Լրահոս
Օրվա լրահոսը

Պաղպաղակ «Մարգարիտա»

Հուլիս 26,2020 14:30

Հանրահայտ «Մարգարիտա» կոկտեյլի համով այս պաղպաղակը շոգ եւ տոթ օրերին հաճելի թարմություն կպարգեւի ձեզ: Առանց հավելումների, շատ հեշտ պատրաստվող, անչափ համեղ եւ  թեթեւ այս պաղպաղակը կդառնա ձեր ամառային երեկոների հաճախակի ուղեկիցը:

Անհրաժեշտ մթերքները

Կաթնասեր (առնվազն 30 % յուղայնությամբ)-500 մլ

Թեքիլա- 3 ճաշի գդալ

Նարնջի լիկյոր (Cointreau կամ Triple sec)- 3 ճաշի գդալ (ի դեպ, եթե ուզում եք պաղպաղակը նուրբ երկնագույն երանգ ունենա, կարող եք այս լիկյորների փոխարեն վերցնել Blue curacao)

Շաքարավազ կամ շաքարի փոշի- 150 գրամ

Լայմի հյութ- 125 մլ

Պատրաստման եղանակը

Որպեսզի ստանաք համեղ եւ որակյալ պաղպաղակ, վերցրեք իրական կաթնասեր, ոչ թե բուսական հավելումներով խառնուրդ կրեմի համար, այլ հե՛նց կաթնային սերուցք: Ես սովորաբար պաղպաղակ պատրաստում եմ տնական կաթի երեսից քաշած կաթնասերով, բայց երբ հարկ է լինում մեծ քանակով պատրաստել, ապա կարելի է նաեւ խանութից գնել, միայն թե՝ իսկական սերուցք եւ ոչ թե անհասկանալի բաղադրությամբ զանգված:

Սերուցքը լավ հարեք, մինչեւ դառնա բավականին պինդ զանգված, դա մոտ 5-6 րոպե է տեւում: Հենց տեսնեք արդեն պնդացավ զանգվածը, դադարեցրեք հարելը, այլապես սերուցքը կփսորվի, այսինքն՝ կաթնասերից կարագն ու շիճուկը  կառանձնանան:

Առանձին ամանում իրար հետ խառնեք թեքիլան, նարնջի լիկյորն ու շաքարավազը: Երկու լայմի կեղեւը քերեք ամենամանր անցքերով քերիչով եւ ավելացրեք հարած սերուցքին: Այդ լայմերից քամեք ողջ հյութը: Իմ փորձից ելնելով՝ յուրաքանչյուր լայմից քամվում է լավագույն դեպքում 25 մլ հյութ: Այս պաղպաղակի համար կարող եք վերցնել 5 լայմի հյութ, բայց կարող եք նաեւ վերցնել խանութներում վաճառվող պատրաստի լայմի հյութ, որը, թերեւս, ավելի մատչելի է, քան թարմ լայմը, եւ համի առումով գրեթե չի զիջում: Ավելացրեք լայմի հյութը թեքիլային, շաքարավազին եւ լիկյորին: Լավ հարեք այս զանգվածը: Կարող եք լցնել կափարիչով տարայի մեջ եւ լավ թափահարել: Ապա քիչ քիչ ավելացրեք հարած սերուցքին եւ սիլիկոնե գդալով խառնեք, որ միաձուլվի: Պետք չի հարիչով հարել:

Ստացված զանգվածը լցրեք որեւէ հարմար տարայի մեջ՝ ապակյա կամ պլաստմասայե, որն ունի կափարիչ, եւ դրեք սառցախցիկ ամենաքիչը 3 ժամով:

Նույնիսկ մի քանի օր սառելուց հետո այս պաղպաղակի մեջ սառույցի կտորներ չեն հայտնվում եւ չի քարանում, շատ փափուկ եւ նուրբ է մնում:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031