Aravot.am-ին օրեր առաջ դիմած «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները` պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվողները ահազանգել էին, որ հայտնվել են անհասկանալի վիճակում: Պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը քննում են ընդհանուր իրավասության դատարաններում եւ նիստերին պետք է ապահովեն դատապարտյալների ներկայությունը: Եթե նախկինում դատապարտված անձանց տեղափոխումը կատարում էր ոստիկանությունը, ապա ըստ դատապարտյալների` կարգ է փոխվել եւ նրանց դատարան պետք է ուղեկցեն ՔԿՀ աշխատակիցները: Սակայն վերջիններս էլ են անորոշ վիճակում ու չգիտեն ինչ անեն: Մոտ 20 օր է, ինչ ոչ մի դատապարտյալի չեն տանում դատարան։
Մենք դիմել էինք ՀՀ ոստիկանության եւ քրեակատարողական հիմնարկների լրատվական ծառայություններին, որտեղից ստացել էինք նրանց մեկնաբանությունները ուղեկցման խնդրի հետ կապված: Դիմել էինք նաեւ ՄԻՊ -ին: ՄԻՊ մամուլի պատասխանատու Նունե Հովսեփյանը փոխանցեց խնդրի հետ կապված իրենց պատասխանը. «Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմած դատապարտյալներին ՔԿՀ-ից դատարան և հակառակը տեղափոխման հարցը համակարգային խնդիր է:
Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է խնդրի վերաբերյալ բանավոր բողոքներ։ Դիմողները նշել են, որ Պաշտպանին կդիմեն նաև գրավոր բողոքներով, որոնց սահմանված կարգով ընթացք կտրվի»։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ