Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում մահացել է կրթական-հասարակական ճանաչված գործիչ Աստղիկ Բաբայան-Կարապետյանը

Հուլիս 25,2020 23:21

Իրանում մահացել է կրթական-հասարակական ճանաչված գործիչ Աստղիկ Բաբայան-Կարապետյանը: Նա ավելի շատ հայտնի էր, որպես Թեհրանի հայկական «Հովհաննես Թովմասյան» երկսեռ դպրոցի բազմամյա տնօրեն, ապա նաև գրող-բանաստեղծ և միութենական կյանքի կազմակերպիչ:

Տիկին Բաբայանը ծնվել էր 1936 թվականին Իրանի Արաք քաղաքում, միջնակարգ ուսումը ստացել էր Թեհրանում, ապա բարձրագույն ուսում էր ստացել նախ Բեյրութի «Հայկազյան» քոլեջում, ապա Թեհրանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում՝ անգլերենի մասնագիտությամբ:

Աստղիկ Բաբայանը ուսուցչուհի էր, երբ 1969 թվականին ազգային բարերար Պապիկ Թովմաս Թովմասյանի հրավերով ստանձնում է նորաստեղծ «Հովհաննես Թովմասյան» հայկական երկսեռ միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը: Այս դպրոցն իր տեսակի մեջ եզակի էր իրանահայ կյանքում. անվանի բարերարն այդ շքեղ դպրոցը կառուցեց Թեհրանի արևելյան շրջանի հայաբնակ Զարքեշ-Վահիդիե թաղամասում: Դպրոցն երկսեռ էր, որն այդ օրերի համար աննախընթաց քայլ էր Իրանի կրթական կյանքում. հավաքագրված էին քաղաքի լավագույն պետական ուսուցիչներն ու հայ մասնագետները: Դպրոցի ֆինանսական բացն ամբողջությամբ հոգում էր բարերարը և կախվածություն չուներ հայ համայնքային մարմիններից:

Յուրահատուկ այդ դպրոցի կառավարման ղեկը վստահված էր մանկավարժության մեծ փորձ ունեցող Ա. Բաբայանին, որը հմտորեն կատարում էր այդ պարտականությունը: Նա այս դպրոցն ընտրած հայ ավանդապաշտ համայնքի ավելի քան յոթ հարյուր աշակերտներին և անգամ նրանց ծնողներին գիտեր անձամբ. դեռատի աղջիկների համար նա ընկերուհի էր, զրուցակից և խորհրդատու: Դպրոցի շրջանավարտները փայլում էին Իրանի կրթական, գիտական, արվեստի ու սպորտի ասպարեզներում. նրանցից ոմանք արտասահմանում մեծ նվաճումների են հասել:

Տիկին Բաբայանը «Հ. Թովմասյան» դպրոցում պաշտոնավարեց մինչև 1982 թվականը՝ երբ Իրանի նոր իշխանությունները փակեցին երկսեռ դպրոցները. այս դպրոցը հատկացվեց միայն հայ աշակերտուհիներին, իսկ իսլամ կրոնին դավանելը դարձավ դպրոց կառավարելու նախապայման: Աստղիկ Բաբայանը դրանից հետո ավելի շատ զբաղվեց մշակութային ու հասարակական գործունեությամբ:

Նա տարիներ Իրանահայ Ազգային Մշակութային Միության վարչության անդամ էր. փորձեց ընտրվել նաև երկրի խորհրդարանի պատգամավոր, բայց չհաջողեց: Ապա ընտրվեց Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Իրանի մասնաճյուղի նախագահ, որը վարեց մինչև իր մահը: Ա. Բաբայանը նաև գրող-բանաստեղծ էր և Իրանահայ Գրողների Միության պատվիրակությամբ մասնակցել էր հայ գրողների Երևանյան հավաքին: Հրատարակել է իր ստեղծագործությունների տաս գիրք և գրքույկ:

Աստղիկ Բաբայան-Կարապետյանի հուղարկավորությունը կատարվել է 21 հուլիսին Թեհրանի հայոց գերեզմանատանը՝ կրոնական հատուկ ծիսակատարությամբ: Ցավակցական պատգամ են հղել իրանահայ մշակութային, կրթական, բարեսիրական ու կանանց միությունները, համայնքային մարմիններն ու կրոնական թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը:

«Հ. Թովմասյան» դպրոցի ԱՄՆ հաստատված շրջանավարտները տարիներ առաջ մեծ հանդիսությամբ մեծարեցին իրենց սիրելի տնօրենին. նրանք այժմ ի մի են բերում այս դպրոցի աշխարհասփյուռ շրջանավարտների հնարավորությունները և պատրաստվում են Հայաստանում կատարելիք մի բարեգործությամբ հավերժացնել կրթական-հասարակական գործիչ Աստղիկ Բաբայանի հիշատակը:

Հարգանք իր հիշատակին:

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031