«Պարտեզ» ռեստորանի մոտ 2019 թվականին տեղի ունեցած միջադեպի գործով կա ոստիկանության գրություն, որ հարձակումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանն է կազմակերպել, վերջինս նախօրեին վկայի կարգավիճակով հարցաքննվել է:
Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ոստիկանության նման գրության պարագայում ինչպես է իր պաշտպանյալը վկայի կարգավիճակում, ի պատասխան փաստաբանն ասաց. «Այդ թղթերի թվագրությանը պետք է ուշադիր լինեք, այդ թղթերը շատ հին թվագրմամբ են, այսինքն` դեռևս սկզբի օրերի օպերատիվ գրություններ են, որոնք որ տրվել են օպերատիվ բլոկի կողմից, որ վարույթ իրականացնող մարմինը կարողանա այդ կապակցությամբ քննություն կատարել: Նվեր Ծառուկյանը առաջին իսկ օրը, երբ գործը հարուցվել է, հրավիրվել է հարցաքննության, հարցաքննվել է մոտ ութ ժամ, իր մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանության տարածք, ենթարկվել է փորձաքննությունների: Նվեր Ծառուկյանը ներկայացրել է իր այլուրեքությունը, իր օգտագործվող հեռախոսահամարները, վարույթ իրականացնող մարմնի կողմից բազմակողմանի քննություն է կատարվել, ու նրա առնչությունը չի հիմնավորվել: Այդ գրությունը ապացուցողական որեւէ ուժ չունի»:
Պարոն Խաչատրյանը չհերքեց, որ միջադեպը եղել է Ծառուկյաններին պատկանող անվադողերի փոխման կետում, ասաց. «Նվեր Ծառուկյանին առհասարակ չի պատկանում, պատկանում է Ծառուկյանների ընտանիքին, կոպիտ ասած, նրանք չգիտեն էլ, որ նման անվադողերի կետ ունեն, ձեռք է բերվել մի մեծ կազմակերպություն, որի մեջ մտել է նաեւ այդ փոքր անվադողերի կետը»:
Փաստաբանի խոսքով, նախօրեին իր վստահորդի հարցաքննության ժամանակ վերահաստատել են, որ միջադեպի հետ ոչ մի առնչություն չունեն:
Կարդացեք նաև
Մեր զրուցակցի խոսքով, միջադեպի մասնակիցների մեջ չկան Նվեր Ծառուկյանի մտերիմներ. «Փորձ է արվել մի քանի հոգու ներգրավել, հիմա Նվեր Ծառուկյանի անվտանգության աշխատակիցներից մեկն էլ է գործով մեղադրյալ, բայց գտնվում է ազատության մեջ: Մեր կարծիքով, բացահայտ անհիմն մեղադրանք է, բայց Ծառուկյանների կողմից որեւէ մտերիմ մարդ, ընտանիքի անդամ, աշխատակից այդ վիճաբանությանը չի մասնակցել»:
Փաստաբանը վերջում նաեւ հավելեց, որ գործում չկա որեւէ ապացույց, որը հնարավորություն կտա այս գործով իր վստահորդի կարգավիճակի փոփոխության, ներգրավելու որպես կասկածյալ կամ մեղադրյալ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Նվեր Ծառուկյանի լուսանկարը՝ ֆբ էջից