Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլի ակնհայտ դինամիկան

Հուլիս 26,2020 12:00

Թավշյա հեղափոխության առաջնորդ և մեր ընտրյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է մեր երկրի ու մեր ժողովրդի ներկայիս բարդ ու դժվարին իրավիճակին հարիր ուսումնասիրություններ ու վերլուծություններ անել՝ իր այդ ուսումնասիրություններն ու վերլուծությունները համեմելով բազմիմաստ ու բազմախորհուրդ վերնագրերով ու ենթավերնագրերով:

Եթե հետևեմ վարչապետի օրինակին, կարող եմ իմ այս վերլուծությունը վերնագրել «Նիկոլ Փաշինյանի անընդհատ շարունակվող դինամիկան» կամ, ասենք, «Նիկոլ Փաշինյանի շարունակվող դինամիկան և մենք»: Եվ այլն, և այսպես՝ անվերջ ու շարունակ:
Իմ այս վերլուծություններն ու վերնագրերը կարդալով՝ կարդացողները կարող են և իրավունք ունեն մտածել թե՝ փառաբանում եմ թավշյա հեղափոխությամբ միանգամայն լեգիտիմ իշխանության եկած վարչապետին և ընդհանրապես հեղափոխությունն ու նրա կերտողներին: Եվ միանգամայն ճիշտ կանեն՝ եթե այդպես մտածեն:Մանավանդ որ՝ ինքն ու իր առաջնորդած թավշյա հեղափոխությունը հիացմունքի ու փառաբանության տեղ լիուլի թողնում են: Զանազան, ամենատարբեր առումներով:

Հենց «մեր քայլից» սկսած: Երբ իրենց «քայլով» արդեն բավական առաջացել էին, նույնիսկ այդ ժամանակ քչերն էին հավատում թավշյա հեղափոխության վերջնական հաղթանակին: Նույնիսկ հեղափոխության համակիրներն ու ջատագովներն էին՝ դժվարանում հավատալ՝ այնքան որ երազային, հեքիաթային ու անիրական էր թվում այդ հաղթանակը: Իսկ հակահեղափոխականներն ու հակաՆիկոլականները ակնհայտ քամահրանքով էին վերաբերվում հեղափոխության հաղթանակին և հեղափոխության առաջնորդի քաղաքական մոտալուտ ապագային: Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ հեղափոխության վերջնական հաղթանակին և հատկապես ու առանձնապես Փաշինյանի վարչապետ դառնալուն չէին հավատում հատկապես ու առանձնապես նախկին երկու վարչակարգերի ղեկավարները՝ իրենց կողմնակիցներով ու համակիրներով հանդերձ:

Եվ երբ թավշյա հեղափոխության հաղթանակն իրականություն դարձավ, նույնիսկ այդ ժամանակ էին նախկիններն ու հակահեղափոխականները պնդում, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա զինակիցների հաղթանակը խիստ ժամանակավոր է և չափազանց կարճ կյանք ունի:
Այդուհանդերձ, հակահեղափոխականների ու հակաՓաշինյանականների այս վստահությունը, ինքնավստահությունն ու համոզմունքը չափազանց կարճ կյանք ունեցավ, չնայած հակահեղափոխականներն ու հակաՓաշինյանականներն իրենցից կախված ամեն ինչ անում էին և հիմա էլ են ամեն ինչ անում, որ հեղափոխականների ու Փաշինյանի համար տհաճ ու անհարմար վիճակներ ստեղծեն: Եվ ստեղծում են՝ ինչքան որ ի վիճակի են: Նույնիսկ կորոնավիրուսի օրերին հեղափոխության ու Փաշինյանի հակառակորդները չկարողացան դադարեցնել իրենց հակահեղափոխական վնգստոցները, որոնք բոլորեքյան վնասակար էին երկրի ներկայիս իշխանությունների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի համար:

Ավելին. Հակահեղափոխականներն ամեն ինչ արեցին, որպեսզի Փաշինյանն ու իր իշխանությունը հնարավորինս շատ տուժեն համաճարակից: Բայց, փառք Աստծո, մեր ժողովրդի մեջ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն էլ քիչ չեն, ովքեր ամբողջ հոգով համակրում են իրենց ընտրյալ վարչապետին, ով իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի երկիրը դուրս բերի ներկայիս բարդագույն վիճակից:
Կորոնավիրուսը քիչ էր, հիմա էլ Արցախն է պատերազմի մեջ հայտնվել: Բոլոր այն առողջ ուժերը, ովքեր կորոնավիրուսի դեպքում թիկունք էին ներկայիս իշխանություններին ու անձամբ Փաշինյանին, հիմա էլ, բնականաբար, իհարկե, վարչապետի ու Արցախի իշխանություներին են նեցուկ, հասկանալով, որ եթե Հայաստանի և Արցախի իշխանությունները Ադրբեջանի դեմ պայքարում միասին ու միասնական լինեն, Արցախից մի թիզ հող չի պակասի՝ անկախ Պուտինի, Ալիևի, Մամեդյարովի և որևէ մեկի կամքից: Ոչ միայն չի պակասի, այլև կավելանա: Կյանքը, բարեբախտաբար, դա է ցույց տալիս:

Համոզված ենք, որ Նիկոլն ու Արցախի նորընտիր նախագահն ուս-ուսի դեմ կկանգնեն Ադրբեջան կոչվող կորոնավիրուսին, ու ձեռք-ձեռքի և ուս-ուսի կհաստատեն մեր միասնական երկրի փառահեղ ու նվիրական սահմանները:
Դուք, ըստ ամենայնի, գիտեիք և իմ այս վերլուծությունից հետո ավելի հստակ իմացաք, որ Նիկոլ Փաշինայնին Աստծով բաժին է ընկել քաղաքական գործչի բարդագույն կյանքն ու գործունեությունը: Իսկ որ այդ դժվարին ու բարդագույն կյանքը մեր հեղափոխության առաջնորդ ու ընտրյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց պատվով է կրում, դա արդեն դուք ինձնից լավ գիտեք:

Թող Աստված առաջիկայում ու հետագայում ևս զորավիգ լինի իրեն:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Gagik says:

    Իրականում ոչ մի բարդագույն վիճակ էլ չկա, էտ հեղափոխականների հորինած հեքիաթնա։
    Հայատանի համար սովորական առօրյա վիճակա։ Փոքրիկ ընդարում սահմանին, որ 1994-ի զինադադարից ի վեր բազմիցս եղելա։
    Ուղղակի հեղափոխականների մեծ մասին մեր պատմությունից տեղյակ չի, չգիտի պատերազմը ինչա ու մանր սահմանային միջադեպը իրենց համար մի ահավոր բանա, մի հատ երկորդական բարձունքի շուրջ մարտերն էլ քիչա մնում սարքեն Ստալինգրադի ճակատամարտը։

    Հակառակը 2018-19 -ը սովորականից շատ ավելի լավ տարիներ էին, Կարեն Կարապետյանի կառավարությունը տնտեսությանը լավ ընթացք էր տվել պլյուս ավտոներկրման բումի շնորհիվ ահագին մեծ գումարներ մտան երկիր մոտ ավելի քան 150միլիոն դոլլար միայն մաքսատուրքի տեսքով մտավ բյուջե։
    Նիկոլը ուղղակի վարպետորեն նախորդ կառավարության արածը իրան էր վերագրում։ Բայց նախորդի իներցիան վերջացավ, եկելա աշխատելու ժամանակը։
    Իսկ Նիկոլը ու իր թիմը աշխատելուն սովոր չի։

  2. Սարգիս Զեյթունյան says:

    «Թող Աստված առաջիկայում ու հետագայում ևս զորավիգ լինի իրեն:»

    ԻՇԽԱՆԸ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ
    Մի իշխան կար խիստ չար և անիրավ։ Եվ նույն քաղաքում ապրում էր մի այրի կին: Եվ իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանն ունենա խաղաղ ու երկար կյանք։
    Գնացին, ասացին իշխանին՝ քո չարության համար աղոթում է այրին։ Եվ իշխանը եկավ և ասաց.
    — Ես քեզ բարիք չեմ արել, ո՜վ կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում:
    Այրի կինն ասաց.
    — Քո հայրը վատ մարդ էր, ես անիծեցի, և նա մեռավ։ Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար։ Եվ այժմ վախենում եմ, որ մեռնես, և քո որդին քեզնից ավելի չար լինի։

  3. Քաղաքացի says:

    Հարգելի Ոսկան Երևանցի,
    շնորհակալություն Ձեր այս հոդվածի համար: Նման վերլուծությունը դասում է Ձեզ սթափ դատող, լավատես և ազնիվ մարդկանց շարքին: Պետք է կույր կամ խիստ կանխակալ լինել չտեսնելու համար իրողությունը: Այն ժառանգությունը, որը բաժին հասավ Փաշինյանին և նրա թիմին բառիս ամենալայն իմաստով՝ ավերակ երկիր, անբարո հոգեբանությամբ և խեղաթյուրված գիտակցությամբ, իսկ եթե հաշվի առնենք հասարակության սպասումները՝ այսօր և այստեղ, ապա նրանց կարելի է դասել քաղաքական մահապարտների թվին: Սակայն ի պատիվ Նիկոլի, ի պատիվ նրա անսահման համբերության, գիտակցության և հայրենասիրության, ի պատիվ նրա քաղաքական հոտառության, դիմագրավելով բոլոր փորձությունները, բոլոր վրիպումներով և սխալներով հանդերձ, ի հեճուկս զանազան չդադարող վայնասունների, կամաց-կամաց առաջ ենք շարժվում: Այդ փորձությունների միակ դրական կողմը այն է, որ նրանք ավելի մեծ անդունդ են ստեղծում Նիկոլի և այն ուժերի միջև, որոնց միակ նպատակը մաքրվել պատմության առաջ և ամենակարևորը, փրկել թալանածը, ընդորում ԱՄԵՆ ԳՆՈՎ: Նրանց բարոյական կերպարը այս օրերին ավելի ցայտուն և անհերքելի է դառնում: Որպես Հայաստանի քաղաքացի, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ: Կեցցեք: Ձեր կարծիքը կիսողները, փառք Աստուծո, քիչ չեն, դրանում վստահ եղեք: Իսկ Տավուշյան վերջին իրադարձությունները, եկել են մեզ համբերությամբ և լավատեսությամբ լցնելու դեպի մեր երկրի ապագան:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031