ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ինչպես նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հուլիսի 24-ին խնջույք տեղի չի ունեցել, եղել է պաշտոնական ընթրիք։ Այս մասին Tert.am-ի հարցին, թե ոստիկանությունն է կոչ անում պահպանել պարետի որոշումը, ինչպես է ստացվել, որ ոստիկանապետն ու ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ խնջույք են արել ռեստորաններից մեկում, պատասխանեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Նախ՝ խնջույք չի եղել, այլ պաշտոնական ընթրիք՝ Արցախի պատվիրակության ընդունելության առթիվ, և նաև ընդունելության ողջ ընթացքում խստորեն պահպանվել են անվտանգության նորմերը»,- ասաց Ջանոյանը։
Հարցին, թե ինչու է ջնջվել լրագրողի տեսանյութը, Ջանոյանն ասաց, որ դա ոստիկանապետի անվտանգության աշխատակիցներին չի վերաբերում, այլ նշված հաստատության անվտանգության աշխատակիցներին։
Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը հուլիսի 24-ին հայտնել էր, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը շուրջ 30 մեքենայով և բազմաթիվ մարդկանց հետ Կոտայքի մարզի «Ծիրանի» ռեստորանում էր:
Կարդացեք նաև
Ըստ «Հրապարակ» օրաթերթի` իրենց լրագրողը լուրը ստանալուց հետո շտապել էր նշված հասցե և նկարահանում իրականացրել. «Ոստիկանները դիմեցին ոչ օրինական քայլի. նախ մեզ մոտեցան մի քանի անվտանգության աշխատակիցներ, որոնք դուրս հանեցին մեզ ռեստորանի տարածքից, մինչ այդ էլ՝ ստիպեցին հեռացնել հեռախոսով տեսանկարահանած տեսանյութերը, թե ինչպես է Վահե Ղազարյանը մոտենում ծառայողական մեքենային»։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ էր արել իրավապահ համակարգի աշխատակիցներին չխոչընդոտել լրագրողների մասնագիտական աշխատանքը. «Նման քայլերը պետք է բացառվեն։ Սա խոսքի և տեղեկատվության ազատության դեմ իրականացված քայլ է»: