Aravot.am-ի տեղեկություններով, երեկ Մարալիկի շտապբուժօգնության կայանից Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել ծեծկռտուքից տուժած երեք քաղաքացու՝ Սարակապ համայնքի բնակիչներ 1960 թվականին ծնված Տ․ Ծառուկյանին, նրա որդուն՝ 1983 թվականին ծնված Ա․ Ծառուկյանին և 1993 թվականին ծնված Ա․Մ․-ին։ Վերջինս Գուսանագյուղից է, Ծառուկյանների ազգականն է։
Ինչպես տեղեկացրեցին Գյումրի բժշկական կենտրոնից, նրանց հիվանդանոց են տեղափոխել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, երեքն էլ ամբուլատոր բուժօգնություն են ստացել ու դուրս գրվել։
Տուժածների մեջ կան նաև երեխաներ, որոնց տեղափոխել են Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց։
Տ․ Ծառուկյանը նշել է, որ իր վրա հարձակվել են աշխատավայրում, նա «Գազպրոմ Արմենիա»-ում աշխատում է որպես հսկիչ, որդին և քեռու որդին էլ օգնության են հասել։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ հուլիսի 25-ին, ժամը 20․30-ին ոստիկանությունը վիճաբանության և ծեծկռտուքի վերաբերյալ հաղորդում է ստացել։ Սարակապ համայնքի 1-ին փողոցում ծեծկռտուք է եղել, որի արդյունքում մի քանի քաղաքացիներ տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն, կա նաև Ավստրիական մանկական հիվանդանոց տեղափոխված երեխա։
Վիճաբանությունը եղել է Ծառուկյանների և Մկոյանների միջև։ Դեպքի հանգամանքները պարզվում են, նշանակված են մի քանի փորձաքննություններ։
Վիճաբանության արդյունքում կոտրել են նաև «Օպել» մակնիշի մեքենայի ապակին։ Մեր տեղեկություններով, կան նաև բերման ենթարկվածներ։
Ի դեպ, Անի խոշորացված համայնքից մեզ հայտնեցին, որ այս երկու ընտանիքների միջև կա անհաշտություն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ