Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Թադևոսյան. Եթե այդ աշխատավարձով և պարգևավճարով աշխատողը համարվում է նվիրյալ, ապա ինչ ասեն ակադեմիկոսները որոնք տասնամյակներ զարգացրել են մեր գիտությունը. «Ա1+»

Հուլիս 26,2020 12:48

«Ա1+»-ի հեռախոսազրույցը Կոմիտասի անվան ազգային քառյակի առաջին ջութակահար, գեղարվեստական ղեկավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի հետ:

– Պարոն Թադևոսյան, չնայած համավարակի դժվար իրավիճակին, այս ընթացքում բավական ակտիվ գործունեություն եք ունեցել՝ Արամ Խաչատրյանի մրցույթում ժյուրիի նախագահ էիք, ուսանողների հետ էիք պարապում, նաև քառյակի փորձերն են կայացել:

– Այո, շատ թե քիչ ակտիվ եմ եղել: Սակայն, այս իրավիճակն իհարկե մշակույթի և մասնավորապես երաժշտական արվեստի վրա շատ բացասական է ազդում, և ոչ միայն կատարողական արվեստի, այլև դասավանդման որակի վրա: Մեր մասնագիտությունը թելադրում է անհատական դասեր: Պատմություն, աշխարհագրություն չի, որ խմբակային անցկացվի: Մեր դեպքում պետք է լինի անմիջական կոնտակտ, շփումը ուսուցչի հետ: Պարապել ենք իհարկե, բայց երբ լսում ես անբնական, երբեմն արձագանքող ձայն, դժվար է հասկանալ, գնահատել: Ջութակահարները դեռ ոչինչ, պատկերացնում եմ դաշնակահարների վիճակը:

Ի դեպ, հուլիսի 28-ին և 31-ին կկայանա ևս մեկ մրցույթ՝ «Հայաստանի Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի» համար, որտեղ ես նույնպես ժյուրիի կազմում եմ: Սա ամենամյա մրցույթ է, որն անցկացվում է արդեն քսան տարի: Ասեմ, որ այս մրցույթը ևս, ինչպես և շատ բաներ, փաստացի արդեն նախագահի իրավասության տակ չէ: Նախագահը պետք է ընդամենը ստորագրությամբ փաստի, որ տեղի ունեցավ մրցույթ, մասնակցեցին և հաղթեցին այսինչ մարդիկ: Ի դեպ, այս տարի երիտասարդական մրցանակը կոչվելու է Պողոսյան եղբայրների մրցանակ, քանի որ նրանք են ֆինանսավորում: Եղբայրները Շվեյցարիայում և Ֆրանսիայում ապրող գործարարներ են: Ի դեպ, եղբայրներից մեկը Սիրահարների այգին վերակառուցեց ճիշտ իր կալվածքի ձևով:

–Ի՞նչ ծրագրեր է կարողանում իրականացնել այս պայմաններում Կոմիտասի անվան ազգային քառյակը:

– Մենք փոքր կոլեկտիվ ենք: Հանդիպել ենք, միմյանցից երկու մետր հեռավորության վրա նստել ենք, փորձեր ենք արել: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը մեզ սիրով տրամադրեց համերգային դահլիճը փորձերի համար: Մի քանի օր առաջ ավարտվեց Բեթհովենի ծննդյան 250-ամյակին նվիրված ֆիլմի նկարահանումները, որտեղ մենք ընդգրկեցինք մեր մեծ հայրենակից Առնո Բաբաջանյանի՝ Շոստակովիչի հիշատակին նվիրված թիվ 3 կվարտետը, քանի որ հաջորդ տարի նշելու ենք Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը: Իհարկե, այս շոգին արդեն հնարավոր չէ փորձեր անել: Սեպտեմբերին կշարունակենք: Միգուցե բացօթյա համերգներ լինեն, տեսնենք: Բացօթյա համերգներն ունեն իրենց բացասական կողմերը: Միայն ձայնը չէ, նվագելու ժամանակ քամի կարող է բարձրանալ, նոտաներն են շուռ գալիս, և վերջապես եղանակի կտրուկ փոփոխությունները վնասակար են երաժշտական գործիքների համար: Բայց չեղածից լավ է: Ամեն ինչ հարաբերական է: Անելանելի վիճակներ չեն լինում: Լինում է մշակված մշակութային քաղաքականություն: Երբ խոսում ենք մշակույթի մասին, պետք է հասկանանք, որ դա միայն արվեստը չէ, դա և լրագրողական մշակույթն է և մարդկային հարաբերությունների մշակույթն է և դիվանագիտական մշակույթն է, և, և, և…

Դեկլարատիվ հայտարարություններին դեմ եմ, բայց պետք է հասկանանք, պետությունների հզորության աստիճանը: Ես քաղաքական գործիչ չեմ, այնուհանդերձ ինչ տեղի է ունենում իմ երկրում, չի կարող ինձ չհուզել: Օրինակ՝ Հայաստանի ազգային ժողովը որոշում է ընդունում կապված ռուսական հեռուստաալիքների հետ: Արդյո՞ք դրա ժամանակն է, կամ թե հայկական էժանագին սերիալների համար ճանապա՞րհ ենք բացում: Ասում են, որ ես հումորից զուրկ մարդ չեմ, բայց շատ հաճախ, այսպես ասած հումորային հաղորդումների ժամանակ ուզում եմ հասկանալ, թե որտեղ պետք է ծիծաղեի… Չեմ ասում խեղված հայերենի մասին՝ էթումա, արագի մեջ, հելանք, կեթաս…

– Մենք ունեցել ենք ջութակի հիանալի դպրոց, որը կայացել է ԽՍՀՄ-ի տարիներին:

– Իսկ գիտե՞ք ինչու է կայացել: Կայացել է, քանի որ մեր անվանի դասախոսներից շատերը կրթություն են ստացել Մոսկվայում, Լենինգրադում, հետո վերադարձել են այստեղ դասավանդելու: Այսօր նրանք, ցավոք կամ հեռացել են կյանքից, կամ այն տարիքում են, որ այլևս չեն դասավանդում: Այսինքն, սերնդափոխությունը վերջին մոտ երեսուն տարվա ընթացքում ինչ-որ տեղ կտրվեց: Ովքեր չդիմացան վայրիվերումներին և կարողացան արտասահմանում լավ աշխատանք գտնել՝ գնացին: Դա այն սերունդն է, որ դեռ սովորել էր անվանի պրոֆեսորների մոտ, անցել իսկական դպրոց: Դա այն սերունդն է, որն այսօր մոտավորապես 40 տարեկան է: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում ես շրջանավարտներ ունեմ և նրանցից ոչ մեկն այնտեղ աման լվացող չի աշխատում: Աշխատում են իրենց մասնագիտությամբ և շատ լավ արդյունքներ են ցույց տալիս: Չնայած, տեսեք՝ գալիս են: Նարեկը Հախնազարյան՝ գալիս է, այստեղ նվագում է, համերգներ է տալիս, վարպետության դասեր է անցկացնում: Նա այն շնորհակալ տղաներից է, ով հիշում է իր ուսուցչին: Սերգեյ Խաչատրյանն է գալիս, նվագում: Չիմացողների համար ասեմ, որ օրինակ՝ Սերգեյ Խաչատրյանն այստեղ սովորել է ընդամենը մեկ տարի, սակայն նույնպես միշտ հիշում է իր առաջին ուսուցչին, ի տարբերություն շատ-շատերի: Իսկ նրան այստեղ սովորեցրել են ընդամենը ջութակ բռնել: Հետո նա գնաց Գերմանիա: Ուղղակի շատ համեստ և գնահատող տղա է:

Ասեմ որ մեր ոլորտում ևս այսօր, քան երբևէ, տիրում է համեստության բացակայություն: Մի փոքրիկ արդյունքի են հասնում երաժիշտները, մի երկու տնական մրցույթի են մասնակցում նրանց սաները, տեղ են վերցնում և նրանք իրենց ջութակի դպրոցի հիմնադիրներ են սկսում համարել:

Մինչ օրս իմ երկու խոսքից երեքը՝ Ավետ Գաբրիելյան է և այդպես էլ կշարունակվի:

– Իսկ շնորհալի երեխաներ կա՞ն:

– Իհարկե, կան շնորհալի երեխաներ, որոնք սակայն այստեղ ապագա չեն տեսնում և աշխատում են որքան հնարավոր է վաղ Հայաստանից գնալ: Խնդիրը նրանում է, որ երաժիշտները այնպիսի նյութից են կազմված, որ պետք է հավատ ունենան իրենց ուսուցչի հանդեպ, գնահատեն նրան որպես մարդու և որպես մասնագետի: Ես նկատի չունեմ, թե ինքը զինվոր է, ես գեներալ, ասացի՝ պետք է կատարի: Աստված մի արասցե, որ մոտեցումն այդպիսին լինի: Դրա համար ևս անմիջական կոնտակտը կարևոր է:

Ի դեպ կարելի է լինել լավ երաժիշտ կատարող, սակայն չսիրել մանկավարժությունը և չապրել դրանով: Մանկավարժ լինելը ևս ի վերուստ է տրված: Մանկավարժը՝ կոչում է:

Չեմ թաքցնում, որ նյութական մասը ևս նշանակություն ունի: Ամեն մարդ չէ, որ կարող է նյութականի հանգամանքն անտեսել: Սակայն հասկանալով երկրի տնտեսական, նյութական վիճակն ու չլուծված խնդիրների բազմազանությունը, առաջարկում եմ մերձբալթյան երկրների օրինակով ծխախոտի և ոգելից խմիչքների հասույթից թեկուզ տաս տոկոսը հատկացնել մշակույթին:

Վերջերս, երբ Ալեն Սիմոնյանին հարցրեցին պարգևավճարների մասին, նա պատասխանեց, որ «գիտեք, մենք նվիրյալներ ենք, ամեն մարդ այս աշխատավարձով չի գա, այստեղ չի աշխատի»: Ասել, որ զարմանում եմ… շատ մեղմ ասված կլինի: Մեկ միլիոն դրամ աշխատավարձն իրենք քիչ են համարում, բայց դա մեր քառյակի երաժիշտների, քառյակի տնօրենի և հաշվապահի ընդհանուր մեկ ամսվա աշխատավարձն է կազմում… Եվ վերջապես, պարգևավճարը տալիս են պարբերաբար, ոչ ամեն ամիս լավագույն արդյունքի համար: Բայց մենք տեսնում ենք չէ՞ արդյունքը, թե ժողովուրդը ոնց է ապրում:

Եթե այդ աշխատավարձով և պարգևավճարով աշխատողը համարվում է նվիրյալ, ապա ինչ ասեն ակադեմիկոսները որոնք տասնամյակներ զարգացրել են մեր գիտությունը և համարվել են երկրի հպարտությունը, հայտնի ռեժիսորները, արտիստները, բժիշկները վերջապես ուսուցիչները: Այս դեպքում ովքեր են նրանք, եթե ոչ նվիրյալներ:

Սակայն իրական նվիրյալները, իմ կարծիքով Արամ Մանուկյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը, Ալեքսանդր Թամանյանը, Աղասի Խանջյանը և նրանց նմաններն էին, որ եկան ու երկիր կառուցեցին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031