Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ռմբակոծությունները մեղմվելուց հետո աշխարհի հայության մեջ նոր անհանգստություններ առաջացրեցին ադրբեջանցի խաժամուժի կողմից Լոս Անջելեսում և Մոսկվայում բնակվող հայերի վրա վերջին օրերին կատարվող հարձակումները: Ինքնաբո՞ւխ էին դրանք, թե՝ կազմակերպված: Տրամաբանական է, որ հարձակումները կազմակերպված էին ադրբեջանական իշխանությունների կողմից, որովհետև.
- Վերը նշված հարձակումները հայերի վրա սկսեցին իրականացնել այնպիսի պետություններում, որոնք լինելով Մինսկի խմբի համանախագահ երկրներ, որոշակի լծակներ ունեն Արցախի ձգձգվող հակամարտության կարգավորման հարցում: Իր երերացող իշխանությունը մի կերպ պահպանող Ալիևն այդպիսի քայլերով այդ երկրների ղեկավարությանը փորձեց հասկացնել, որ եթե նրանք ջանքեր չգործադրեն այդ հակամարտությունն արագ կարգավորելու համար, ապա լուրջ խնդիրներ կունենան նաև իրենց պետությունների ներսում առաջացող հայ-ադրբեջանական բախումների պատճառով:
- Խաժամուժերի նշված հարձակումները տեղի ունեցան ոչ թե Արցախի, այլ Հայաստանի սահմաններում տեղի ունեցած ռազմական գործողություններից անմիջապես հետո: Դրանով Ալիևը կրկին փորձեց շրջանառել իր այն թեզը, որ առկա հակամարտությունը ոչ թե Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցով է պայմանավորված, այլ այդ ամենն, իբր, Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի պատճառով ընթացող պատերազմի արդյունք է և տվյալ հարցի կարգավորմանը պետք է մասնակցեն միայն Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, իսկ Արցախի իշխանությունն այս հակամարտության կարգավորման բանակցություններում որևէ անելիք չպետք է ունենա:
Ակնհայտ է դառնում, որ Ալիևը փորձում է փոփոխություններ մտցնել հայերի նկատմամբ հարձակումների ձևաչափում: Եթե տարիներ շարունակ նա փորձում էր միլիարդավոր դոլլարների ժամանակակից զենքեր գնելով ռազմական հաջողություններ արձանագրել ռազմաճակատի գծում, ապա Տավուշի սահմանագծում զինանձնակազմի և թանկարժեք ԱԹՍ-երի կորուստներից հասկացավ, որ իր բանակը ժամանակակից զինատեսակներից օգտվելու դժվարություններ ունի կամ էլ գնված զենքերն այնքան էլ որակյալ չեն: Համոզվելով, որ Բաքվի բազմահազարանոց ցույցից հետո ընդամենը 150 կամավորներ են զինվորագրվել Ղարաբաղում կռվելու համար և ռազմական ճանապարհով հաջողության չի կարողանում հասնել, Ալիևը փորձում է փոխել մարտավարությունը: Արդյունքում, նա ընտրում է մի քանի տասնամյակի վաղեմություն ունեցող սումգաիթյան բռնարարքների ոճը, որն իր ազգի մոտ ավելի լավ է ստացվում: Եվ քանի որ Ադբեջանում այլևս հայ չի մնացել, Ալիևը վայրագ գործողությունները պլանավորում է իրականացնել Սփյուռքի հայաշատ քաղաքներում: Այդպիսի բռնարարքներով նա նախ փորձում է լիցքաթափել երկրի ներսում կուտակված սոցիալական ու քաղաքական դժգոհությունները, լարվածության սլաքն ուղղելով երկրից դուրս՝ դեպի աշխարհասփյուռ հայերը: Երկրորդ՝ ռազմաճակատում ունեցած անհաջողություններից հետո, նա իր ազգի ռևանշիստական ագրեսիվ տականքին ինքնադրսևորվելու և հերոսանալու հնարավորություն է տալիս և իր բնակչությանը սկսում «կերակրել» այդ խաժամուժերի կատարած բռնությունների վերաբերյալ տեղեկատվությամբ: Երրորդ՝ փորձում է աշխարհի հզորների ուշադրությունը հնարավորինս շեղել Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցող ռազմական գործողություններից և կենտրոնացնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման անհրաժեշտության վրա:
Ցավոք, ադրբեջանական հարձակումների թիրախ դարձած Սփյուռքի մեր հայրենակիցների նկատմամբ այսպիսի գործողությունների ծավալումը իրենց միջավայրին ու ապրելակերպին անսովոր վտանգ է պարունակում և մենք շատ մտահոգված ենք նրանց համար: Բայց ապրիլյան և հուլիսյան պատերազմական գործողությունները ցույց տվեցին, որ անսպասելի վտանգի դեպքում հայերն արագ բռունցքվել են կարողանում և նրանց ոգին ավելի զորեղ է դառնում: Դե ինչ, հայերիս նոր տեսակի մարտահրավեր է նետվել: Խիստ անհրաժեշտ է դառնում, որ մեր հայրենիքի սահմաններն ամուր պահող հայ զինվորների հսկայածավալ գործին զուգահեռ՝ մեր Արտաքին գործերի նախարարությունն էլ իր հերթին շատ ակտիվ գործունեություն ծավալի Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար, ինչպես նաև միջազգային հարթակներում հանդես գա ադրբեջանական իշխանությունների կողմից հրահրվող վերջին վայրագությունները դատապարտող հայտարարություններով:
Գիտակցում ենք նաև, որ օտար պետություններում ապրող մեր հայրենակիցների համար որքան կարևոր է լինելու պահպանելու այն հավասարակշռված պահվածքը, որը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում լիովին ինքնապաշտպանվել իրենց վրա հարձակվող ադրբեջանցի թափթփուկ տարրերից, բայց հակահարձակման տեմպի տակ չընկնել՝ չափից ավելի «դաստիարակելով» անդաստիարակներին և դրանով խաբուսիկ տպավորություն ստեղծել, թե այդ ամենը հայ-ադրբեջանական էթնիկ խմբերի միջև երկու կողմից էլ նախաձեռնվող բախումներ են:
Կարդացեք նաև
Սփյուռքում ապրող սիրելի եղբայրներ ու քույրեր, մեր զորակցությունն ենք հայտնում Ձեզ՝ վերջին օրերին Ձեր հետ տեղի ունեցած տհաճ միջադեպերին դիմակայելու գործում, վստահ լինելով, որ համատեղ հաղթելու ենք նաև հայության դեմ սանձազերծված հերթական այս ճակատամարտում:
Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ