Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆուդ սիթի»-ի դեպքերից հետո Մոսկվայի իշխանություններն ավելի կոշտ օրենսդրական քայլեր պետք է ձեռնարկեին, որպեսզի վիճակը պայթունավտանգ չդառնար, բայց հիմա մենք տեսնում ենք այդ քայլերը. Արթուր Փայտյան

Հուլիս 26,2020 16:40

Aravot.am-ի հարցին՝ նախորդ գիշեր Մոսկվայում իրավապահների կողմից տեղի են ունեցել մեծ թվով ադրբեջանցիների ձերբակալություններ, արդյոք այդ գործողություններից հետո հայ-ադրբեջանական լարվածությունը Ռուսաստանի մայրաքաղաքում թուլացե՞լ է, ադրբեջանցիները հանդարտվե՞լ են, «Համազգային հայ կրթական եւ մշակութային միության» Ռուսաստանի պատասխանատու Արթուր Փայտյանը պատասխանեց, որ դրանից առաջ էլ հայ համայնքի հասարակական կառույցների 20-21 ներկայացուցիչ հանդիպել են Մոսկվայի ուժային կառույցների՝ ոստիկանապետի, նրա տեղակալի, պետանվտանգության ծառայության պետի տեղակալի եւ այլ պաշտոնյաների հետ:

Ի դեպ, նախքան հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը Մոսկվայի իրավապահների մոտ հրավիրվել են նաեւ ադրբեջանական համայքի ներկայացուցիչները: Պարոն Փայտյանն ասաց, որ Մոսկվայի իրավապահները հրահանգել են որեւէ հակաօրինական քայլ չձեռնարկել, քանի որ այն վնասում է Մոսկվա քաղաքի գործունեությանը եւ անվտանգությանը. «Այսինքն՝ այդ կոնֆլիկտը չբերեք երրորդ երկիր»:

Այդ հանդիպումից հետո, պարոն Փայտյանի խոսքով, հանդիպել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին. «Դեսպանը բավականին լուրջ աշխատանք է կատարում: Կոնֆլիկտի հենց առաջին օրվանից կապի մեջ է թե՛ Հայաստանի թե՛ Մոսկվայի իշխանությունների, ուժային կառույցների հետ: Նա կոչով դիմեց մեր հայրենակիցներին՝ չգնալ սադրանքների: Այս օրերին հայկական հասարակական բոլոր կազմակերպությունները կազմակերպում են տարբեր ձեւաչափի հավաքներ, կլոր սեղաններ, որպեսզի կարողանանք դիմակայել սադրնքներին»:

Արթուր Փայտյանի կարծիքով, ադրբեջանցիներին ուղղորդում են ոչ միայն Ռուսաստանի նրանց հայրենակիցները, այլեւ՝ Ադրբեջանի իշխանությունները: «Առանց նրանց հնարավոր չէր այդ ամենը տեղի ունենար: Ամբողջը տեսանելի է եւ մանրամասնելու կարիք չկա»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այդուհանդերձ, եկեղեցին, Հայերի միությունը, դեսպանատունը մեր հայրենակիցներին խոհեմության, հանդարտության կոչեր են անում. «Փորձում ենք ոչ միայն տեսաուղերձներով, սոցցանցերով հորդորել, որ սադրանքների չգնան, այլեւ հավաքներ ենք կազմակերպում տարբեր կազմակերպություններում եւ խոսում այդ մասին: Մեր հայրենակիցներն էլ բոլոր հնարավոր միջոցներով փորձում են պաշտպանվել ու սադրանքների չգնալ: Բայց դրությունն իրականում լարված է»:

Պարոն Փայտյանի խոսքով, Մոսկվայում հայկական եկեղեցու մոտ հավաքված երիտասարդներին նույնպես հանդարտեցրել են, որոնք գտնում էին, որ բռնությանը պետք է բռնությունով պատասխանել. «Բայց ի պատիվ իրենց, կարողացանք հանդարտեցնել, որպեսզի չգնան սադրանքների եւ այդ գործը թողնեն իրավապահներին»:
Մեր զրուցակցի խոսքով, Մոսկվայի իրավապահները, ինչպես որ հանդիպման ընթացքում ասել են, կոշտ մեթոդներով փորձում են հարցը կարգավորել:

«Նրանք ավելի շուտ պետք է այդ քայլին գնային: «Ֆուդ սիթիի» դեպքերից հետո Մոսկվայի իշխանություններն ավելի կոշտ օրենսդրական քայլեր պետք է ձեռնարկեին, որպեսզի վիճակը պայթունավտանգ չդառնար: Բայց հիմա մենք տեսնում ենք այդ քայլերը կան»,-ասաց Արթուր Փայտյանը: Նրա խոսքով տեղեկատվական այս պատերազմում կեղծ ինֆորմացիաներ էլ են շատ լինում եւ ամեն նման տեղեկատվությունը լսելիս փորձում են բոլոր աղբյուրներից, այդ թվում եւ պաշտոնական, ճշտել դրանց իսկությունը, որպեսզի նոր կոնֆլիկտի առիթ չդառնա. «Տարբեր սոցիալական հարթակներում կապի մեջ ենք մեր հայրենակիցների հետ, փորձում ենք ճշտել դրանց իսկությունը, համոզվել: Մեր հայրենակիցներին փորձում ենք զուսպ պահել, որ չգնան սադրանքների, ի վերջո կան խավեր՝ կանայք, տարեց մարդիկ, որոնք անպաշտպան են: Իսկ դա ադրբեջանցիների ձեռագիրն է՝ գտնել անպաշտպան մեկին եւ ոհմակային հոգեբանությամբ հարձակվել, խփել, մենք դրան չենք գնում, վերջիվերջո մենք նրանցից տարբերվում ենք դրանով: Բացի այդ, մեր կռիվն այստեղ չի: Մենք պետք է ավելի խոհեմ լինենք, որպեսզի կարողանանք այս փորձությունը ինչ-որ ձեւով հաղթենք»:

Արթուր Փայտյանի խոսքով, հաճախ թյուր տպավորություն կա, որ Ռուսաստանի հայկական համայնքը պառակտված է, միասնական չէ. «Բայց ընդհանուր առմամբ, եթե նայում ենք այս վերջին իրադարձություններին, ես մեկ անգամ էլ համոզվեցի, որ մենք՝ հայերս, սովորաբար, դժվար, ծանր իրավիճակներում կարող ենք համախմբվել եւ դա փաստեցին մեր հայրենակիցներն իրենց համախմբվածությամբ: Բոլորն էլ պատրաստ են գնան հանուն նրա, որ հայը չտուժի, արժանապատվությունը չտուժի: Հայաստանի Հանրապետության սահմանները անառիկ պահելու համար շատերը պատրաստ են այս պահին հետ գալու Հայաստան եւ պայքարելու: Տավուշյան դեպքերը ցույց տվեցին, որ բոլորը պատրաստ են»:

Զրույցն ամփոփելով՝ պարոն Փայտյանն ասաց․ «Այս լրջության, տագնապի, այս ամենի մեջ մենք հպարտ կանգնած ենք եւ ոչ մի խնդիր չկա: Եվ ոչ միայն այստեղ կարող ենք պահել հայի արժանապատվությունը, այլ նաեւ այն մղումը, որ կա հայ երիտասարդների, մեր սերնդի մեջ, որոնք նույնիսկ այստեղ են մեծացել, բոլորը պատրաստ են հայրենիքի համար ամեն ինչի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031