազերծման համար։
- Կիտրոնի հյութով թրջած սպունգը դրեք սառնարանում և թողեք մի քանի ժամ, այն շատ լավ կհոտազերծի սառնարանը։
- Եթե ցանկանում եք թարմացնել սենյակի օդը, ապա ջուր եռացրեք և ջրին կիտրոնի կեղև ու մեխակ ավելացրեք։
- Կամ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացրեք օդի խոնավեցման համար նախատեսված սարքերում օգտագործվող ջրի մեջ։
- Շոգ եղանակին կարելի է մի քանի կտոր սառեցրած կիտրոն դնել աղբի դույլի մեջ՝ տհաճ հոտերի տարածումը կանխելու նպատակով։
- Լիմոնը լավ միջոց է խոհանոցի տախտակները մաքրելու և ախտահանելու համար։ Տախտակի վրա խոշոր աղ լցրեք, այնուհետև մի փոքր տրորեք կիտրոնի կեղևով։
- Կահույքը փայլեցնելու համար կարող եք պատրաստել հետևյալ խառնուրդը՝ տարայի մեջ հավասար քանակությամբ լցրեք կիտրոնի յուղ, ձիթապտղի յուղ և կիտրոնի հյութ, մի փոքր ցողեք կահույքի վրա և փայլեցրեք այն անձեռոցիկի կամ կտորե լաթի օգնությամբ։
- Լիմոնի հյութը, ինչպես և քացախը շատ հարմար է ապակե մակերեսների մաքրման համար։
4․ Եթերային յուղեր – Շատ եթերային յուղեր օժտված են հակաբակտերիալ, հակասնկային, հակավիրուսային ազդեցությամբ։ Մաքրության նպատակով առավել հաճախ գործածվում են կիտրոնի, անանուխի, թեյի ծառի, նարդոսի եթերային յուղերը, որոնք կարելի է ավելացնել մաքրող միջոցներին կամ օգտագործել տան օդի թարմացման ու մանրէազերծման համար։
Ի տարբերություն սինթետիկ բույրերի, որոնք աղտոտում են օդը, եթերային յուղերը բարելավում են տարածքի օդի որակը։ Օրինակ եթե տանը բորբոսի առաջացման խնդիր կա, ապա շատ հարմար են դարչինի, կիտրոնի, ռեհանի, դափնու, անանուխի, սոճու, մայրի ծառի եթերայուղերը, որոնք ունեն հակասնկային ազդեցություն։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ